Ս. Գայանէ վանքում կատարուել է հոգեհանգստեան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քիւրքչեանի համար


Ս. Գայանէ վանքում կատարուել է հոգեհանգստեան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քիւրքչեանի համար

  • 15-10-2019 10:44:23   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 14-ին, Ս. Գայանէ վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, կատարուեց հոգեհանգստեան կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քիւրքչեանի հոգու խաղաղութեան եւ հանգստութեան համար: Նրա ծնողների` Մայր Աթոռի բարերարներ Սարգիս ու Աստղիկ Քիւրքչեանների եւ եղբօր` Ջորջ Քիւրքչեանի շիրիմների կողքին է ամփոփուել նաեւ Ջոն Քիւրքչեանի աճիւնը, ով միշտ սիրով ու հաւատարմութեամբ փարուած էր Հայոց Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ նախանձախնդիր էր համազգային կեանքի անդաստանների շէնացման  գործում: 
Հանգուցեալ Ջոն Քիւրքչեանի եւ Քիւրքչեան ընտանիքի բարերարութեամբ  2018 թուականի յունիսից Սուրբ Գայանէ վանքին կից գործում է նաեւ Մայր Աթոռի «Քիւրքչեան» երեխաների աջակցութեան կենտրոնը, ուր ներկայիս խնամւում են 16 սոցիալապէս անապահով եւ ծնողական խնամքից զուրկ մանուկներ եւ պատանիներ:
Հոգեհանգստեան արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռի միաբաններ ու Քիւրքճեան ընտանիքի անդամներ:
Հաւարտ արարողութեան, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնութիւնը եւ մխիթարական խօսքն ուղղեց Քիւրքչեան ընտանիքի անդամներին:
«Նրա մահը մեծ կորուստ  եղաւ մեր Սուրբ Եկեղեցու եւ ժողովրդի համար: Այս անցեալ տարուայ  ընթացքին ապրեցինք  նրա կորստի ցաւը, ինչպէս նաեւ մխիթաւեցինք նրա պայծառ յիշատակով: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմութեան վերջին  տասնամեակների  թէ՛ դժուարին եւ թէ՛ ուրախ պահերին, սիրելի  Ջոնը  բազում անգամներ իր բարերար գործունէութեամբ շէնութիւն է յաւելել ազգային-եկեղեցական մեր կեանքին ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի: Տարիներ  շարունակ   Ջոն  Քիւրքչեանը  Լոնդոնի  հայ  համայնքի  ակտիւ  անդամ  էր`  յարատեւ  իր  կարողութիւններով   աջակցելով  եկեղեցու առաքելութեանը։ Քիւրքչեան  ընտանիքի  առատ  նուիրատուութիւնների   շնորհիւ իրագործուած  մի  շարք  ծրագրեր  այսօր  իրապէս  տալիս  են  իրենց  օգտակար  պտուղները`  օրհնութիւն  դառնալով   շատերի  կեանքում եւ  զարդարելով բարերար  ընտանիքի յիշատակը։ Այսօր  վերստին  առիթ ունենք մատուցելու  մեր  սրտագին  գոհունակութիւնը  առ  Աստուած  Ջոն Քիւրքչեանի  կեանքի  եւ  վաստակի համար,  որպէս  սիրող  ամուսին, հայր, եղբայր  եւ  հօրեղբայր,  ում  յիշատակը  կը լինի  յաւիտենապէս օրհնեալ։ 
…Երկրաւոր իր ընթացքն աւարտելով՝ նա փոխադրուեց յաւէրժութիւն, որտեղ Տէրը, Իր անգին խոստման համաձայն, յաւիտենական կեանքի երանութիւնն է պարգեւում Իր հաւատարիմ  զաւակներին։ Ի խորոց սրտի հայցում ենք, որ Ողորմածն Աստուած երկնային բարձունքներում յաւիտենական երանութեան մէջ հանգչեցնի Իր երախտարժան զաւակի՝ Ջոն Քիւրքչեանի հոգին, եւ Սուրբ Հոգու մխիթարութիւն  պարգեւի ազնուափայլ  տիկնոջը՝  սիրելի  Քրիստինային, զաւակներին, զարմուհուն  ու բոլոր վշտացեալ հարազատներին, եւ մեզ ամէնքիս», - մասնաւորապէս ասաց Վեհափառ Հայրապետը` հայցելով  Ամենագութն Աստծուն, որ երկնից լուսեղէն հանգրուաններում խաղաղութեամբ հանգչի հոգելոյս Ջոն Քիւրքչեանը իր  սիրեցեալ  ծնողների  եւ  եղբօր հետ միասին: 
 
  -   Մամլո հաղորդագրություն