Ամանորեայ հանդիսութիւն Մայր Աթոռում յատուկ կարիքներով երեխաների համար


Ամանորեայ հանդիսութիւն Մայր Աթոռում յատուկ կարիքներով երեխաների համար

  • 26-12-2019 17:17:36   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 25-ի երեկոյեան, հրաւէրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Արեւներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցութեան կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլեան» մանկատան յատուկ կարիքաւոր երեխաները, «Ջերմիկ անկիւն» կազմակերպութեան 18 տարին լրացած մտաւոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամները եւ Արգաւանդի Ս. Սարգիս եկեղեցու հովանու ներքոյ գտնուող անապահով ընտանիքների զաւակները` գլխաւորութեամբ Արարատեան Հայրապետական թեմի հոգեւոր սպասաւորներ Արժանապատիւ Տ. Գրիգոր քահանայ Յովհաննիսեանի եւ Տ. Գրիգոր քահանայ Գրիգորեանի:
Թուով շուրջ 250 մանուկների ու պատանիների եւ նրանց ծնողների ու խնամակալների այցելութեան կապակցութեամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակն ու «Հրաչ եւ Սյուզան Թուֆայեան» Հայորդեաց տունը կազմակերպել էին հանդիսութիւն, որին ներկայ գտնուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կիսելով երեխաների ուրախութիւնը: 
Հանդիսութեան աւարտին Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Մարկոս քահանայ Մանգասարեանը, Տ. Գրիգոր քահանայ Յովհաննիսեանը եւ Տ. Գրիգոր քահանայ Գրիգորեանն իրենց խորին երախտագիտութիւնը յայտնեցին Հայոց Հայրապետին` յատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների նկատմամբ ցուցաբերուող հոգատար վերաբերմունքի եւ հոգենորոգ տօների առիթով նրանց ուրախութիւն պարգեւելու համար: «Արեւներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցութեան կենտրոնի պատասխանատու Գրիգոր քահանան մասնաւոր շնորհակալութիւն յայտնեց Նորին Սրբութեանը` հանդիսութեան մասնակիցներին տեղեկացնելով, որ վերջերս Մայր Աթոռի կողմից Երեւան քաղաքում անհրաժեշտ տարածք է յատկացուել կենտրոնի գործունէութեան համար: 
Այնուհետեւ ներկաներին իր հայրական օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհաւորելով գալիս տօների առիթով եւ մաղթելով լաւատեսական ոգով հայեացքը ուղղել դէպի նոր տարին` հաւատքով, որ Աստուած Իր առատ օրհնութիւնները կը հեղի նրանց կեանքից ներս:
«Այս գեղեցիկ առիթով կ'ուզեմ իմ գնահատանքի խօսքն արտայայտել այն ծնողներին ու խնամակալներին, որոնք սիրով, յանձնառութեամբ, զոհոբերութեան ոգով եւ բարձր գիտակցութեամբ ամէն ջանք ի գործ են դնում, որ մեր զաւակներին ուրախութիւն պարգեւեն եւ լիարժէք կեանքի մասնակից դարձնեն նրանց», - ասաց Նորին Սրբութիւնը՝ կարեւորելով նման կարիքներ ունեցող երեխաների հետ տարուող աշխատանքը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ուղղեց քահանայ հայերին, որոնց իրենց հովուական առաքելութեան մէջ մասնաւոր ուշադրութիւն են դարձնում յատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների նկատմամբ՝ իրենց աշխատանքով ջանալով զօրացնել նրանց հաւատը եւ լաւատեսութեան ոգին: Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնը բերեց նաեւ գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին համար:
Բարի Ամանոր մաղթելով բոլոր մանուկներին, ներկայ ծնողներին ու ընտանիքներին` Հայոց Հովուապետը հայցեց Երկնաւոր Տիրոջից, որ Սուրբ Ծննդեան շնորհները զարդարեն նրանց կեանքի ընթացքը եւ շարունակեն ապրել Աստծով զօրացած: «Իմացէք, որ Եկեղեցին ձեր կողքին է եւ ձեզ հետ է: Ձեր քայլերը միշտ ուղղէք դէպի եկեղեցի, որտեղ օրհնութիւնն է, որտեղ հրաշքն է գործում Աստծոյ միջոցով եւ հաւատքի զօրութեամբ: Վստահ ենք, որ Աստուած ձեր կեանքում նոյնպէս այդ հրաշքները պիտի կատարի», - պատգամեց Հայոց Հայրապետը:
Հանդիսութիւնից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնութիւնը բաշխեց իւրաքանչիւր մանուկին:

 
  -   Մամլո հաղորդագրություն