Վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Աբուլ գիւղի Սբ. Աստուածածին եկեղեցին<br />


Վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Աբուլ գիւղի Սբ. Աստուածածին եկեղեցին

  • 07-06-2010 17:18:00   |   |  Հասարակութիւն
ԱԽԱԼՔԱԼԱՔ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի ձեռամբ եւ մասնակցութեամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի յուլիսի 3-ին վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Աբուլ գիւղի Սբ. Աստուածածին եկեղեցին: Արարողութեանը մասնակցել են Ախալքալաքից, հարակից գիւղերից, Հայաստանից, Թբիլիսիից ժամանած բազմաթիւ հիւրեր: Աբուլ գիւղը գտնւում է Ախալքալաքի եւ Աբուլ լեռան միջակայքում,լեռան հարավարեւմտյան ստորոտում, շրջկենտրոնից 10 կմ արեւելք, ծովի մակերեւոյթից 1964-1985մ բարձրութեան վրայ: 1830թ. Կարնո գաւառի Ումուտում գիւղից գաղթած հայերը հաստատուել են այդ ժամանակ հայաթափ ու աւերակ Աբուլ գյուղատեղիում եւ շենացրել այն: Սբ. Աստուածածին եկեղեցին կառուցուել է 1884թ.-ին: Այն սրբատաշ տուֆով ընդարձակ կառոյց է, եռանավ յօրինուածքով, ավանդատներով, երկու զույգ սյուներով, արեւմտյան ճակտոնի գագաթին` զանգակատնով: Ըստ Վիրահայոց թեմի Մամլոյ դիւանի հաղորդագրութեան, Սբ. Աստուածածին եկեղեցին վերանորոգուել եւ տարածքը բարեկարգուել է նոյն գիւղի ծնունդ, այժմ ռուսաստանաբնակ Ստեփան Խանջեանի բարերարութեամբ: Սբ. Աստուածածին եկեղեցու օծման աւարտին կատարուել է աւանդական մատաղի օրհնություն եւ ժողովրդական հանդիսութիւն: Յաջորդ օրը յուլիսի 4-ին Ախալքալաքի հոգեւոր հովիվի Տեր Տաթեւ քահանա Մարուքեանը նորաօծ եկեղեցում մատուցել է Ս. Պատարագ եւ կատարել համայնքային մկրտություն: Բոլոր մկրտւողներին խաչեր է նուիրել Ստ. Խանջեանը:
  -   Հասարակութիւն