ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանն անցնում է առաւել հրապարակային եւ թափանցիկ գործունէութեան
15-04-2011 18:35:41 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Կարէն Անդրէասեանը, ստանձնելով մարտի 3-ին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնը, յայտարարել էր, որ պահպանելու է 50-օրեայ լռութիւն, եւ լրատուամիջոցներին խնդրել էր այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելոյթներ եւ մեկնաբանութիւններ: Յաջորդ շաբաթ լրանում է կատարուած աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշուած ժամանակահատուածը, ուստի Պաշտպանն անցնում է առաւել հրապարակային եւ թափանցիկ գործունէութեան, որի հիմքում լինելու է հասարակութեանը պարբերաբար հաշուետուութիւններ ներկայացնելու սկզբունքը:
Մարդու իրաւունքների ամենահրատապ խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով, Կարէն Անդրէասեանը յաջորդ շաբաթ պատրաստւում է հանրութեանը ներկայացնել իր անդրադարձը.
1. սոցիալական ապահովութեան իրաւունքին (Ապիլի 18),
2. հաւաքների ազատութեան իրաւունքին (Ապրիլի 19),
3. սեփականութեան իրաւունքին (Ապրիլի 20),
4. խօսքի ազատութեան իրաւունքին (Ապրիլի 21),
5. արդար դատաքննութեան իրաւունքին (Ապրիլի 22),
6. բռնութեան եւ խոշտանգումների խնդիրներին (Ապրիլի 23),
7. 2008 թ.մարտի իրադարձութիւնների հետեւանքներին (Ապրիլի 25),
Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, նշուած օրերին համապատասխան անդրադարձը կը տեղադրուի Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնական կայքէջում ` www.pashtpan.am, իսկ դրանց առնչութեամբ հնարաւոր բոլոր հարցերին Պաշտպանը կը պատասխանի ապրիլի 26-ին նախատեսուած մամուլի ասուլիսի ժամանակ: