Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի նախագահը դիմել է<br /> ԱՄՆ Նախագահին` խնդրելով նրան վաւերացնել Հայոց ցեղասպանութեան<br /> փաստը<br />


Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի նախագահը դիմել է
ԱՄՆ Նախագահին` խնդրելով նրան վաւերացնել Հայոց ցեղասպանութեան
փաստը

  • 13-04-2010 19:30:00   |   |  Քաղաքական
ԲՐԱՏԻՍԼԱՒԱ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին է տրամադրել Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահ պարոն Բարակ Օբամային իր կողմից ուղղուած բաց նամակի տեքստը, որում, մասնաւորապէս, ասուած է. «Ձերդ Գերազանցութիւն Ամերիկայի Միացեալ Նահանգների Մեծարգոյ Նախագահ Պարոն Բարակ Օբամա, Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի նախագահութեան անունից խորին շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ անցեալ տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը վերաբերեալ Ձեր ուղերձում «Մեծ Եղեռն» բառեզրը օգտագործելու համար: Դա ընդունելով որպէս առաջընթաց` միաժամանակ խնդրում ենք այս տարուայ Ձեր ելոյթում օգտագործել «Ցեղասպանութիւն» միջազգային բառեզրը եւ հնարաւորութիւն տալու ԱՄՆ-ի Կոնգրեսին հաստատելու թիւ 252 բանաձեւը` ընդունուած Կոնգրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից: Մեծարգոյ պարոն Նախագահ, ես դիմում եմ Ձեզ խնդրանքով յարգելու աշխարհասփիւռ հայութեան տառապանքները` կապուած Հայոց ցեղասպանութեան փաստը Թուրքիայի կողմից անտեսելու, արդարութիւնը կեղծելու, ճշմարտութեան դէմ մեղանչելու խնդրի հետ եւ վաւերացնելու Հայոց ցեղասպանութեան փաստը: Ցեղասպանութեան փաստի վաւերացումը կստիպի Թուրքիային յարգելու միջազգային կարծիքը եւ հաստատելու իր կարեւոր հարեւանի` Հայաստանի, հետ բարիդրացիական յարաբերութիւններ: Հաւատացեք, որ սա ամենաիրատեսական ու արդարացի ուղին է հայ-թուրքական յարաբերութիւնների խնդրի լուծման հարցում»: Նամակին կից Ա.Գրիգորեանը ներկայացրել է Եւրոպայի մի շարք յայտնի անձնաւորութիւնների կողմից ԱՄՆ նախագահին ուղղուած դիմում-նամակը` ստորագրուած 2009թ-ի ապրիլին: Այդ նամակի տակ իրենց ստորագրութիւններն էին դրել Եւրոպայի մի շարք նշանաւոր գործիչներ, այդ թւում, ինքը` Աշոտ Գրիգորեանը` Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի նախագահը (Սլովակիա), Մարիոս Գարոյանը` Ազգային Ժողովի նախագահ /Կիպրոսի հանրապետութիւն/, Շառլ Ազնաւուրը` Երգիչ, հասարակական գործիչ (Ֆրանսիա), Հիլդա Չոբոյանը` Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ (Ֆրանսիա), Սերգեյ Խաչատրեանը` Ջութակահար (Գերմանիա), Արթուր Աբրահամը` Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (Գերմանիա) եւ Լեւոն Արոնեանը` Շախմատային գրոսմեյսթեր (Գերմանիա): Նամակում, մասնաւորապէս, ասուած էր. «Մենք` Եւրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ շնորհակալութեան խորը զգացումով Ձեր նախընտրական գործընթացի ժամանակ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ արտայայտած դիրքորոշման համար եւ համոզուած ենք, որ շարունակելով հարազատ մնալ այդ գաղափարներին, Դուք կնպաստեք Միացեալ Նահանգների Կոնգրեսի կողմից համապատասխան բանաձեւի ընդունմանը: Մեծարգոյ Նախագահ, Եւրոպայի հայկական համայնքները անցեալ տարիների ընթացքում նպաստել են մի շարք եւրոպական երկրների պառլամենտներում համանման բանաձեւերի ընդունմանը այն խորին համոզմամբ, որ դրանով օգնելու են թուրք-հայկական յարաբերութիւնների նորմալ զարգացմանը եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ բարիդրացիական յարաբերութիւնների ձեւաւորմանը: Օգնելով Թուրքիային հաշտուելու իր անցեալի ու մաքուր յարաբերութիւններ ծաւալելու իր մերձաւոր հարեւանի հետ, մենք նպաստում ենք, որպէսզի նա անցնի ժողովրդավարութեան զարգացման ճանապարհով, եւ հնարաւորութիւն ստեղծում այդ երկրի համար ապագայում Եւրոպայի Միութեան ընտանիքի լիիրաւ անդամի իրաւունք ստանալ: Միացեալ Նահանգների կողմից եւս Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի ընդունումը մեծապէս կնպաստի պատմական այս գործընթացին եւ կօգնի Թուրքիայի իշխանութիւններին անցնելու «ռուբիկոնը» ու ազատուելու պատմութիւնից իրենց բաժին հասած ծանր բեռից»: «Մեծարգոյ Նախագահ, Հաւատով ու յոյսով սպասում ենք այս ապրիլի 24-ի Ձեր պատմական ելոյթին եւ յայտնում մեր հիացմունքն ու խորին շնորհակալութիւնը Ձեր սկսած գործընթացների համար»,- ասուած էր անցած տարի ԱՄՆ նախագահին ուղղուած բաց նամակում:
  -   Քաղաքական