Կարէն Անդրէասեանը նախատեսում է ներկայացնել խօսքի ազատութեանը վերաբերող գործերով դատական սխալները կանխարգելող մեխանիզմ
21-04-2011 15:38:32 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Ստանձնելով մարտի 3-ին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնը, Կարէն Անդրէասեանը յայտարարել էր, որ պահպանելու է 50-օրեայ լռութիւն, եւ լրատուամիջոցներին խնդրել էր այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելոյթներ եւ մեկնաբանութիւններ: Այս շաբաթ լրանում է կատարուած աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշուած ժամանակահատուածը, ուստի Պաշտպանն անցնում է առաւել հրապարակային եւ թափանցիկ գործունէութեան, որի հիմքում լինելու է հասարակութեանը պարբերաբար հաշուետուութիւններ ներկայացնելու սկզբունքը:
Ապրիլի 21-ին Կ.Անդրէասեանը ներկայացրել է իր դիտարկումները խօսքի ազատութեան իրաւունքի
վերաբերեալ։
«Երբ մէկը ցանկանում է լռեցնել ազատ խօսքը կամ վնասել անկախ մամուլին, պէտք է յստակ պատկերացնի, որ իր ծանր օրերին` իր իրաւունքների խախտման ժամանակ, անպայման զգալու է լրագրողների ու մամուլի պաշտպանութեան կարիքը: Երբ լրագրողը պատուերով կամ իր ներքին չարութիւնից դրդուած նսեմացնում է որեւէ մարդու արժանապատուութիւնը, պէտք է յստակ գիտենա, որ նսեմացնում է ողջ լրագրողական համայնքի խօսքի արժէքը եւ ինքն է հէնց թուլացնում չորրորդ իշխանութիւնը: Երբ գոնէ մէկ մարդ հեռուստացոյցով, մամուլով, նաեւ այլ եղանակներով հնարաւորութիւն չունի ստանալ իր ճաշակին եւ ընկալմանը հարիր լրատուութիւն ու քաղաքական վերլուծութիւն, ապա տուեալ հասարակութիւնում բազմակարծութեան եւ ժողովրդավարութեան հետ կապուած լուրջ խնդիր կայ:
Որպէս քաղաքական երկխօսութեան միջնորդ, որպէս մարդու իրաւունքների պաշտպանութեան վիճակի դիտորդ եւ որպէս անհատական գործերով մարդու իրաւունքների պաշտպան` այսօր ունեմ հետեւեալ մտահոգութիւնները.
- դատական սխալների պատճառով չսահմանափակուի լրագրողների ազատ արտայայտուելու իրաւունքը,
- օրէնքի եւ լրագրողական էթիկայի տարրական կանոնների խախտման պատճառով իրականում չնսեմացուի որեւէ մարդու արժանապատուութիւնը,
- յատկապէս հեռուստատեսութեան եւ ռադիօյի ոլորտում բազմակարծութեան վիճակը բաւարարի մեր հասարակութեան իւրաքանչիւր անդամի:
2010թ. ,հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասինէ ՀՀ օրէնքում կատարուած մեծածաւալ փոփոխութիւնները, որոնք կապուած էին թուային հեռարձակմանն անցում կատարելու հետ, ցաւօք, չապահովեցին թուային հեռարձակման ոչ պետական օպերատորների հիմնադրման եւ գործունէութեան իրաւական հիմքերի ստեղծումը, դրանից բխող լիցենզաւորման գործընթացների կարգաւորումը, արբանեակային հեռարձակման ազատականացումը եւ մի շարք այլ հարցեր:
Թուային հեռարձակմանն անցում կատարելու իրաւական կարգաւորման ներմուծման արդիւնքում կրճատուեց գործող հեռուստաընկերութիւնների թիւը, ինչը մեծ մտահոգութիւն առաջացրեց թէ հասարակութեան, եւ թէ միջազգային հանրութեան շրջանակներում: ՀՀ կառավարութեան կողմից նման փոփոխութեան անհրաժեշտութիւնը բացատրւում էր հեռուստակապուղիների թուայնացման առկայ տեխնիկական հնարաւորութիւններով: Հասարակական կազմակերպութիւնների կողմից փոխարէնը բարձրացւում էր հեռուստատեսային յաճախութիւնների անկախ աուդիտի անցկացման անհրաժեշտութեան հարցը, որն այդպէս էլ չիրականացուեց:
Դրան զուգահեռ, արդէն իսկ ընդունուած օրէնքի հիման վրայ անցկացուեցին թուային հեռարձակման լիցենզաւորման մրցոյթներ, որոնց արդիւնքում չարդարացան հասարակութեան այն հատուածի ակնկալիքները, ովքեր ցանկանում էին կրկին եթերում տեսնել «Ա1+» հեռուստաընկերութիւնը: Լիցենզիայ չստացած հեռուստաընկերութիւններից «Ա1+»-ը մրցոյթի արդիւնքներն այժմ վիճարկում է դատական կարգով:
