Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի փոխպէտքարտուղարին
28-10-2021 15:11:21 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնուող Սուրբ Աթոռի պէտքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենեայ Պառային եւ նրա պատուիրակութեանը ուղեկցութեամբ` Վատիկանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Կարեն Նազարեանի ու Սուրբ Աթոռի առաքելական նուիրակ արքեպիսկոպոս Ժոզէ Աւելինու Բետանկուրի:
Ողջունելով Քոյր Եկեղեցու ներկայացուցիչների այցը հայոց հոգեւոր կենտրոն` Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ Սուրբ Աթոռի դիւանագիտական մշտական ներկայացուցչութեան բացումը Երեւանում Վատիկանի եւ Մայր Աթոռի միջեւ համագործակցութեան նոր հնարաւորութիւններ կ'ընձեռնի: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Մայր Աթոռի եւ Վատիկանի միջեւ ձեւաւորուել են ջերմ եւ եղբայրական յարաբերութիւններ, որոնց վառ ապացոյցներն են Հռոմի Սրբազան Քահանայապետերի` Յովհաննէս-Պողոս Երկրորդի եւ Ֆրանցիսկոս Պապերի այցելութիւնները Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչպէս նաեւ Սուրբ Աթոռում Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առիթով կազմակերպուած միջոցառումն ու Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Մայր Աթոռի ներկայացուցչութիւնը Վատիկանում եւս նպաստում է երկու եկեղեցիների բարեկամական կապերի առաւել զօրացմանն ու խորացմանը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտութիւն յայտնեց Սուրբ Աթոռին եւ նրա գահակալին արցախեան 44-օրեայ պատերազմի ու յետպատերազմեայ ծանր օրերին Հայաստանին եւ հայ ժողովրդին բերած աջակցութեան, զօրակցութեան, ինչպէս նաեւ ռազմագերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար:
Հայոց Հովուապետը նաեւ իր եղբայրական ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետին:
Իր հերթին Սուրբ Աթոռի փոխպէտքարտուղար արքեպիսկոպոս Էդգար Պենեայ Պառան, շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար, Նորին Սրբութեանը փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի բարեմաղթութիւնները: Վատիկանի փոխպէտքարտուղարը նշեց, որ Սուրբ Աթոռի առաքելական մշտական նուիրակութեան բացումը Հայաստանում էլ աւելի կամրապնդի երկու եկեղեցիների միջեւ ձեւաւորուած գործակցութիւնը:
Զրոյցի ընթացքում Վատիկանի փոխպէտքարտուղարն Ամենայն Հայոց Հայրապետին հաւաստիացրեց, որ Սուրբ Աթոռը կշարունակի ամէն ջանք գործադրել յետպատերազմեայ խնդիրների, ի մասնաւորի Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան եւ հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար: