Հայաստանում 2008թ.-ին սպառողական գներն աճել են 5,2%-ով<br />


Հայաստանում 2008թ.-ին սպառողական գներն աճել են 5,2%-ով

  • 08-01-2009 18:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի դեկտեմբերին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 105,2%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 103,3%, ոչ պարենային ապրանքներինը` 100,2%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 111,4%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին հանրապետութիւնում արձանագրուել է հացի, ալիւրի, ինչպէս նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի նկատելի գնանկում: Այդ ապրանքատեսակները սպառողական զամբյուղում ունենալով 14,23% տեսակարար կշիռ եւ 12,3% ընդհանուր գնանկում, նշուած ժամանակահատուածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նուազմանը 2,1 տոկոսային կէտով: Առանց վերը նշուած ապրանքատեսակների գնային փոփոխութիւնների սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի դեկտեմբերին 2007թ.-ի դեկտեմբերի նկատմամբ 105,2%-ի փոխարէն կկազմեր 106,9%: 2008թ.-ի յունուար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,4%, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում գրանցուած ցուցանիշից ցածր է 0,1 տոկոսային կէտով (0,5%): 2008թ.-ի յունուար-դեկտեմբերին 2007թ.-ի յունուար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109%, այդ թւում պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 110%, ոչ պարենային ապրանքներինը` 105,1%, ծառայութիւնների սակագներինը` 109%: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրուել է 0,1% գնաճ, ինչը հիմնականում պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխութիւնների արդիւնք է: Պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշուած ժամանակահատուածում աճել են 0,7%-ով: Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրուել է 2,3% գնանկում, իսկ ծառայութիւնների ոլորտում` սակագների 0,2% յավելաճ:
  -   Տնտեսութիւն