Հեռարձակման լիցենզիաների տրամադրման մրցութային կարգը եւ հեռուստառադիոընկերութիւնների սակաւութիւնը պայմանաւորուած էր անալոգային հեռարձակման տեխնոլոգիայի սահմանափակ ռեսուրսով: Այժմ, երբ ժամանակակից տեխնոլոգիաները հնարաւոր են դարձրել հեռուստառադիոհեռարձակման թուայնացումը, եւ հետեւաբար հնարաւոր է դարձել հեռարձակուող հեռուստառադիոծրագրերի թուաքանակի անհամեմատ աճը, Հայաստանին մնում է միայն ներդնել նոր տեխնոլոգիան եւ արդիւնաւէտ իրաւական կարգաւորման ենթարկել այն: «Ա1+»-ը, «Նոյեան տապան»-ը, «Գալայ»-ն եւ շատ ու շատ այլ հեռուստաընկերութիւններ նոր տեխնոլոգիաների եւ պատշաճ իրաւական կարգաւորման ներդրմանը զուգահեռ հնարաւորութիւն կը ստանան իրականացնել հեռուստահեռարձակում:
Այդ նպատակով 2010 թուականի հոկտեմբերից Պաշտպանի գրասենեակի նախաձեռնութեամբ ,հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասինէ ՀՀ օրէնքի լրամշակման նպատակով կազմաւորուել է աշխատանքային խումբ մասնագիտացած հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ ոլորտին առնչուող պատասխանատու պետական մարմինների ու Հանրային խորհրդի ներկայացուցիչների մասնակցութեամբ: Շարունակելով խմբի գործունէութիւնը` վերջին 2 ամսուայ ընթացքում ակտիւ քննարկումների արդիւնքում մշակւում եւ ամփոփման փուլում է վերոյիշեալ խնդիրների կարգաւորմանն ուղղուած օրէնսդրական փոփոխութիւնների փաթեթը, որն ապրիլի 29-ին կը քննարկուի ԵԱՀԿ եւ ԵԽ փորձագէտների հետ:
Ապրիլի 30-ին մամուլի ազատութեան վերաբերեալ իմ նախաձեռնած ֆորումին, որին հրաւիրուած են տարբեր լրատուամիջոցների ներկայացուցիչներ, աշխատանքային խմբի անդամները եւ միջազգային փորձագէտները, կ'ամփոփուեն օրէնքի լրամշակման արդիւնքները, կ'արձանագրուեն մասնակիցների բոլոր կարծիքներն ու դիտողութիւնները: Այնուհետեւ դրա հիման վրայ կը վերջնականացուեն ,հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասինէ ՀՀ օրէնքի փոփոխութիւնների նախագծի մշակման աշխատանքները, եւ մայիսի վերջին նախագիծն աշխատանքային խմբի անդամների յատուկ կարծիքների, միջազգային փորձագէտների եզրակացութիւնների հետ միասին կը ներկայացուի ՀՀ Ազգային ժողով:
Լինելով վիրաւորանքի եւ զրպարտութեան ապաքրէականացման ու դրանց քաղաքացիաիրաւական կարգաւորման գաղափարի հեղինակը` ցանկանում եմ եւս մէկ անգամ արտայայտել իմ դիրքորոշումը: Լրագրողին կամ որեւէ այլ անձի սուտ կամ վիրաւորական խօսքի համար չի կարելի ենթարկել քրէական պատասխանատուութեան, սակայն գոյութիւն չունի ժողովրդավարական որեւէ մի պետութիւն, որտեղ մարդն իրաւունք չունենայ զրպարտութեան կամ վիրաւորանքի համար պահանջել բարոյական փոխհատուցում: Այժմ խօսքի ազատութեան եւ մարդու արժանապատուութեան պաշտպանութիւնը կախուած է դատաւորների` միջազգային չափանիշներին համապատասխան մեր այս օրէնսդրութեան պատշաճ կիրառումից:
,մարդու իրաւունքների պաշտպանի մասինէ ՀՀ օրէնքն արգելում է ինձ միջամտել դատական վարոյթին, ուստի բոլոր այն գործերը, որոնք գտնւում են դատական քննութեան ընթացքում իմ կողմից քննարկուել չեն կարող, սակայն ցանկանալով նպաստել անհատական գործերով լրագրողների պաշտպանութեանը` մայիսի 1-ին իմ կողմից կազմակերպուող մամուլի ազատութեան վերաբերեալ ֆորումին նախատեսում եմ ներկայացնել կոնկրէտ մեխանիզմ, որը հնարաւորինս կարող է կանխարգելել դատական սխալները խօսքի ազատութեանը վերաբերող գործերով»:
ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեան