Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շիրակի թեմի առաջնորդին եւ ներկայացուցիչներին
25-12-2019 16:20:42 | | Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի գլխաւորած պատուիրակութեանը, որի կազմում էին մարզային եւ քաղաքային իշխանութիւնների, թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը Միքայէլ Սրբազանին յանձնեց արքութեան պատուի Հայրապետական սրբատառ կոնդակը: Դեռեւս ս. թ. փետրուարի 26-ին` Սուրբ Ղեւոնդեանց քահանաների տօնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սրբազանին շնորհուել էր արքութեան պատիւ` Հայոց Եկեղեցու անդաստանում անմնացորդ ծառայութեան եւ տարիների վաստակի համար:
Հանդիպումն սկսուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով: Ողջունելով Գիւմրու եւ Շիրակի հաւատաւոր հայորդիների ներկայութիւնը` Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ առաջնորդ Միքայէլ Սրբազանի կեանքին եւ Հայ Եկեղեցու անդաստանում նրա բազմամեայ բեղուն գործունէութեանը: Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Միքայէլ Սրբազանն իր առաջնորդական ծառայութեան ընթացքում ծաւալել է արդիւնաւոր գործունէութիւն թեմի քարոզչական, կրթական եւ եկեղեցաշինական ոլորտներում: Հայոց Հովուապետը հաստատեց, որ Միքայէլ արքեպիսկոպոսը հովուի եւ առաջնորդի բարձր գիտակցութեամբ եղել է թեմի բոլոր` գործող եւ չգործող, կանգուն եւ խոնարհուած եկեղեցիներում՝ աղօթքի մէկտեղելով հայորդիներին եւ լծուելով սրբավայրերի շուրջ հոգեւոր կեանքի աշխուժացման առաքելութեանը:
Նորին Սրբութիւնը նաեւ նշեց, որ շիրակցիների հետ շփումների ժամանակ ականատեսն է եղել հոգեւոր եւ ազգային արժէքների նկատմամբ նրանց նախանձախնդրութեանը, խորը հաւատքին, հոգեւորականների հանդէպ պահանջկոտութեանը: Հայոց Հայրապետը շիրակցիներին մաղթեց Սուրբ Հոգու առաջնորդութիւնը եկեղեցաշէն, հայրենաշեն եւ ազգանուէր առաքելութեան մէջ:
Այնուհետեւ Մայր Աթոռի Դիւանատան Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Պարոյր քահանայ Աւետիսեանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որում մասնաւորապէս ասուած է.
«Սիրելի Սրբազան, Մայր Աթոռիս Հոգևոր ճեմարանում ամբողջացնելով հոգևոր Ձեր ուսումնառութիւնը, շուրջ երեք տասնամեակ առաջ Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև մարմնի ու հոգու ծնրադրութեամբ ուխտ կնքեցիք Բարձրեալ Տիրոջ հետ՝ որպէս կուսակրօն եկեղեցական Ձեր կարողութիւններն անձնուիրաբար ի սպաս բերելու Կենաց Խօսքի քարոզչութեանը:
Երջանկայիշատակ Վազգէն Ա Հայրապետի տնօրինութեամբ ծառայութեան կոչուեցիք Եղեգնաձորի Սբ. Խաչ և Գանձասարի Սբ. Յովհաննէս Մկրտիչ պատմական վանքերում, ապայ տարբեր յանձնառութիւններ ստանձնեցիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ամենայն նախանձախնդրութեամբ իրականացնելով Ձեր առաքելութիւնը և հոգևոր սնունդ ջամբելով մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին:
Ձեր եկեղեցանուէր վաստակի բարձր գնահատանքով Մենք Ձեզ կոչեցինք Շիրակի Թեմի Առաջնորդի պաշտօնին և արժանացրեցինք եպիսկոպոսութեան բարձր կոչման, վստահութեամբ, որ նոր ու առաւել պատասխանատու յանգամանքի մէջ պիտի յաջողէք մշտարթուն ծառայութեամբ յաւելել պայծառութիւնը մեր Սուրբ Եկեղեցու: Մենք ուրախ ենք մեծապէս, որ Ձեր առաջնորդութեան տարիներին Թեմում համալրուել է հոգևոր դասը, կառուցուել ու նորոգուել են բազում եկեղեցիներ, ընդլայնուել է քարոզչական գործունէութիւնը՝ ի նպաստ Շիրակ աշխարհի Մեր սիրեցեալ զաւակների հոգևոր կեանքի նորոգութեան»:
Հայրապետական կոնդակի հրապարակումից յետոյ Նորին Սրբութիւնն այն փոխանցեց Միքայէլ Սրբազանին, ինչպէս նաեւ այս առիթով Սրբազանին ընծայաբերեց եպիսկոպոսական պանակէ:
Հանդիպմանը ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից հրապարակուեց Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմէն Սարգսեանի շնորհաւորական ուղերձը Միքայէլ Սրբազանի առաջնորդութեան 20-ամեակի եւ արքութեան պատուի արժանանալու առիթով:
Ապա երախտագիտութեան խօսքով հանդէս եկաւ Շիրակի թեմի առաջնորդ Սրբազանը: Միքայէլ արքեպիսկոպոսը, իր շնորհակալութիւնը յայտնելով Նորին Սրբութեանն արքութեան պատուին արժանացնելու համար, ընդգծեց, որ այս հանգրուանն առիթ է նորոգելու իր ուխտն Աստծոյ, Հայ Եկեղեցու, հայրենիքի, Մայր Աթոռի եւ նրա գահակալի հանդէպ: Առաջնորդ Սրբազանը նշեց նաեւ, որ արքութեան աստիճանի շնորհումն առաւել պարտաւորեցնում է իրեն ամենայն նախանձախնդրութեամբ շարունակելու իր հոգեւոր ծառայութիւնը տիրախնամ Շիրակի թեմին, նրա հաւատաւոր զաւակներին եւ հայրենիքին: Սրբազանը անդրադարձաւ նաեւ ապագայի ծրագրերին, որոնց թւում կարեւորութեամբ ընդգծեց 2020 թուականին թեմի 100-ամեակի տօնախմբման միջոցառումները:
Ուրախալի այս առիթով իրենց սրտի խօսքն ասացին նաեւ Շիրակից ժամանած հայորդիները` վերստին Միքայէլ արքեպիսկոպոսին ուղղելով շնորհաւորական բարեմաղթանքները: