Հանդիպում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ
15-09-2020 17:00:47 | | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցաւ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուների հետ։
Ներկաների անունից ՔԴԿ տնօրէն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանն ուրախութիւն արտայայտեց հանդիպման առիթով՝ նշելով, որ տարածաշրջանային քսաներկու պատասխանատուներն ուխտաւորաբար եկել են Սուրբ Էջմիածին իրենց սէրն ու հաւատարմութիւնը յայտնելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի հանդէպ եւ զօրանալու Սուրբ Էջմիածնի օրհնութեամբ։ Հայր Սուրբը տեղեկութիւններ փոխանցեց հանրակրթական դպրոցների տնօրէնների, մանկավարժների եւ աշակերտների հետ ամենօրեայ աշխատանքում տարածաշրջանային պատասխանատուների կարեւոր դերակատարութեան մասին, անդրադարձաւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի դասաւանդման գործընթացում արձանագրուած յաջողութիւններին եւ առկայ մարտահրաւէրներին։
Այնուհետեւ ՔԴԿ աշխատակիցներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին նուիրեալ եւ ժրաջան ծառայութեան համար, ինչի շնորհիւ նաեւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկան անցնող տասնհինգ տարիների ընթացքում իր հաստատուն եւ կարեւոր տեղն է ամրագրել հանրակրթական դպրոցի առարկայացանկում։ Նորին Սրբութիւնն իր խօսքում արձանագրեց, առարկան, լրացնելով խորհրդային աստուածմերժութեան տարիների բացը, անհրաժեշտ գիտելիքի մատուցմամբ ոգի եւ դաստիարակութիւն է ջամբել մատաղ սերնդին, ծանօթացրել Հայոց Եկեղեցու առաքելութեանը, պատմութեանը, կերտած հարուստ ժառանգութեանը, դաւանած հոգեւոր արժէքներին, ծէսին ու բարեպաշտական սովորութիւններին։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ «Հայոց Եկեղեցու պատմութիւն»-ը ազգային նկարագիր եւ ինքնութիւն կերտող առարկայ է, որ սերմանում է ազգային-հոգեւոր արժէքներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Եկեղեցու ճանաչողութիւնը, աստուածճանաչողութիւնը, հաղորդակցութիւնը քրիստոնէական արժէքներին նպաստում են անձի ձեւաւորմանը, հայրենասիրութեան եւ ազգասիրութեան ոգու զօրացմանը։
Կարեւորելով ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների առաքելութիւնը՝ Վեհափառ Հայրապետը յորդորեց նոյն նախանձախնդրութեամբ շարունակել իրենց ներդրումը բերել «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի դասաւանդման արդիւնաւէտութեան բարձրացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանատուներին տեղեկացրեց նաեւ առաջիկայում տեղի ունենալիք Մայր Աթոռի եւ ԿԳՄՍ նախարարութեան կրթական հարցերով ենթախմբերի հանդիպման մասին՝ յոյս յայտնելով, որ քննարկումների արդիւնքում հնարաւոր կը լինի շահեկան եզրայանգման գալ կրթական բարեփոխումների, այդ թւում եւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի առնչութեամբ բարձրաձայնուած մտահոգութիւնների եւ առաջարկութիւնների հարցում։
Նորին Սրբութիւնը նաեւ իր գնահատանքը յայտնեց ՔԴԿ տնօրէն Զաքարիա ծայրագոյն վարդապետին նուիրեալ եւ հետեւողական աշխատանքի համար։
Զրոյցի ընթացքում տարածաշրջանային պատասխանատուները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին ծառայութեան հետ առնչուած իրենց դիտարկումներն ու մտահոգութիւնները։