Արգենտինան պատրաստ է օժանդակել Հայաստանին տնտեսութեան<br /> զարգացման ծրագրերում<br />


Արգենտինան պատրաստ է օժանդակել Հայաստանին տնտեսութեան
զարգացման ծրագրերում

  • 21-05-2010 21:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 21-ին ընդունել է Արգենտինեան Հանրապետութեան արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային, ով Երեւանում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանութեան բացման առիթով: Ս.Սարգսեանը շնորհաւորել է Խ.Տայանային Արգենտինայի անկախութեան 200-ամեակի, նաեւ` Հայաստանում Արգենտինայի դեսպանութեան բացման կապակցութեամբ: Նա գոհունակութեամբ է խօսել հայ-արգենտինեան յարաբերութիւնների ներկայ մակարդակի մասին եւ նշել, որ պէտք է օգտագործել դրանք առաւել ընդլայնելու հնարաւորութիւնները: Խ.Տայանան նշել է, որ Արգենտինան կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացումը, եւ հարաւկովկասեան տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում դեսպանութիւն բացելը պէտք է դիտարկել հենց այդ համատեքստում: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-արգենտինեան քաղաքական երկխօսութիւնը բոլոր մակարդակներում ակտիւօրէն շարունակելու, տնտեսական համագործակցութիւնը խթանելու, մշակոյթի եւ սպորտի բնագաւառներում շփումներն աշխուժացնելու վերաբերեալ հարցեր: Խ.Տայանան յայտնել է, որ Արգենտինան պատրաստ է օժանդակել Հայաստանին տնտեսութեան զարգացման ծրագրերում, մասնաւորապէս` գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաներ ներդնելու գործում: Ս.Սարգսեանը երախտագիտությամբ է խօսել Արգենտինայի կառավարութեան կողմից հայ համայնքին ցուցաբերուող վերաբերմունքի մասին` ասելով, որ այն տեղի հայերին հնարաւորութիւն է ընձեռել լիարժէք ինքնադրսեւորվելու եւ յաջողութիւնների հասնելու: Զրուցակիցները նշել են, որ արգենտինահայ համայնքը կապող օղակ է երկու երկրների միջեւ, ինչի վկայութիւններից է նաեւ Հայաստանում բազմաթիւ արգենտինացի գործարարների ներկայութիւնը: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման գործընթացներին: Արգենտինայի արտգործնախարարի խօսքով, իր երկրի դիրքորոշումը Ցեղասպանութեան հարցում յստակ է` այն կասկածի ենթակայ չէ: Խ.Տայանան անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւններին` ընդգծելով, որ դրանք չեն նպաստում խնդրի խաղաղ կարգաւորմանը:
  -   Քաղաքական