Մայր աթոռում նշվել է Տեառնընդառաջի տոնը


Մայր աթոռում նշվել է Տեառնընդառաջի տոնը

  • 14-02-2020 18:15:02   |   |  Մամլո հաղորդագրություն

Նշուեց Տեառնընդառաջի տօնը
 
Փետրուարի 14-ին 40-օրեայ մարդեղացեալ Աստուածորդու՝ մանուկ Յիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տօնին` Տեառնընդառաջին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Ս. Գայանէ վանքում։   Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը: 
 
Ս. Պատարագի իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տօնի խորհրդին՝ մասնաւորաբար նշելով. «Այսօրուայ սուրբգրային մեր ընթերցումները հետաքրքիր կերպով ներկայացնում են ոչ թէ մեր պատկերացրած  բառի բացատրութիւնը, այսինքն՝ գնալ Տիրոջն ընդառաջ, այլ այն, որ Տէրն է գալիս մարդկանց ընդառաջ: 
 
Երբ ընթերցում ենք Պօղոս առաքեալի թուղթը,  տեսնում ենք, որ իսկապէս մենք այլեւս  ծառայ չենք, մենք այլեւս զաւակն ենք Աստծոյ, հետեւաբար Աստուած գալիս է մեզ ընդառաջ, որպէսզի իր որդեգրութիւնը տա մեզ: Տէր Յիսուս Քրիստոս չի սպասում, որ նախ մենք գնանք Նրան ընդառաջ, այլ Աստուած ինքն է գալիս ընդառաջ: Այսօր իսկապէս 40 օրական Քրիստոս եկել է տաճար եւ մեզանից է սպասում, որ պահենք իրեն մեր սրտի տաճարների մէջ: Պօղոս առաքեալի խօսքերով, թէ «Այս բանն եմ ասում ձեզ,  որքան ժամանակ, որ ժառանգը երեխայ է, աւելին չէ քան ծառան, թէպէտ եւ ամէն ինչի տէր է»: 
Այս խօսքով սիրելիներ մենք ունենք Քրիստոսի ներկայութիւնը  մեր կեանքի մէջ, սակայն արդեօ՞ք ունենք ցանկութիւն որդեգրուելու Աստծուն: Այսօր Քրիստոս առաջին քայլն է անում, երբ գալիս է մեր կեանք, մեր տաճար: Յաջորդ քայլը մերն է: Որքան պահանջւում է՝ պէտք է սպասես, որ Աստուած մէկ օր պէտք է գա եւ այդ նոյն յոյսով նաեւ իւրաքանչիւրս պէտք է լցուած լինենք»։ 
 
Գարեգին վարդապետը հաւատացեալներին յիշեցրեց նաեւ, որ Տեառնընդառաջի տօնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակուել է որպէս նորապսակների օրհնութեան օր։
Հաւարտ Ս. Պատարագի, հանդիսապետութեամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի, կատարուեց նորապսակ զոյգերի օրհնութեան կարգ: 
Նոյն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նաեւ Մայր Աթոռում ծառայող նորապսակ սարկաւագներին իրենց կողակիցների հետ՝ բերելով նրանց իր հայրական օրհնութիւնն ու բարեմաղթանքները տօնի առիթով։ 
 
  -   Մամլո հաղորդագրություն