Շաբաթուայ կարեւորագոյն իրադարձութիւնն անկասկած «Ռէալ» - «Բարսելոնայ» հանդիոպումն էր, որը տեղի ունեցաւ Ապրիլի 17-ին Մադրիդի «Սանտիագոյ Բեռնաբէու» մարզադաշտում: Իսպանական երկու գրանդների պայքարն այս անգամ շատ հետաքրքրութեամբ էր սպասւում, քանի որ Լա Լիգայի 32-րդ տուրի հանդիպումը սկիզբն էր միայն Սուպերկլասիկոների այս մրցաշրջանի շարքի:
Յիշեցնէք, որ այս երկու թիմերը միմեանց դէմ կը մրցեն նաեւ Արքայական Գաւաթի խաղարկութեան եզրափակիչում, ինչպէս նաեւ Չեմպիոնների Լիգայի խաղարկութեան կիսաեզրափակիչ փուլում:
Անդրադառնալով շաբաթօրեայ հանդիպմանը նշենք, որ «Բարսելոնան» շատ էր տիրում գնդակին, սակայն աւելի վտանգաւոր էին գրոհում «Ռէալի» ֆուտբոլիստները: Անկասկած հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստը մադրիդեան ակումբի յենակետային Պեպեն էր, որին Ժոզէ Մոուրինեօն պաշտպանութիւնից մի փոքր առաջ էր բերել, հաշուի առնելով այն հանգամանքը, որ մրցակիցը գերհզօր «Բարսան» էր: Ինչեւէ, թիմերն այս հանդիպման յաղթողին չկարողացան որոշել եւ արձանագրուեց մարտական ոչ-ոքի` 1-1 հաշիւը: Թիմերի կազմում 11 մետրանոց հարուածները յստակ իրացրեցին երկու թիմերի առաջատարները Լէօ Մեսսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 53 եւ 82-րդ րոպէներին: Ի դէպ, «Արքայական ակումբը» հանդիպման 52-րդ րոպէից խաղում էր 10 հոգով, քանի որ վերջին յոյսի խախտման համար խաղադաշտից հեռացուել էր Ռաուլ Ալբիոլը:
Ամփոփելով հանդիպումը, նշենք, որ երկու թիմերը կամային հիանալի արժէքներ դրսեւորեցին ու ոչ-ոքի աւարտեցին հանդիպումը: Հոգեբանական առումով հանդիպումն «Ռէալին» աւելի օգնեց, քանի որ թիմն ընդհատեց «Բարսայի» յաղթարշաւը սուպերկլասիկոներում, իսկ կատալոնացիներն այս ոչ-ոքիից յետոյ գրեթէ ապահովեցին Իսպանիայի չեմպոնի տիտղոսը, քնաի որ այժմ մրցակցի նկատմամբ 8 միաւորի տարբերութիւնը կրկին պահպանուեց: