Ընդունելութիւններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ընդունելութիւններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 16-12-2019 16:47:22   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ընտանիքի տարուայ շրջանակներում դեկտեմբերի 14-ին եւ 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում հիւրընկալեց բազմազաւակ ընտանիքների Մասիս քաղաքից` ուղեկցութեամբ հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Արարատ քահանայ Օրդոյեանի (Արարատեան Հայրապետական թեմ), եւ Արմաւիր քաղաքից ու շրջակայ համայնքներից` առաջնորդութեամբ Արժանապատիւ Տ. Արտակ աւագ քահանայ Սիմոնեանի (Արմաւիրի թեմ):
 
Իր հոգու բերկրանքն արտայայտելով բազմազաւակ ընտանիքների` ամենայն հայոց հոգեւոր կենտրոն այցերի առիթով` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց ուխտագնացութեան մեծահասակ եւ կրտսեր մասնակիցներին:
 
Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ 2019 թուականը հռչակել է «Ընտանիքի տարի», որպէսզի անդրադարձ կատարուի այն արժէքներին, որոնցով հայ ընտանիքը ամուր եւ հզօր է: Ըստ Հայոց Հայրապետի՝ այդ արժէքները կարելի է ամբողջացնել երկու կարեւորագոյն՝ աստուածսիրութիւն եւ հայրենասիրութիւն գաղափարների մէջ, որոնց վրայ խարսխուած իւրաքանչիւր ընտանիքում կգերակայէն սէրը, փոխադարձ յարգանքն ու համերաշխութեան ոգին: 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ Սուրբ Աջը մշտապէս հովանի լինի հայ ընտանիքներին, որպէսզի ապրեն Աստծոյ օրհնութեան ու լիութեան մէջ:
 
Դեկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նաեւ Մինի ֆուտբոլի 16-րդ միջազգային մրցաշարում (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ) յաղթանակած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքոյ գործող «Քիւրքչեան» երեխաների աջակցութեան կենտրոնի եւ ՍՕՍ մանկական գիւղերի հաւաքական թիմին՝ մարզիչ Անդրանիկ Ղահրամանեանի, «Քիւրքչեան» կենտրոնի տնօրէն Արամ Մկրտիչեանի եւ ՍՕՍ մանկական գիւղերի ներկայացուցիչ Ռուբիկ Փաշինեանի ուղեկցութեամբ:
 
Նորին Սրբութիւնը, իր ուրախութիւնը յայտնելով արձանագրուած յաղթանակի կապակցութեամբ, շնորհաւորեց պատանիներին այս նշանակալի ձեռքբերման առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց տարբեր ոլորտներում միասնական ոգու դրսեւորումը, որի շնորհիւ միայն հնարաւոր է հասնել յաջողութեան, նաեւ փաստեց, որ պատանիների յաղթանակը վկայում է աջակցութեան կենտրոններում իրականացուող լաւ աշխատանքի մասին:
Վերջում Հայոց Հովուապետն իր գնահատանքը յայտնեց մարզչին եւ պատասխանատուներին, իսկ երիտասարդ մարզիկներին մաղթեց նորանոր յաջողութիւններ: 
 
«Քիւրքչեան» երեխաների աջակցութեան կենտրոնում այսօր խնամւում եւ կրթւում են 15 պատանիներ:
 
  -   Մամլո հաղորդագրություն