ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 1-ին Արարատ
քաղաքի մերձակայքում տեղի ունեցաւ 186,3 կմ երկարությամբ`
«Քաջարան-Արարատ» մայրուղային գազատարի գծային հատուածի
շինարարութիւնն աւարտելուն նուիրուած հանդիսաւոր արարողութիւնը:
Այն «Իրան-Հայաստան» գազատարի շարունակութիւնն է, որը 2004թ.
նախաձեռնել է ՀՀ կառավարութիւնը` Հայաստան բնական գազի
մատակարարման ռեսուրսային բազան ընդլայնելու եւ տեխնոլոգիական
երկրորդ մուտքային գիծ ստեղծելու նպատակով: «Քաջարան-Արարատ»
գազատարը կառուցուել է բարդ լեռնաերկրաբանական եւ եղանակային
պայմաններում, ծովի մակերեւոյթից 1500-3000 մ բարձրութեան վրայ:
Աւելի քան 130 մլն. ԱՄՆ դոլար արժողութեամբ ներդրումային
ծրագրի իրականացմամբ «Քաջարան-Արարատ» գազատարի միջոցով Հայաստանի
կենտրոնական շրջաններ է փոխադրվելու իրանական գազը, վճարումները
գազի դիմաց կատարուելու են «գազ էլեկտրաէներգիայի դիմաց»
սկզբունքով: Երեւանի ՋԷԿ-ին 230 մվտ եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ
էներգաբլոկի 480 մվտ հզօրութիւններով արտադրուած էլեկտրաէներգիան
պէտք է ապահովի դրա պայմանագրային ծաւալի առաքումն ԻԻՀ, իսկ
«շահութաբեր» էլեկտրաէներգիայի իրացումը` գազի փոխադրման եւ ծրագրի
ներդրումների վերադարձը:
Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ
Սարգսեանը, «Գազպրոմ» ԲԲԸ վարչութեան նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՀՀ
նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը, պաշտօնատար այլ անձինք: