Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներին

  • 25-02-2020 18:56:25   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Փետրուարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հիւրընկալեց Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութեան մի խումբ պատգամաւորների: 
Հանդիպմանը խմբակցութեան ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատգամաւորներին՝ յոյս յայտնելով, որ նմանատիպ այցելութիւնները շարունակական բնոյթ կ'ունենան:
 
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախաձեռնութիւնը, նոյնպէս կարեւորեց նմանօրինակ հանդիպումները Հայաստանի օրէնսդիր մարմնի եւ եկեղեցականների միջեւ՝ վստահութիւն յայտնելով, որ դրանք  կ'ունենան իրենց դրական նպաստը փոխադարձ ճանաչողութեան հարցում: Վեհափառն ընդգծեց, որ նման հանդիպումներն ու զրոյցները միանշանակ ծառայելու են ի շահ մեր ժողովրդի եւ հայրենիքի:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց պատգամաւորների կարեւոր առաքելութեանը եւ նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատուութեանը՝  օրէնսդրական գործունէութեամբ նպաստելու հայրենիքի առջեւ յառնած մարտահրաւէրների յաղթահարմանը եւ քաղաքացիների կեանքի կանոնակարգմանը։ 
 
Հայցելով Երկնաւորի օգնականութիւնը ԱԺ պատգամաւորներին կարեւոր այդ յանձնառութեան մէջ՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ հայ հոգեւորականութեան տեսլականն ու իրականացուող ծրագրերը նաեւ ուղղուած են պետականաշինութեան գործընթացին եւ հայրենիքի զօրացմանը: 
 
Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ օրէնսդիր մարմնի անդամներն ու եկեղեցականներն ունեն նախանձախնդրութեան նոյն ոգին եւ առաջնորդւում են նոյն գիտակցութեամբ՝ տեսնելու հայրենի երկիրը զօրեղ, ժողովրդի կեանքը՝ բարօր:
 
Հանդիպմանը մտքեր փոխանակուեցին հայրենի կեանքը յուզող զանազան երեւոյթների, Հայոց Եկեղեցու առաքելութեան եւ հովուական, կրթական եւ սոցիալական ոլորտներում գործունէութեան վերաբերեալ։ Մասնաւոր կարեւորութիւն ընծայուեց Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների արդիւնաւորմանը եւ ՀՀ Զինուած Ուժերում եկեղեցականների հոգեւոր ծառայութեանը։  

 
  -   Մամլո հաղորդագրություն