Մադրիդի «Ռէալը» իր պատմութեան մէջ 16-րդ անգամ նուաճեց Արքայական գաւաթը


Մադրիդի «Ռէալը» իր պատմութեան մէջ 16-րդ անգամ նուաճեց Արքայական գաւաթը

  • 21-04-2011 15:30:22   | Հայաստան  |  Սպորտ
 Վալենսիայի «Մեստալեայ» մարզադաշտում կայացաւ Իսպանիայի գաւաթի (Copa Del Rey) խաղարկութեան եզրափակիչ հանդիպումը: Պայքարի դուրս եկան իսպանական երկու գրանդ ակումբները` «Ռէալն» ու «Բարսելոնան»: Յիշեցնենք, որ այս թիմերն անցած շաբաթուայ ընթացքում արդէն պարզել էին իրենց յարաբերութիւնները իսպանական պրեմիերայում: Հանդիպումն աւարտուել էր 1-1 հաշուով: Ինչպէս եւ նախորդ խաղում, եզրափակիչում նոյնպէս թիմերը հիմնական ժամանակն աւարտեցին ոչ-ոքի արդիւնքով` 0-0: Յաղթողին որոշելու համար նշանակուեց լրացուցիչ ժամանակ, որտեղ աւելի յաջողակ գործեցին «Ռէալի» ֆուտբոլիստները: Թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի 102-րդ րոպէին խփած գնդակը միակը եղաւ ամբողջ հանդիպման ընթացքում, եւ «Ռէալը» յաղթեց նուազագոյն 1-0 հաշուով: Ի պատիւ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների, պէտք է նշել, որ ամբողջ հանդիպումն անցաւ «կապտանռնագոյնների» բացայայտ առաւելութեամբ, սակայն նրանց հարուածները կամ նպաստաւոր դիրքերից շեղ էին ստացւում, կամ հիանալի էր խաղում Իկեր Կասիլեասը: Չնայած այս ամէնին, առաջին կէսի ընթացքում ամենավտանգաւոր գոլային պահը ստեղծեցին հէնց «Ռէալի» ֆուտբոլիստները, երբ յենակետային կիսապաշտպան Պեպեն յայտնուելով կենտրոնական յարձակուողի դիրքում գլխով հարուածեց: Դարպասապահ Պինտոյին փրկեց միայն դարպասաձողը: Ինչեւէ, արժէ փաստել, որ «բլանկոսների» մարզիչ Ժոզէ Մոուրինեօն տակտիկական առումով գերազանցեց իր գործընկեր Պեպ Գվարդիոլային, եւ ապաւինելով հակագրոհների մարտավարութեանը յաղթանակի հասաւ: Ձեզ ենք ներկայացնում երկու թիմերի գլխաւոր մարզիչների յետխաղեայ մեկնաբանութիւնները: «Մենք ցուցադրեցինք թիմային բարձրակարգ ֆուտբոլ: Ճիշտ է, խաղակէսերը բաւականին տարբեր ստացուեցին: Առաջինում լաւ էինք խաղում մենք, իսկ երկրորդում՝ «Բարսելոնան»: Սակայն մենք յստակ գիտակցում էինք այդ ամէնը՝ հաշուի առնելով մրցակցին: Հնարաւոր չէ անցկացնել նմանատիպ երկու խաղակէս գերհզօր մրցակցի դէմ: Իմ թիմից կը ցանկանայի առանձնացնել Իկեր Կ'ասիլեասի խաղը, ով փայլուն գործեց ամբողջ խաղի ընթացքում, եւ մի քանի անգամ փրկեց թիմին վերահաս գոլից: Նաեւ ցանկանում եմ շնորհաւորել իմ թիմի ֆուտբոլիստներին, քանի որ մենք այսօր փայլուն յաղթանակ տօնեցինք», - խաղից յետոյ յայտարարել է «Ռէալի» գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինեօն: «Նախ ցանկանում եմ շնորհաւորել «Ռէալին» յաղթանակի կապակցութեամբ, - իր հերթին ասաց «Բարսելոնայի» գլխաւոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, - Նրանք շատ լաւ խաղացին առաջին կէսի ընթացքում, իսկ երկրորդ կէսում գնդակին լիովին տիրում էինք մենք: Մենք կը փորձենք շտկել մեր սխալները, որոնք առաջացան այս խաղի ընթացքում: Առջեւում դեռ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլն է, որտեղ նոյնպէս «Ռէալի» եւ «Բարսելոնայի» ճանապարհները խաչուելու են: Շատ կարեւոր է շուտ մոռանալ այս ցաւալի պարտութեան մասին, եւ հանգիստ կերպով մրցաշրջանը յաղթական աւարտի հասցնել: Այնուամենայնիւ ես հպարտանում եմ, թէ՛ իմ ֆուտբոլիստներով, թէ՛ «Բարսայի» երկրպագուներով»: Յաւելենք, որ «Ռէալն» իր պատմութեան մէջ 16-րդ անգամ նուաճեց Արքայական Գաւաթը: Այս ցուցանիշով «սերուցքայինները» դեռ զիջում են «Բարսելոնային»: «Կապտանռնագոյնները» պատուաւոր կոչումը նուաճել են 25 անգամ:
  -   Սպորտ