Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Համալսարանը զոհուածների ընտանիքների կողքին» նախաձեռնութեան անդամներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Համալսարանը զոհուածների ընտանիքների կողքին» նախաձեռնութեան անդամներին

  • 01-03-2021 11:16:56   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Փետրուարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ։ Ուսանողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին եկել համալսարանի դեկանի տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ Միքայէլ Մալխասեանի առաջնորդութեամբ։
Նախ տիար Մալխասեանը, որդիական խոնարհութեամբ ողջունելով Նորին Սրբութեանը, տեղեկացրեց, որ ներկաները  Երեւանի պետական համալսարանի «Համալսարանը զոհուածների ընտանիքների կողքին» նախաձեռնութեան անդամներն են։ Խօսքով հանդէս եկաւ նաեւ նախաձեռնութեան համահեղինակ տիար Էդուարդ Գալստեանը։ Վերջինս նշեց, որ նախաձեռնութիւնը միտուած է նեցուկ եւ զօրավիգ լինել պատերազմի հետեւանքով իրենց զաւակներին ու հարազատներին կորցրած ընտանիքներին։ Նա յոյս յայտնեց, որ Եկեղեցին իր առաքելութեանը հաւատարիմ իր անփոխարինելի ներդրումն է բերում այս ուղղութեամբ։ 
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց երիտասարդ ուսանողների նախաձեռնութիւնը՝  բերելով իր հայրապետական գնահատանքն ու օրհնութիւնը։ Հայոց Հովուապետը բնական եւ կարեւոր համարեց ներկաների նախաձեռնութիւնը՝ ընդգծելով, որ իւրաքանչիւրի պարտքն  ու պարտականութիւնն է այս դժուարին պահին զօրակցել այդ ընտանիքներին։ 
Խօսելով արցախեան երկրորդ պատերազմի կորուսնտերի մասին՝ Նորին Սրբութիւնը նշեց, որ մեր նահատակների յիշատակը պէտք է մեզ համար ոգեշնչման աղբիւր լինի՝ ապրելու, արարելու եւ գալիքի նկատմամբ նոր յոյսով լցուելու համար։ Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրին եւ նպատակներին, ինչպէս նաեւ ծրագրի իրագործմանն ի նպաստ աշխարհասփիւռ թեմերի եւ բարերար հայորդիների կողմից ցուցաբերուող աջակցութեանը։ Պատերազմի ընթացքում եւ յետպատերազմեայ օրերին Եկեղեցու գործունէութեանն անդրադառնալով՝ Նորին Սրբութիւնը տեղեկացրեց, որ կատարուել են ինչպէս հոգեխնամական, այնպէս էլ սոցիալական աջակցութեան ծրագրեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հնարաւորութիւնների սահմաններում փորձել է լուծել նաեւ տեղահանուած արցախցի ընտանիքների կեցութեան հարցը։ 
Հայոց Հայրապետը երիտասարդների հետ խօսեց նաեւ վիրաւորների, զոհուածների, գերութեան մէջ յայտնուածների եւ անյայտ կորածների ընտանիքներին հոգեւոր խնամքի կարեւորութեան մասին։ Այս կապակցութեամբ իրազեկուեց, որ, նկատի ունենալով խնդրի նրբութիւնը, հոգեւորականների համար կազմակերպուել են վերապատրաստման յատուկ դասընթացներ՝ համապատասխան մասնագէտների ներգրաւմամբ։ Նորին Սրբութիւնը տեղեկացրեց, որ ապագայում նախատեսւում է Մայր Աթոռին եւ վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ։
Վերջում հանդիպման մասնակիցներն իրենց յուզող հարցերը ուղղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

 
  -   Մամլո հաղորդագրություն