Գերագոյն հոգեւոր խորհուրդը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը


Գերագոյն հոգեւոր խորհուրդը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը

  • 30-10-2019 12:31:53   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովում անդրադարձ կատարուեց հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ բանաձեւի ընդունման փաստին:
 
Գերագոյն հոգեւոր խորհուրդը, ողջունելով բանաձեւի ընդունումը, այն դիտարկեց որպէս կարեւոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարութիւնը վերականգնելու եւ ցեղասպանութեան մեր սուրբ նահատակների խնկելի յիշատակը յարգելու համատեքստում:
 
Այս կապակցութեամբ ԳՀԽ անդամները նաեւ իրենց գնահատանքն արտայայտեցին բոլոր այն կազմակերպութիւններին ու անհատներին, որոնց անխոնջ ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրում հասնել կարեւոր այս հանգրուանին: 
 
Արտայայտելով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի երախտագէտ զգացումները` Գերագոյն հոգեւոր խորհուրդը յոյս յայտնեց, որ Ամերիկայի Միացեալ Նահանգների իշխանութիւնները եւ բարեսէր ժողովուրդը նոյն արդարամտութեամբ կը շարունակեն ջանքեր ներդնել` յանուն Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ աշխարհում նման ոճրագործութիւնների կանխարգելման:
 

 
  -   Մամլո հաղորդագրություն