Օլեգ Գաբրիէլեան. Կգայ ժամանակը եւ Ուկրաինան եւս կճանաչի
Հայոց ցեղասպանութիւնը
05-05-2009 18:53:00 | |
ԿԻԵՎ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ղրիմի հայ
համայնքի ղեկավար, Վ. Ի. Վերնադսկու անուան Տավրիկյան ազգային
համալսարանի Քաղաքական գիտութիւնների ամբիոնի վարիչ Օլեգ
Գաբրիէլեանի հարցազրոյցը Analitika.at.ua լրատուական-վերլուծական
կենտրոնին:
- Օլեգ Արշաւիրի, պատմէք, խնդրում եմ, Ղրիմի հայ համայնքի
մասին:
- Վերջին եօթ տարիներին լինելով Ղրիմի հայ համայնքի (ՂՀՀ)
ղեկավարը, կարող եմ այնքան շատ բան ասել, որ հարցազրոյցը
կվերածուի երկար պատմութեան: Նշեմ մեր առաւել նշանակալի փուլերը եւ
ձեռքբերումները` ՂՀՀ յարմարաւետ գրասենեակի ստեղծում, գրասենեակի
համար նոր շէնքի շինարարութիւն, Հայոց ցեղասպանութեան ճանաչում
Ղրիմի խորհրդարանի կողմից, Սիմֆերոպոլի հին հայկական գերեզմանոցի
վերականգնում, Կերչի եւ Եվպատորիայի եկեղեցիների վերադարձ, դրանց
վերականգնում, Եալթայի եկեղեցու վերանորոգում, Սուրբ Խաչ վանական
համալիրի Սուրբ Նշան եկեղեցու 650-ամեակի տոնակատարություն (վանքի
վերանորոգում, ճանապարհի կառուցում եւ էլեկտրականության անցկացում,
թանգարանի հիմնում եւ յուշադրամի թողարկում Ազգային բանկի կողմից),
երեք տասնեակ գրքերի հրատարակութիւն, «Մասյաց աղաւնի» հանդէսի
տպագրություն, միջնակարգ հանրակրթական դպրոցներում հայոց լեզուի եւ
հայ մշակոյթի ուսումնասիրման ֆակուլտատիւ դասարանների ստեղծում,
աջակցութիւն հայ երիտասարդության ինքնակազմակերպմանը: Ղրիմի հայ
համայնքի ներկայացմամբ մօտ մէկ տասնեակ ղրիմահայեր արժանացել են
Ղրիմի Ինքնավար Հանրապետութեան եւ Ուկրաինայի գերազանցութեան
բարձրագոյն նշանների: Յաճելի է մտածել, որ համայնքի անդամների ոչ
հեշտ աշխատանքը նման արդիւնքներ է տուել մինչեւ իր նշանակալի
յոբելեանը: Այս տարի լրանում է համայնքի 20-ամեակը:
- Դուք նաեւ հայագիտական կոմիտէի ղեկավարն եք, ինչպե՞ս է
ընթանում աշխատանքը:
- Ուկրաինայի հայերի միութեան նախաձեռնութեամբ 2008 թուականին
հիմնվեց Հայագիտութեան կենտրոնը: Այդ նոյն տարին էլ անցկացուեց
առաջին միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նիւթերը հրապարակուեցին
«Հայագիտական հետազօտութիւնները Ուկրաինայում» նորաստեղծ գիտական
պարբերականում: Այս տարի կանցկացուի երկրորդ գիտաժողովը: 2008 թ.
յայտարարուեց հայ մշակոյթի ուսումնասիրութեան նախագծերի մրցոյթ:
Հաւանութեան արժանացան հինգ նախագծեր: Այս տարի մենք պէտք է
ստանանք դրանց իրականացման արդիւնքները: Առանձին աջակցութիւն
ստացաւ «Ուկրաինա. Հայեր» պատկերագրքի հրատարակման նախագիծը: Մեծ
նախագիծ է, որը պէտք է ներկայացնի Ուկրաինայի հայերի մշակոյթային
ժառանգութիւնը:
- Քանի՞ հայկական ճարտարապետական յուշարձաններ կան Ղրիմում եւ
ի՞նչ վիճակում են դրանք:
- Ժամանակին մենք Վերածնութեան միջազգային հիմնադրամի
աջակցութեամբ իրականացրին մի նախագիծ, որը թոյլ տվեց ոչ միայն
գրանցել բոլոր հայկական ճարտարապետական յուշարձանները, այլեւ
ամենամանրամասն ձեւով նկարագրել դրանք եւ իրականացնել
լուսանկարչական փաստագրում: Ցավոք, ժամանակն անում է իրենը, եւ
յուշարձանները աւերւում են: Պետութիւնը եւ համայնքը բաւարար
միջոցներ չունեն դրանք լիովին եւ համատարած վերականգնելու համար:
Մի բան է մխիթարում, որ մեզ գոնէ յաջողուեց սերունդներին փոխանցել
այդ յուշարձանների մանրակրկիտ նկարագրութիւնը: Նախագծի
արդիւնքները յանձնուել են Ղրիմի ազգագրական թանգարանին:
- Ինչ եք կարծում, Ուկրաինայի անկախութեան տարիներին որքանո՞վ
է հայ համայնքին յաջողուել լուծել իր կենսական հարցերը եւ կայանալ
իբրեւ իրապէս գործող գործօն:
- Մենք ունենք ռազմավարական երկու նպատակ, որոնց չհասնելու
դէպքում համայնքը դեռ հասունացած չի լինի: Դա Սիմֆերոպոլում մայր
եկեղեցու կառուցումն է եւ լիարժէք հայկական դպրոցի ստեղծումը:
Վերջինս գերբարդ գործ է, սակայն առանց դպրոցի համայնքը դատապարտուած
է ուծացման:
- Որո՞նք են Ղրիմի համայնքի հիմնական խնդիրները:
- Հայերը պէտք է լեգալացնեն իրենց գտնուելը Ուկրաինայում եւ
Ղրիմում` մասնաւորապէս: Սակայն, այդ գործընթացը դեռ մինչեւ վերջ
արուած չէ: Այստեղ մեղքի իր բաժինն ունի համապատասխան
բիւրոկրատիան, ինչպէս նաեւ մեր հայրենակիցները:
- Պատմէք, խնդրում եմ, ծրագրերի մասին, չէ որ բախտորոշ
խնդիրներ են սպասւում, ինչպիսին է հայոց լեզուի ընդգրկումը
Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների լեզուների ցանկում, Հայոց
ցեղասպանութեան ճանաչումը, հայկական ժառանգութեան վերհանումը եւ...
