Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկվեց «Համահայկական բանկի<br /> մասին» օրենսդրական փաթեթը<br />


Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկվեց «Համահայկական բանկի
մասին» օրենսդրական փաթեթը

  • 23-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ձեռնամուխ եղավ «Համահայկական բանկի մասին» օրինագծի եւ դրանից բխող մի շարք գործող օրէնքներում լրացումների փաթեթի քննարկմանը: Ինչպէս նշեց հիմնական զեկուցող, ԿԲ-ի նախագահ Արթուր Ջաւադեանը, Համահայկական բանկի նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ եւ գիտելիքի վրայ հիմնուած հայկական ներուժի ձեւաւորմանը, այն ուղղել ամբողջ հայութեան մրցունակութեան աւելացմանը համաշխարհային շուկայում: Բանկը լինելու է բաց բաժնետիրական ընկերութիւն եւ իրականացնելու է բանկերին բնորոշ գործառնութիւններ, բացառութեամբ ռեզիդենտներից հրապարակային առաջարկի միջոցով միջոցներ ներգրաւելուց: Այն ֆինանսական շուկայում երկարաժամկէտ ներդրումների խրախուսման նպատակով մշակելու եւ իրականացնելու է կրթական նախագծեր, ձեւաւորելու է նախագծերի առաջարկի եւ պահանջարկի տեղեկատուական հարթակ: Բանկի գործունէութիւնը վերահսկվելու է Կենտրոնական բանկի եւ Ազգային մրցունակութեան խորհրդի կողմից: Բանկի ընդհանուր կապիտալի չափը պէտք է լինի ՀՀ տարածքում ստեղծւող առեւտրային բանկի համար սահմանուած ընդհանուր կապիտալից ոչ պակաս: Ըստ Ա.Ջաւադեանի, առաջիկայում բանկի ներկայացուելիք բիզնես ծրագրում կանոնադրական կապիտալի չափը նախատեսւում է սահմանել 100 մլն ԱՄՆ դոլարին համարժէք գումար կամ 30 մլրդ դրամ: Պետութեան մասնակցութեան չափը դրանում լինելու է 6 մլրդ դրամ: Համահայկական բանկի գործունէութեան սկզբունքներն են. բանկը պէտք է ներդրումներ իրականացնի միայն շահութաբեր ծրագրերի մէջ եւ չպէտք է մրցի ՀՀ տարածքում դործող առեւտրային բանկերի հետ: Այն պէտք է գործի Համագործակցութեան եւ զարգացման եւրոպական կազմակերպութեան (OECD) կողմից ընդունուած կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան: Բանկը պէտք է օգտվի որոշակի հարկային արտօնութիւններից, մասնաւորապէս, ոչ ռեզիդենտների շահաբաժինները ազատուելու են շահութահարկից: Բանկը նաեւ ազատուելու է գրանցման եւ լիցենզաւորման համար օրէնքով սահմանուած պետական տուրքի վճարումից: ԿԲ-ի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ արդէն կան պայմանավորվածություններ ֆինանսական խոշոր միջազգային կազմակերպութիւնների եւ ազգութեամբ հայ բիզնեսմէնների հետ` բանկի կանոնադրական կապիտալում մասնակցելու համար: Նա նշեց, որ Համահայկական բանկի հիմնական մասնակիցները եւ արժեթղթերի թողարկումը լինելու են Հայաստանի տարածքից դուրս:
  -   Տնտեսութիւն