Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

  • 19-01-2021 14:55:16   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Յունուարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Ղազախստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Թեմուր Ուրազաեւին։
 
Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց դեսպանին պաշտօնավարման ընթացքում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների եւ համագործակցութեան զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակութեամբ անդրադարձաւ Մայր Աթոռի եւ Ղազախստանի Հանրապետութեան միջեւ ձեւաւորուած սերտ գործակցութեանը, մասնաւորապէս միջկրօնական երկխօսութեան կազմակերպման ոլորտում, Համաշխարհային եւ աւանդական կրօնների առաջնորդների  համագումարի շրջանակներում։
 
Դեսպան Թեմուր Ուրազաեւն իր հերթին գնահատանքով խօսեց հայ-ղազախական փոխյարաբերութիւնների, ինչպէս եւ Հայաստանում ծառայութեան տարիների իր տպաւորութիւնների եւ Ղազախստանում ապրող հայ համայնքի մասին։
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց արցախեան պատերազմին, յետպատերազմեան դժուարութիւններին եւ առկայ խնդիրների յաղթահարման ուղիներին։
 
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դիւանագիտական առաքելութիւնն աւարտող դեսպանին մաղթեց արգասաբեր գործունէութիւն եւ յաջողութիւններ յետագայ ծառայութեան մէջ:  
 
 

 
  -   Մամլո հաղորդագրություն