ՀԲԸՄ Մոնդեւիդէոյի «Կռունկ» երգչախումբը այցելեց ՀՀ Սփիւռքի նախարարութիւն


ՀԲԸՄ Մոնդեւիդէոյի «Կռունկ» երգչախումբը այցելեց ՀՀ Սփիւռքի նախարարութիւն

  • 22-04-2011 16:21:31   | Հայաստան  |  Մշակոյթ
Ապրիլի 22-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւն այցելեց ՀԲԸՄ Մոնդեւիդէոյի (Ուրուգուայ) «Կռունկ» երգչախումբը: 1993թ. հիմնադրուած, 20-75 տարեկան 35 մարդուց բաղկացած երգչախումբը ղեկավարում է Ալվարոյ Յակոբեանը, ով հանդիսանում է նաեւ Մոնդեւիդէոյի ֆիլհարմոնիկ նուագախմբի ղեկավարը: «Կռունկ» երգչախմբի երգացանկում ընդգրկուած են հայկական ժողովրդական եւ աշուղական երգեր: Ողջունելով երգչախմբի այցը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը ներկայացրեց նախարարութեան գործունէութեան հիմնական ուղղութիւններն ու առաջիկայ ծրագրերը` ուղղուած Սփիւռքում հայապահպանութեան, մասնագիտական ներուժի համախմբման եւ հայրենադարձութեան խնդիներին: Հ.Յակոբեանն անդրադարձաւ «Հարաւային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցութեան» ծրագրի շրջանակներում իրականացուող աշխատանքներին, որոնց նպատակն է օժանդակել տարածաշրջանի հայութեան հայեցի կրթութեանն ու դաստիարակութեանը: Նախարարն ընդգծեց հայ համայնքի մեծ դերակատարութիւնն Ուրուգուայի կողմից առաջինն աշխարհում Հայոց Ցեղասպանութեան փաստը ճանաչելու եւ այն դատապարտելու գործում: Հ.Յակոբեանը շեշտեց համահայկական կարեւորագոյն հիմնախնդիրների լուծման գործում Հայրենիքի եւ Սփիւռքի միասնականութեան անհրաժեշտութիւնը: Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, երգչախմբի անդամներն արտայայտեցին իրենց ոգեւորութիւնը Հայրենիքում գտնուելու կապակցութեամբ եւ պատրաստակամութիւն յայտնեցին բոլոր հնարաւոր միջոցներով աջակցել Հայրենիքից հեռու իրենց համայնքում հայկական ազգային աւանդոյթները, լեզուն եւ մշակոյթը պահպանելուն ուղղուած ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերի իրականացմանը: Ապրիլի 26-ին Երեւանի «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում (Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում) եւ ապրիլի 28-ին Գիւմրիի Արուեստների ակադեմիայի համերգասրահում ՀՀ սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ տեղի կ'ունենան «Կռունկի»բի համերգները: Երգչախմբի հիւրախաղերը մաս են կազմում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակին նուիրուած միջոցառումների:
  -   Մշակոյթ