Յայտնի արգենտինահայ տենորի առաջին երկու համերգները<br /> Հայաստանում<br />


Յայտնի արգենտինահայ տենորի առաջին երկու համերգները
Հայաստանում

  • 13-04-2010 01:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արմատներով հայ արգենտինացի տենոր Խուան Տարբինյանը այս տարի առաջին անգամ երկու համերգով ելոյթ ունեցաւ Հայաստանում` կատարելով Ջուզեպպե Վերդիի «Տրուսադուր» օպերայում «Տրուբադուրի» դերը, ինչպէս նաեւ նեոպոլիտանական երգեր եւ արիաներ: Արգենտինահայ տենորը, բարձր գնահատելով իր ելոյթների կարեւորութիւնը հայրենիքում, գտնում է, որ աւելի մեծ պատասխանատւութիւն էր զգում հայերի, քան ցանկացած այլ երկրի հանդիսականի առջեւ երգելիս, չնայած որ Արգենտինայում, Իտալիայում եւ Եւրոպայի բազմաթիւ քաղաքներում, որտեղ ինքը ելոյթ է ունենում համերգներով, դասական երաժշտութեան նկատմամբ հետաքրքրությունն աւելի մեծ է: «Աւելի յուզուած եմ բեմ բարձրանում, քանի որ Հայաստանում իմ արմատներն են»,- ասում է երգիչը: Խ.Տարբինյանի գնահատմամբ, հանդիսատեսի ջերմ ընդունելությունը, առաւել եւս հայրենիքում, իր համար աւելի կարեւոր է, քան ցանկացած կոչումներ եւ պարգեւներ: Երեւանում այս օրերին կայացած համերգները արգենտինահայ երգիչը նուիրել է իր նախնիների յիշատակին, ովքեր դարասկզբին գաղթել էին Արգենտինա: «Հայերէնը միշտ հնչել է մեր տանը: Մեծ մայրս եւ ծնողներս միշտ հայերէն են խօսել»,- նշում է երգիչը: Արգենտինայի հայկական մշակոյթային միութեան փոխնախագահ Ադրինե Կասբարյանը հանդիսացել է կապող օղակը տենորի եւ Հայաստանի միջեւ. «Ես չէի պատկերացնում, ինչպէս կարելի է, որ Խուանը աշխարհի տարբեր երկրներում համերգներով հանդէս գայ եւ չերգի հայրենիքում»,- «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում խօստովանել է Ա. Կասբարյանը: Երեք տարի շարունակ աշխատանքներ են տարուել Խ.Տարբինյանի` Հայաստան այցելելու նպատակով, եւ այս տարի վերջապէս երգիչը ելոյթ ունեցաւ հայրենակիցների համար: Ա.Կասբարյանը չբացառեց, որ այս տարուայ ընթացքում տենորը կրկին անգամ համերգներով հանդէս կգայ Հայաստանում: Էլեն Չիլինգարյան
  -   Մշակոյթ