Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տոնի Ճրագալոյցի Պատարագը Սուրբ Գայանէ վանքում


Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տոնի Ճրագալոյցի Պատարագը Սուրբ Գայանէ վանքում

  • 06-01-2022 12:45:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Յունուարի 5-ին մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տոնի առիթով, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանէ վանքում մատուցուեց Ճրագալոյցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները եւ ուխտաւոր հայորդիներ: 
 
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Աւետիքեանը: Նախ կատարուեց Երեկոյեան ժամերգութիւն, այնուհետեւ ընթերցուեցին սուրբգրային հատուածներ, որից յետոյ Մայր Աթոռի չորս միաբան սարկաւագներ ընթերցեցին Դանիէլի մարգարէութիւնը: 
 
Սուրբ Պատարագի ընթացքում Փառեն Սրբազանն իր քարոզում անդրադարձաւ Քրիստոսի Սուրբ Ծննդեան խորհրդին: Սրբազան Հայրը հաստատեց, որ Աստծու Որդին ծնուեց, մարմնացաւ եւ խոնարհուելով դրուեց մսուրի մէջ մարդկութեան փրկութեան համար: Փառեն Սրբազանն ընդգծեց նաեւ, որ Քրիստոս իր յայտնութեամբ խաղաղութիւն բերեց աշխարհին, խաղաղութիւն, որը մինչեւ այդ եղած մարդկային խաղաղութիւնից միանգամայն տարբերւում էր:  
 
Վերջում պատարագիչ Սրբազանը պատգամեց ներկաներին, Աստծու մարմնացած Որդուն ընդունելով իրենց սրտերում, լցուել Քրիստոսի շնորհած խաղաղութեամբ` ձայնակցելով հրեշտակներին. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ․ 2․14):
 
Սուրբ Պատարագի աւարտին` նախատօնակի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացաւ Սուրբ Խորան եւ վառեց կենսատու մոմը, որից Յիսուս Քրիստոսին խորհրդանշող լոյսը բաշխուեց հաւատացեալներին: 
 
Այնուհետեւ Մայր Աթոռի միաբանութիւնը մէկտեղուեց Վեհարանում, ուր, Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, կատարուեց տարուայ առաջին Տնօրհնէքը:
 
 
 
 
 
  -   Մամլո հաղորդագրություն