Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի, յաճախ մարդկանց պէտք է պաշտպանել դատարաններից
22-04-2011 15:24:34 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Ստանձնելով մարտի 3-ին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնը, Կարէն Անդրէասեանը յայտարարել էր, որ պահպանելու է 50-օրեայ լռութիւն, եւ լրատուամիջոցներին խնդրել էր այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելոյթներ եւ մեկնաբանութիւններ: Այս շաբաթ լրանում է կատարուած աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշուած ժամանակահատուածը, ուստի Պաշտպանն անցնում է առաւել հրապարակային եւ թափանցիկ գործունէութեան, որի հիմքում լինելու է հասարակութեանը պարբերաբար հաշուետուութիւններ ներկայացնելու սկզբունքը:
Ապրիլի 22-ին Կ.Անդրէասեանը ներկայացրել է իր դիտարկումները դատական համակարգի
վերաբերեալ։
«Դատարանները կոչուած են պաշտպանել մարդկանց իրաւունքները պետական մարմիններից, մասնաւոր ընկերութիւններից եւ այլ մարդկանցից, մինչդեռ յաճախ մարդկանց պէտք է պաշտպանել դատարաններից: 2010 թուականին արդար դատաքննութեան իրաւունքի պաշտպանութեան խնդրանքով Պաշտպանին հասցէագրուած դիմումները կազմել են բողոքների ընդհանուր թուի շուրջ 40%-ը: Օրէնքով իմ լիազօրութիւնն է մարդկանց պաշտպանել բոլոր պետական մարմիններից, բացառութեամբ դատարաններից:
Առանձին դատաւորների անարդարութեան, դատական իշխանութեան բարձրագոյն ղեկավարութեան ակնյայտ թերացումների եւ դատական համակարգի անկատարութեան պայմաններում մարդիկ կորցնում են արդարութեան զգացումն ու, որպէս դրա հետեւանք, ծայրայեղ հիասթափւում պետական բոլոր ինստիտուտներից:
Միջազգային կազմակերպութիւնների եւ տաբէր փորձագէտների գործուն ջանքերով ՀՀ Սահմանադրութեան մէջ ամրագրուեց այն մօտեցումը, որ դատական համակարգը բացարձակ անկախ լինի բոլորից եւ ամէն ինչից: Այնինչ դատական անկախութիւն նշանակում է արդարամիտ եւ բարեխիղճ դատաւորի ազատութիւն ամէն տեսակ ճնշումներից, այլ ոչ թէ դատական համակարգի անպատասխանատու մեկուսացում եւ սեփական արատների մէջ բիւրեղացում:
Այսօր, ըստ օրէնքի, դատաւորի նկատմամբ վերահսկողութիւն իրականացնում է կամ վերադաս դատարանը կամ մեծամասամբ դատաւորներից կազմուած Արդարադատութեան խորհուրդը: Այսօր, իմ խորին համոզմամբ, դատաւորն անկախ չէ որպէս անհատ, քանի որ կարող է ճնշման ենթարկուել դատական իշխանութեան բարձրագոյն ղեկավարութեան կողմից: Այսօր այդ ղեկավարութիւնը հաշուետու եւ պատասխանատու չէ հանրութեան առաջ, քանի որ չկան իրաւական մեխանիզմներ դատական համակարգի իրաւաչափ վերահսկողութեան համար:
Ներպետական դատական համակարգում եղած անարդարութեան զսպման հնարաւոր իրական եւ իրաւական միակ մեխանիզմը Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն է, ինչի մասին վկայում է այս ատեանին ուղղուող դիմումների քանակի էական աճը:
Դատական համակարգի նկատմամբ իրաւաչափ վերահսկողութեան երաշխիք կարող էր դառնալ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների ներգրաւմամբ Արդարադատութեան խորհրդի կազմի ընդլայնումը, որպէսզի դատաւոր անդամները խորհրդում չկազմէին մեծամասնութիւն: Այս լուծումը, նոյնիսկ եթէ ընդունուի հասարակութեան եւ քաղաքական ուժերի կողմից, պահանջում է ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւն, ինչն ինքնին երկարատեւ ու բարդ գործընթաց է:
Իմ լիազօրութիւնները դատական համակարգում չափազանց սահմանափակ են: Ես չեմ կարող միջամտել ոչ մի խնդրի, որը ենթակայ է դատարանի կողմից քննութեան: Ես չեմ կարող նոյնիսկ գնահատական տալ որեւէ գործի, երբ այն գտնւում է դատարանի վարոյթում: Արդար դատաքննութեան իրաւունքի պաշտպանութեան համար 2011 թուականի յունուարից օրէնքով ինձ տրուել է միայն մէկ լիազօրութիւն, այն է` երբ գործը դատարանում վերջնական աւարտուել է, եւ այլեւս հնարաւոր չէ որեւէ կերպ ազդել մարդու տուեալ իրաւունքի պաշտպանութեան վրայ, Պաշտպանը կարող է Արդարադատութեան խորհրդին հաղորդել դատաւորի կողմից թոյլ տրուած ապօրինութեան մասին, ինչի հետեւանքով դատաւորին կարող են ենթարկել պատասխանատուութեան, ընդհուպ մինչեւ` ազատել զբաղեցրած պաշտօնից:
Արդէն աւարտուած գործով Պաշտպանին դիմելու հետեւողականութիւն կարող են դրսեւորել միայն քաղաքացիական ակտիւ դիրքորոշմամբ եւ բարձր իրաւագիտակցութեամբ օժտուած անձինք, այդ թւում` փաստաբանները: Երբ փաստաբանները դատական սխալի կամ անարդարութեան պատճառով պարտւում են առանձին գործով, իրենք շահագրգիռ են շարունակել պայքարը` ապագայում նման գործերով արդարութեան հաստատման նպատակով: Հաշուի առնելով հէնց այս հանգամանքը` 2011 թուականի մայիսի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ նախաձեռնել եմ արդար դատաքննութեան իրաւունքի պաշտպանութեան ֆորում, որի ընթացքում կը ներկայացնեմ իմ կոնկրէտ առաջարկները եւ քայլերը դատական համակարգի յետագայ բարեփոխման եւ զարգացման համար»:
ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեան