Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը հրապարակեց ոլորտում
վիճակի մասին 2008թ.-ի տարեկան զեկոյցը
10-03-2009 19:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպան Արմէն Յարութիւնեյանը մարտի 10-ին հանրութեանը ներկայացրեց
երկրում մարդու իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ 2008թ.-ի
տարեկան զեկոյցը:
Ա.Յարութիւնեյանը գտնում է, որ Հայաստանում մարդու
իրաւունքների պաշտպանութեան մակարդակի վրայ ազդում է քաղաքական
համակարգի աւտորիտարիզմը: Ընդ որում, դա վերաբերում է ինչպէս
իշխանութեանը, այնպէս էլ` ընդդիմությունը ներկայացնող քաղաքական
կուսակցութիւնների մեծամասնութեանը: Ժողովրդավարացմանն, ըստ նրա,
աւելի պատրաստ է հայաստանեան հասարակութիւնը, քան քաղաքական
համակարգը: «Հայաստանի հասարակութեան խնդիրը բոլշեւիզմի
ժառանգութիւնից ազատուելն է, ինչի համար մեծ յամառութիւն եւ
հաստատակամութիւն է անհրաժեշտ»,-նշեց Ա.Յարութիւնեյանը:
Նա գտնում է, որ երկրի առջեւ երկու ճանապարհ կայ` կամ
հակակշիռների եւ զսպումների համակարգի միջոցով կերտել քաղաքացիական
հասարակութիւն ու բարելաւել մարդու իրաւունքների պաշտպանութիւնը,
հասնել առաջընթացի, կամ էլ` «գերիշխանութեան» համակարգի
պայմաններում ունենալ անտարբեր հասարակութիւն, մարդու
իրաւունքների ձեւական բնոյթ, ինչը փակուղի է: Անտարբերութիւնն
Ա.Յարութիւնեյանը համարում է Հայաստանի համար ամենամեծ վտանգը:
Ըստ նրա, ժամանակն է, երկրում ձեւաւորուվի տարանջատ եւ միմեանց
հետ համագործակցող, քաղաքական եւ տնտեսական էլիտա, ժամանակն է նաեւ
հրաժարուել օլիգարխիկ համակարգից: Պաշտպանը նաեւ գտնում է, որ
օլիգարխիկ կապիտալը պէտք է ընդունի իրաւունքի եւ օրէնքի
գերակայութիւնը եւ հասարակութիւնից վերցրածի մի մասը հետ
վերադարձնի` գալով թափանցիկ հարկային դաշտ: Դրա արդիւնքում կնուազի
կոռուպցիան եւ հասարակութեան մեծ մասը կվերածուի արժանապատիվ ապրող
միջին խաւի: «Հակառակ դէպքում հասարակութիւնը վաղ թէ ուշ կվերցնի
իր հասանելիքը: Մենք առաջարկում ենք այն փոխզիջումը, որը կձեւավորի
քաղաքակիրթ, ազատ տնտեսական յարաբերութիւններ եւ զերծ կպահի
Հայաստանի Հանրապետութիւնը ցնցումներից»,-նշեց Մարդու
իրաւունքների պաշտպանն` ընդգծելով, որ առանց ազատական տնտեսութեան,
անիմաստ է խօսել մարդու իրաւունքների պաշտպանութեան մասին:
«Ժամանակն է հրաժարուել «հնարաւորութիւնների» մշակոյթից ի օգուտ
«իրաւունքի» մշակոյթի»,-շեշտեց նա:
Պաշտպանի խօսքերով, երկրի բնականոն զարգացման պարտադիր
նախապայման է վերջին 18 տարիների ընթացքում Հայաստանում ձեւաւորուած
վարչաքաղաքական ռեպրեսիւ մոդելից դէպի ժողովրդավարական կառավարում
անցումը:
Ըստ Ա.Յարութիւնեանի, խորհրդային ժամանակաշրջանից
ժառանգութիւն մնացած ռեպրեսիւ համակարգի ներկայիս հիմնասյուներն
են յատկապէս Դատախազութիւնը եւ Յատուկ քննչական ծառայութիւնը
(ՀՔԾ): Ըստ Պաշտպանի, դրա ապացոյցն է ՀՔԾ-ի աշխատանքի ոճը, որի
պատճառով Պաշտպանի գրասենեակը ստանում է բազմաթիւ բողոքներ այն
մասին, որ մարդկանց ստիպում են ինքնախոստովանական կամ երրորդ
անձանց դէմ ցուցմունքներ տալ: «Այդ մարմինները մնացին պրոֆեսիոնալ`
անհատին պետութեանը ստորադասելու դէպքում, եւ ոչ պրոֆեսիոնալ`
իրաւունքի գերակայութեան ապահովման խնդրում: Այդ ոչ
պրոֆեսիոնալիզմը ծանր բեռ է բոլորիս համար եւ, առաջին հերթին,
իշխանութեան համակարգի համար, որը, կարելի է ասել, դարձել է այդ ոչ
պրոֆեսիոնալիզմի պատանդը»,- ընդգծեց Ա.Յարութիւնեյանը:
Ըստ Պաշտպանի վերլուծութեան, ռեպրեսիւ համակարգի գոյութեան
հետեւանքով վախի մթնոլորտը հասարակությունում չի նուազում, եւ
դրանից ձերբազառվելը հասարակութեան ամենալուրջ խնդիրներից է:
Նշուեց, որ համակարգային խնդիրներ ունի դատական համակարգը, եւ
դատական մարմինների նկատմամբ հասարակութեան վստահութիւնը
անթոյլատրելի ցածր է: Ըստ Պաշտպանի, ժողովրդավարութեան համակարգը`
ներառեալ անկախ դատական համակարգը, կարող է կատարելագործուել միայն
ժողովրդավարութիւն հաստատելու յստակ ցանկութիւն ունենալու
դէպքում:
Ա.Յարութիւնեյանը մտահոգիչ է համարում Երեւանում արտակարգ
դրութսեան ժամանակ` 2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ մարտի 20-ը,
վարչական ապարատի գործունէութեան միակողմանիությունը, որի
հետեւանքով 20 օր շարունակ հնչում էր միայն իշխանութեան տեսակետը:
«Կրքերը բորբօքելու եւ հասարակութիւնը պառակտելու «աւելի
արդիւնաւէտ ճանապարհ» գոյութիւն չուներ: Բոլոր պայմաններում եւ,
յատկապէս, ողբերգական իրադարձութիւններից յետոյ, մարդկանց կարելի է
հանգստացնել եւ որոշ չափով համախմբել միայն բազմակողմանի
լրատւութեան միջոցով, այլ ոչ թէ` միակողմանի քարօզչութեամբ
«ուղեղները լվանալով»,- յայտարարեց ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան
Արմէն Յարութիւնեյանը: