Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

  • 03-12-2019 13:46:59   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Հնդկաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Կ'իշան Դան Դեւալին: 
Ողջունելով դեսպանին՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ երկու ժողովուրդների բարեկամական պատմական յարաբերութիւններին՝ ընդգծելով, որ դրա լաւագոյն վկայութիւնը Հնդկաստանում առկայ հայկական եկեղեցիներն են եւ, թէեւ թուաքանակով փոքր, սակայն ակտիւ հայ համայնքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապէս կարեւորեց նաեւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունէութիւնը եւ առաքելութիւնը՝ նշելով, որ այն իւրօրինակ կամուրջ է հանդիսանում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների սերտացման գործընթացում: Նորին Սրբութիւնը նաեւ գնահատեց բոլոր այն ջանքերը, որ երկու երկրների կողմից գործադրւում են տարբեր ոլորտներում համագործակցութեան ընդլայնման ուղղութեամբ:
 
Դեսպանն իր խօսքում անդրադարձ կատարեց Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ ձեւաւորուած պատմական առնչութիւններին, հայերի պատմական ներկայութեանը Հնդկաստանում եւ նրանց թողած ազդեցութեանը յատկապէս Հնդկաստանի կրթական ոլորտի վրայ, որը շարունակւում է մինչ այսօր:  նայ խօսեց նաեւ հայ-հնդկական քաղաքական յարաբերութիւնների եւ առաջիկայ ծրագրերի մասին։
 
Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը դեսպանից հետաքրքրուեց Հայաստանում հնդկական համայնքի կեանքով, մասնաւորապէս ՀՀ բուհերում ուսանող հնդիկ երիտասարդներով: Անդրադարձ կատարուեց դեսպանատան կողմից Հայաստանում իրականացուող տարբեր ծրագրերին, ինչպէս նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կալկաթայի Սուրբ Նազարէթ եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Կալկաթայում իրականացուող  հայրենիքի պաշտպանութեան համար ռազմական գործողութիւնների հետեւանքով հաշմանդամութիւն ստացած զինուորականների վերջոյթների պրոթեզաւորման եւ բուժման ծրագրին:
 
Վերջում Հայոց Հովուապետը դեսպանում մաղթեց արդիւնաշատ առաքելութիւն Հայաստանում:

 
  -   Մամլո հաղորդագրություն