Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատուիրակութեանը
16-12-2019 15:49:54 | | Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատուիրակութեանը՝ գլխաւորութեամբ թանգարանի ցուցահանդէսների գլխաւոր համակարգող Ջեֆրի Քլոհայի: Սա պատուիրակութեան երկրորդ այցն էր Սուրբ Էջմիածին: Թանգարանը 2021 թուականին ծրագրում է կազմակերպել ցուցահանդէս «Աստծոյ շունչը» խորագրի ներքոյ` նուիրուած հայկական Աստուածաշնչին եւ հայոց եկեղեցական արուեստին:
Զրոյցի ընթացքում հիւրերը Նորին Սրբութեանը տեղեկութիւններ փոխանցեցին ցուցահանդէսի կազմակերպական աշխատանքների ընթացքի եւ անհրաժեշտ ցուցանմուշների շուրջ ձեռք բերուող պայմանաւորուածութիւնների վերաբերեալ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Սուրբ Գրքի թանգարանի նախաձեռնութիւնը, իր գնահատանքը յայտնեց կատարուած նախապատրաստական աշխատանքների կապակցութեամբ: Նորին Սրբութիւնը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատրաստակամութիւնը` զօրակցելու նախագծի իրականացմանը եւ Սուրբ Էջմիածնում պահուող որոշ ձեռագիր ու տպագիր Աստուածաշնչերի եւ թանգարանային սրբազան արժէքների տրամադրմամբ հարստացնելու ցուցահանդէսը:
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Մայր Աթոռի Թանգարանների ու արխիւի բաժնի տնօրէն Տ. Ասողիկ աբեղայ Կարապետեանը: