Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է համարում<br /> տոկոսադրույքների աստիճանական նուազեցումը<br />


Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է համարում
տոկոսադրույքների աստիճանական նուազեցումը

  • 21-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2009թ.-ի յունվարի 13-ի նիստում որոշել է իջեցնել ԿԲ վերաֆինանսաւորման տոկոսադրույքը 0,25%-ով` սահմանելով այն 7%: Ներգրաւուած աւանդների եւ լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանուել են, համապատասխանաբար, 4% եւ 10%: Որոշումը կայացուել է իրավիճակային հաշուետւութեան հիման վրայ, որտեղ առկայ նոր տեղեկատուութեան հիման վրայ գնահատականներ են տրուել ընթացիկ իրավիճակի, դրսեւորված ռիսկերի, ինչպէս նաեւ նոր մակրոտնտեսական կանխատեսումների եւ վերջինիս հետ կապուած հնարաւոր ռիսկերի վերաբերեալ: Իրավիճակային հաշուէտւութիւնը պարունակում էր նաեւ ԿԲ-ի եռամսյակային կանխատեսումների մոդելի միջոցով ստացուած նոր արդիւնքներ, որոնք շարունակում են վկայել գնանկումային միջավայրի խորացման միտումների մասին: Այսպէս, ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրուել է ընդամէնը 0,1% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճը, նուազելով շուրջ 1,4 տոկոսային կէտով, կազմել է 5,2%` ապահովելով գնաճի նպատակային թիրախը: Գնաճի տեմպերի նուազումը հիմնականում պայմանաւորուել է համաշխարհային տնտեսական անկման հետեւանքով միջազգային հումքային եւ ապրանքային շուկաներում գների շարունակական նուազմամբ` արտայայտուելով նաեւ այդ ապրանքների ներքին շուկաներում: Նոյեմբերին արձանագրուած նվազումից յետոյ, Հայաստանում դեկտեմբերին եւս արձանագրուել է «հացամթերք» ապրանքախմբի մէջ մտնող ապրանքների գների 3,5%, բենզինի ու դիզելային վառելիքի գների ընդհանուր 15% նուազում: Ընդհանուր առմամբ, տարուայ արդիւնքներով արձանագրուած գնաճը պայմանաւորուել է պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 3,3%, ոչ պարենային ապրանքների գների 0,2% եւ ծառայութիւնների սակագների 11,4% աճերով: Խորհրդի անդամները համաձայնել են, որ արտաքին գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ` պայմանաւորուած համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կրճատման պահպանուող միտումներով, եւ արտայայտուել են պարենային եւ ոչ պարենային ապրանքների ներքին շուկաներում` հանգեցնելով ընդհանուր գնաճի տեմպերի էական նուազման: Խորհրդի գնահատականներով, չնայած արտաքին եւ ներքին տնտեսական զարգացումներում անորոշութիւնները մեծացել են, արտերկրում եւ, յատկապէս, ՀՀ առետրային գործընկեր երկրներում տնտեսական աճի կանխատեսումների նուազման ուղղութեամբ ճշգրտումները վկայում են, որ արտաքին գնանկումային միջավայրը շարունակելու է պահպանուել: Այս պայմաններում ակնկալւում է, որ գնաճը 2009թ.-ի կէսերին ձեւաւորուելու է նպատակային միջակայքի ստորին յատուածում: Խորհուրդը քննարկել է նաեւ կանխատեսված գնաճի նուազման եւ աճի ուղղութեամբ ռիսկերը: Արդիւնքում, ռիսկերի ընդհանուր հաշվեկշռում նուազման ուղղութեամբ ռիսկերը գնահատուել են որպէս գերակշռող: Յատկապէս շեշտադրուել է համաշխարհային տնտեսական ներկայ զարգացումների աւելի երկար ժամանակահատուածում պահպանման դէպքում համախառն ներքին պահանջարկի աճի տեմպերի նուազմամբ պայմանաւորուած գնաճի աւելի ցածր մակարդակում ձեւաւորման ռիսկը: Խորհրդում մանրամասն քննարկումների առարկայ է դարձել 2009թ.-ի ընթացքում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հնարաւոր ազդեցութիւնը ներքին տնտեսական զարգացումների վրայ: Նշուվել է, որ արտաքին պահանջարկի հեռանկարները շարունակում են վատանալ եւ դա իր անդրադարձն է ունենալու յատկապէս ներքին տնտեսութեան արտահանման հատուածի վրայ` արտայայտուելով արտահանող ճիւղերում արտադրութեան ծաւալների յետագայ կրճատմամբ: Տնտեսութեան ոչ արտահանելի յատուածում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները կզգացվեն յատկապէս շինարարութեան ճիւղում` պայմանավորվելով ինչպէս արտաքին ֆինանսական միջոցների ներհոսքի դանդաղումով, այնպէս էլ` որոշ ներդրումային ծրագրերի ֆինանսաւորման հետաձգմամբ: Ընդ որում, ոչ առեւտրային փոխանցումների ձեւով ֆինանսական ներհոսքի դանդաղման տեմպերը հիմնականում կպայմանավորվեն տնտեսական ճգնաժամի հետեւանքներին Ռուսաստանի տնտեսութեան դիմակայելու կարողութիւններով: Միաժամանակ, նշուվել է, որ կանխատեսւող ներքին տնտեսական զարգացումները էապէս կախուած են լինելու կառավարութեան կողմից նախանշված լրացուցիչ տնտեսական ծրագրերի իրականացման ծաւալներից եւ ուղղութիւններից: Կարեւորելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծուած իրավիճակը` խորհրդի անդամները կենտրոնացել են դրամավարկային պայմանների մեղմման երկու հնարաւոր սցենարների վրայ, որոնք վերաբերել են վերաֆինանսաւորման տոկոսադրույքի 0,25% կամ 0,5%-ով նուազեցմանը: Այս առումով բազմիցս նշուվել է գների կայունութեան եւ ֆինանսական կայունութեան խնդիրների արդիւնաւէտ զուգորդմանը նպաստող դրամավարկային քաղաքականութեան իրականացման անհրաժեշտութիւնը: Բերուել են փաստարկներ, որ ներկայումս ձեւաւորուած տոկոսադրույքները շարունակում են գրաւիչ մնալ կապիտալի ներհոսքի առումով: Միաժամանակ, այս պահին տոկոսադրույքների կտրուկ նուազեցումը միջբանկային շուկայի տոկոսադրույքների, հետեւաբար` դրամավարկային փոխանցման շղթայի վրայ ցանկալի հետեւանքներ կարող է չունենալ: Խորհուրդը առաւել կարեւորել է միջոցառումների իրականացումը տրամադրուող վարկերի ծաւալների մեծացման եւ վարկերի հասանելիութեան բարելաւման ուղղութեամբ: Միւս կողմից, որպէս տոկոսադրույքների աւելի կտրուկ իջեցման հիմնական փաստարկ նշուեց գնաճի տեմպերի շարունակական նուազումը եւ նուազման ուղղութեամբ ռիսկերի առկայութիւնը: Արդիւնքում, խորհուրդը առաւել հիմնաւորուած է համարել տոկոսադրույքների աստիճանաբար նուազեցման տարբերակը:
  -   Տնտեսութիւն