- Մենք ունենք ՂՀՀ զարգացման ծրագիր եւ ամէն տարի Ազգային
խորհուրդը հաստատում է տարեկան ծրագիր: Վերն արդէն նշեցի երկու
ռազմավարական նպատակները: Դրանք էլ որոշելու են մեր ակտիւութիւնը
առաջիկայ հինգ տարիներին: Ես վստահ եմ, որ կգայ օրը եւ Ուկրաինան եւս
կճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, իսկ դրա համար հարկաւոր է այդ
հարցի լուծման մէջ ղրիմահայերի փորձը տարածել ողջ երկրի վրայ: Ամէն
տարի մենք անցկացնում ենք այդ վշտալի օրուան նուիրուած երթ եւ
հանրահաւաք: Կարելի է մասնավորից գնալ դէպի ընդհանուրը եւ փորձել
հասնել ցեղասպանութեան ճանաչման մարզային խորհուրդների կողմից,
իսկ յետոյ նաեւ Ուկրաինայի: Ցավոք, անբաւարար է մեր քաղաքական
ազդեցութիւնը, որպէսզի հայոց լեզուն ընդգրկվի լեզուների մասին
եւրոպական խարտիայով «պահպանուող» ազգային փոքրամասնությունների
լեզուների ցանկում եւ դրան անհրաժեշտ է ձգտել եւ հասնել: Սակայն,
կան գործընթացներ, որոնք կախուած են միայն մեզնից: Օրինակ, բացել
դպրոցներ եւ դասարաններ մեր երեխաների համար եւ նրանց սովորեցնել
մայրենի լեզուն ու մշակոյթը: Մի անգամ եւս կրկնեմ` առանց դպրոցի
համայնքն ապագայ չունի: Հայ եկեղեցու հանդէպ ամենայն յարգանքով
հանդերձ, միայնակ նրա ուժից վեր է դիմակայել ուծացման
գործընթացներին առանց դպրոցի:
- Հայ-ուկրաինական պատմութեան ո՞ր ընդհանուր էջերով եք Դուք
հպարտանում:
- Ես այստեղ կհիշեի Սերգեյ Փարաջանովին: Մշակոյթային
ֆենոմենների ստեղծման անդաստանում մենք վիթխարի ստեղծագործական
ներուժ ունենք: Օրինակ, իմ գրադարակին դրուած է «Սասունցի Դաւիթը»`
հայկական էպոսը ուկրաիներէն: Կերչի հողը առատօրէն ոռոգված է
հայկական արեամբ. այստեղ Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկու
հայկական դիւիզիաներ են ընկել: Այս ամէնը մեր ընդհանուր
պատմութիւնն է: Եվ ես հպարտ եմ այդ պատության այսպիսի էջերով:
- Ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:
- Հայերին ես կմաղթեի իրենք իրենց մի հասարակ հարց տային`
Ինչո՞վ եմ ես հայ: Եվ ազնուօրէն իրենք իրենց պատասխանեն: Իսկ առանց
բացառութեան բոլոր ընթերցողներին` աւելի ուշադիր լինել հարեւանների
պատմութեանն ու մշակոյթին: Դա եւ հարստացնում է մեզ, եւ աւելի
իմաստուն դարձնում:
Հարցազրոյցը վարեց Մարատ Յակոբեանը (Analitika.at.ua
լրատուական-վերլուծական կենտրոն)
ՏԵՂԵԿԱՆՔ. Օլեգ Արշաւիրի Գաբրիէլեանը փիլիսոփայական
գիտութիւնների դոկտոր է, մաթեմատիկայի մագիստրոս, տնտեսագիտութեան
մագիստրոս, Ուկրաինայի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Ղրիմի հայ
համայնքի ղեկավար: