Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորել է Արցախի ընտրեալ նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորել է Արցախի ընտրեալ նախագահին

  • 15-04-2020 16:56:12   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահաւորագիր է յղել տիար Արայիկ Յարութիւնեանին Արցախի Հանրապետութեան նախագահի բարձր պաշտօնում ընտրուելու առիթով։
 
«Վերջին շաբաթներին ուշադրութեամբ հետեւել ենք Արցախ աշխարհում տեղի ունեցող ընտրապայքարին։ Համապետական այս ընտրութիւնները կարեւոր  հանգրուան էին՝ ողջ աշխարհին փաստելու արցախահայութեան նուիրումը ժողովրդավարութեան համընդհանուր արժէքներին։ Արցախի մեր բարեպաշտ զաւակները վստահութիւն յայտնեցին պետական կառավարման ոլորտում Ձեր բազմամեայ փորձառութեանը եւ հանրապետութեան ապագայ զարգացման ու հզօրացման Ձեր տեսլականին։
 
Համայն հայութեան ձգտումն ու ցանկութիւնն է տեսնել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրաւունքի միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետութեան շէն ու առաջընթաց կեանքը։  Յանուն դրա է մեր ողջ ժողովուրդը կրել նեղութիւններ եւ զրկանքներ, հեղուել արիւնը բազում հայորդիների: Հրամայական է Արցախի ժողովուրդի համար իշխանութիւնների գլխաւորութեամբ պահպանել միասնականութիւնը եւ համերաշխութեան ոգին յանդիման առկայ մարտահրաւէրների, իսկ քաղաքական ուժերի պայքարում գերակայէն ողջախոհութիւնը, օրինայարգութիւնը եւ համագործակցութիւնը՝ երբեք տեղիք չտալով բեւեռացման եւ բաժանումների», - ասուած է շնորհաւորական նամակում: 
 
Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ տիար Յարութիւնեանի նախագահութեան տարիներին առաւել շէնանայ ու պայծառանայ կեանքը Արցախ աշխարհում։ Նորին Սրբութիւնը ընդգծել է, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր աշխարհասփիւռ բոլոր կառոյցներով պիտի շարունակի իր ջանքերը ու զօրակցութիւնը բերել Արցախին: 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Երկնաւոր Տիրոջն Իր Ամենախնամ Աջով պահել ու պահպանել արցախցիներին եւ հանապազ օրհնել նրանց քաջարի ոգին ու Արցախի գալիք ամէն օրը:

 
  -   Մամլո հաղորդագրություն