Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է տիար Էդուարդոյ Էօրնեկեանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է տիար Էդուարդոյ Էօրնեկեանին

  • 15-09-2020 16:04:20   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հիւրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդոյ Էօրնեկեանին։
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց բարերարին՝ ազգային եւ հայրենական կեանքում ազնիւ յանձնառութիւնների ու նրա հոգածութեամբ իրագործուող մեծածաւալ ծրագրերի, ինչպէս նաեւ Հայոց Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելութեանը շարունակաբար սատարելու համար։
Մասնաւոր անդրադարձ կատարուեց տիար Էօրնեկեանի բարերարութեամբ Մայր Աթոռում իրականացուող ծրագրերին եւ նախանշուող նոր ձեռնարկներին։
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ տիար Էդուարդոյ Էօրնեկեանն այցելեցին Մայր Տաճար՝ ծանօթանալու ամրակայման ու հիմնանորոգութեան աշխատանքների ընթացքին, եղան նաեւ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։
Ուսումնական տարուայ մեկնարկին այցելութիւն կատարուեց նաեւ Մայր Աթոռի հովանու ներքոյ գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատութիւն։ Շրջելով 2009 թուականին ի յիշատակ բարերարի ծնողների` տէր եւ տիկին Փանօս եւ Սրբուհի Էօրնեկեան ամոլի, հիմնադրուած դպրոցում՝ Նորին Սրբութիւնը եւ մեծանուն հայորդին այցելեցին տարբեր դասարաններ, զրուցեցին աշակերտների հետ՝ մանուկներին ու պատանիներին բերելով բարեյաջող ուսումնառութեան իրենց մաղթանքները։  
###

 
  -   Մամլո հաղորդագրություն