Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին
10-12-2019 13:11:22 | | Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Կորնել Իոնեսկուին:
Իր օրհնութիւնն ու բարեմաղթանքերը բերելով նորանշանակ դեսպանին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձաւ երկու երկրների ու ժողովուրդների ջերմ եւ սերտ յարաբերութիւններին, ինչը վկայուած է նաեւ Ռումինիայում շուրջ հազար տարուայ պատմութիւն ունեցող հայկական ժառանգութեան առկայութեամբ:
Հայ-ռումինական յարաբերութիւնների սերտացման, խորացման եւ համագործակցութեան ընդլայնման գործում Նորին Սրբութիւնը կարեւորեց Ռումինիայի հայ համայնքի դերակատարութիւնը: Վեհափառ Հայրապետը նաեւ խօսեց Ռումինիայի եւ ռումին ժողովրդի հանդէպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանձնայատուկ ջերմութեան մասին, ինչը պայմանաւորուած էր երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձով եւ գործունէութեամբ:
Շնորհակալութիւն յայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնութեան եւ բարեմաղթանքերի համար՝ պրն. Կորնել Իոնեսկուն հաւաստիացրեց, որ իբրեւ դեսպան իր ջանքերը կներդնի հայ-ռումինական յարաբերութիւնների առաւել ամրապնդման համար: Դեսպանը անդրադարձաւ նաեւ Ռումինիայի հայ համայնքի եւ Ռումինիայի հայոց թեմի կեանքին` ընդգծելով տարբեր ժողովուրդների ազգային ինքնութեան եւ մշակութային ժառանգութեան պահպանմանն ի նպաստ Ռւոմինիայի իշխանութիւնների կողմից դրսեւորուող հոգատարութիւնը:
Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետն իր եղբայրական ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիէլ Պատրիարքին` նորանշանակ դեսպանին մաղթելով, որ Աստուած ուղեկից լինի վերջինիս իր առաքելութեան արդիւնաւորման համար: