Հայաստանի կառավարութիւնը հաստատել է ՓՄՁ-ի պետական<br /> աջակցութեան 2009թ. ծրագիրը<br />


Հայաստանի կառավարութիւնը հաստատել է ՓՄՁ-ի պետական
աջակցութեան 2009թ. ծրագիրը

  • 11-12-2008 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-ի նիստում Հայաստանի կառավարութիւնը հաստատել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցութեան 2009թ. ծրագիրը: Որոշումն ընդունուել է` ղեկավարվելով «Փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան պետական աջակցութեան մասին» ՀՀ օրէնքի 4-րդ յօդուածի պահանջներով: Նիստում նշուվել է, որ ՓՄՁ-ին պետական աջակցութեան ծրագրերը հիմնուած են Հայաստանի Հանրապետութեան որդեգրած տնտեսական քաղաքականութեան հիմնարար սկզբունքների վրայ եւ նպաստում են երկրի, յատկապէս նրա հեռաւոր եւ սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանն ու անհամամասնությունների յաղթահարմանը, ինչը ներկայումս ՀՀ կառավարութեան տնտեսական քաղաքականութեան ռազմավարական եւ գերակայ ուղղութիւններից է: Ծրագրի հիմնական նպատակը` շարունակական աջակցութեամբ ՓՄՁ դերի աստիճանական բարձրացմանը նպաստելն է` երկրի սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանային կայուն զարգացման ասպարէզում: Ծրագրի նպատակների թւում նշուվել են նաեւ ՓՄՁ սուբյեկտների աջակցութեան համապատասխան ենթակառուցուածքների ստեղծումն ու ամրապնդումը, ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական եւ ներդրումային հնարաւորութիւնների ընդլայնումը` նախապատւութիւն տալով հեռաւոր եւ սահմանամերձ բնակավայրերում գործողներին, ՓՄՁ սուբյեկտների նորարարական եւ արտաքին տնտեսական գործունէութեան, գործարար ուսուցողական, տեղեկատուական եւ խորհրդատուական ծառայութիւններից օգտուելու, ինչպէս նաեւ սկսնակ գործարարների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, յատկապէս սահմանափակ կարողութիւններով անձանց համար գործարարութեամբ զբաղուելու հնարաւորութիւնների ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծման եւ գործող աշխատատեղերի պահպանման միջոցով հանրապետութիւնում գործազրկութեան մակարդակի կրճատումը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է, որ այդ ծրագիրը 2009թ.-ին Հայաստանի նախապատւութիւններից մէկն է լինելու, եւ փոքր ու միջին բիզնեսը խթանելու ուղղութիւնը լինելու է հակաճգնաժամային կարեւորագոյն տարրերից մէկը:
  -   Տնտեսութիւն