Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահին

  • 07-04-2022 13:05:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալուայ Պապուաշուիլիի գլխաւորած պատուիրակութեանը:
 
Ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբութիւնը կարեւորեց նման փոխայցելութիւնները եւ երկու երկրների միջեւ ընդլայնուող գործակցութիւնը` այն համահունչ նկատելով ժողովուրդների դարաւոր բարեկամութեանը: Նորին Սրբութիւնը, անդրադառնալով անկախութեան տարիներին երկու երկրների միջեւ հաստատուած սերտ յարաբերութիւններին, նկատեց, որ հայ եւ վրաց ժողովուրդները միասնաբար    յաղթահարել են բազմաթիւ դժուարութիւններ` պահպանելու իրենց ազգային ինքնութիւնը եւ հոգեւոր արժէքները: 
 
Անդրադառնալով հայ եւ վրաց ժողովուրդների առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին` Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու երկրները անկախ իրենց շահերից եւ դիրքորոշումներից պէտք է զօրաւիգ լինեն միմեանց յանուն հաւատակից եղբայր ժողովուրդների բարօրութեան եւ անվտանգութեան:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դէմս պարոն Պապուաշուիլիի, իր երախտագիտութիւնը յայտնեց վրաց իշխանութիւններին հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, Նորաշէնի Սուրբ Աստուածածին եւ Սուրբ Նշան եկեղեցիների ամրակայման աշխատանքների, ինչպէս նաեւ ռազմագերիների վերադարձման, տարածաշրջանում կայունութեան ու խաղաղութեան հաստատման ուղղութեամբ գործադրած միջնորդական ջանքերի համար:   
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր եղբայրական ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլեայ Բ Կաթողիկոս-պատրիարքին:
 
Իր հերթին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալուայ Պապուաշուիլին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշեց, որ խաղաղութիւնն այլընտրանք չունի եւ այն երկու երկրների զարգացման ամենակարեւոր գրաւականն է:
 
Պարոն Պապուաշուիլին նաեւ գոհունակութեամբ խօսեց այցի դրական արդիւնքներից, երկու երկրների միջեւ առկայ փոխգործակցութեան եւ դրա զարգացման հեռանկարների մասին` տեղեկացնելով այդ ուղղութեամբ ձեռնարկուելիք միջոցառումների վերաբերեալ: Վրաստանի խորհրդարանի նախագահը եւս կարեւորեց երկու ժողովուրդների միջեւ յարաբերութիւնների առաւել սերտացումը: 
 
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր մտահոգութիւնները յայտնեց Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ իւրացման քաղաքականութեան, Արցախի ու Հայաստանի նկատմամբ շարունակուող ոտնձգութիւնների կապակցութեամբ:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն