ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանի նամակ է յղել Եւրոպական<br /> Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին<br />


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանի նամակ է յղել Եւրոպական
Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին

  • 21-05-2010 21:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 21-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը նամակ է յղել Եւրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան, նամակում մասնաւորապէս նշուած է. «Յարգելի պարոն նախագահ, Երէկ, մայիսի 20-ին, Եւրոպական խորհրդարանն ընդունեց բանաձեւ «Հարաւային Կովկասում Եւրոմիութեան կողմից ռազմավարութիւն մշակելու անհրաժեշտութեան մասին», որում տեղ գտած որոշ դրոյթների մասին մտահոգություններս ցանկանում եմ յայտնել սոյն նամակով: Բանաձեւի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն առնչուող մասում առկայ 6 կէտերից 4-ում (6,7,8,10) կան ձեւակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ եւ ԵՄ դիրքորոշումներին, որոնք մանրամասնօրէն արտայայտուել են 2009թ.-ի դեկտեմբերին Աթէնքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող համապատասխան հայտարարություններում, ինչպէս նաեւ` հենց Եւրոպական Խորհրդարանի 1998 թուականից ի վեր ընդունուած բանաձեւերին: Դրանք համահունչ չեն Մադրիդյան սկզբունքներին, Մոսկուայի հռչակագրին եւ Աքվիլայի յայտարարութեանը, որոնց մասին յիշատակւում է բանաձեւում: Բանաձեւի հեղինակ, բուլղարացի պատգամաւոր Եվգենի Կիրիլովը երբեւէ առնչութիւն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ զեկոյցի պատրաստման ընթացքում չի այցելել տարածաշրջան: Նա նաեւ հարկ չի համարել խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնաւորապէս ԵՄ անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, ինչը Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներում անհանդուրժելի խեղաթիւրումների պատճառներից է: Այս կարգի մօտեցումը վնաս է հասցնում Եւրոպական Խորհրդարանի հեղինակութեանը եւ լուրջ բացասական ազդեցութիւն կարող է ունենալ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վրայ: Մեծարգոյ պարոն նախագահ, Հայաստանը կարեւորում է Եւրոպական Խորհրդարանի հետ համագործակցութիւնը եւ հոյս է յայտնում, որ անաչառ եւ հաւասարակշիռ մոտեցումներով Ձեր ղեկավարած կառոյցն իր նպաստը կարող է բերել տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան ամրապնդմանը»:
  -   Քաղաքական