Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր


Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր

  • 24-04-2020 16:05:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ ոգեկոչելու յիշատակը Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների:
 
Ծաղկեպսակի զետեղումից յետոյ յուշահամալիրում՝ անմար կրակի առջեւ, Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:
Նոյն օրը առաւօտեան հրապարակուեց նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրուայ կապակցութեամբ:
 
Ն․Ս․Օ․Տ․Տ․ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ
 
Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս եւ ի սփիւռս,
 
Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանութեան մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կեանքը զոհեցին յանուն հաւատի եւ hայրենիքի:
Ցեղասպանութեան տարիներին մեր ժողովուրդը տեսաւ մէկ եւ կէս միլիոն իր զաւակների սպանդը, իր ազգային-հոգեւոր արժէքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գիւղերի ու քաղաքների աւերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագոյն մասը։ Մեր նահատակները, ահաւոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահուան, ժառանգակից Յարութեան» (հմմտ․ Փիլիպ. 3.10) եւ աննկուն մնալով հաւատքի մէջ՝ անպարտելի եղան ոգով ու մահուանից յաւիտենական կեանք փոխադրուեցին՝ արժանանալով սրբերի անթառամ լուսեպսակին։ 
 
Սիրելիներ, այս տարի համաւարակի պատճառով հնարաւորութիւն չունենք ուխտաւորաբար քայլելու դէպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, համախմբուելու մեր եկեղեցիներում եւ յուշակոթողների առջեւ՝ մեր սուրբ նահատակների յիշատակը ոգեկոչելու համար։ Այս իրավիճակում ընտանեկան հարկերից ներս եւ մեր նահատակների անմար յիշատակի առջեւ հոգեւոր միասնութեամբ աղօթենք եւ ուխտենք՝ իրագործել ազգային նուիրական տեսիլքները ազատ ու անկախ մեր հայրենիքի ապահովութեան, առաջընթացի ու բարօրութեան, սփիւռքի առաւել շէնացման, Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր արդար դատի՝ պահանջատիրութեան յաղթանակի։ Այս իղձերը կարող ենք կեանքի կոչել ազգի ու հայրենեաց հանդէպ պարտքի ու պատասխանատուութեան գիտակցութեամբ, ազգային միաբանութեամբ եւ մեր ջանքերը միաւորելով՝ ի սէր հայրենեաց եւ հայոց լուսաւոր գալիքի։ 
 
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հրաւիրում ենք այս նուիրական օրը միասիրտ աղօթքով հայցել մեր սուրբ նահատակների բարեխօսութիւնը առ Աստուած, որ հարուցեալ Քրիստոսի շնորհների եւ օրհնութեան ներքոյ խաղաղութեան ու համերաշխութեան մէջ ընթանայ մեր կեանքը, յաղթահարենք մեր առջեւ ծառացած առկայ փորձութիւնները, եւ Տիրոջ օրհնութիւնն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու աշխարհասփիւռ մեր ժողովրդին այսօր եւ միշտ. ամէն։

 
  -   Մամլո հաղորդագրություն