Ռուսաստանի ջավախահայ համայնքի յայտարարութիւնը Հայոց<br /> ցեղասպանութեան առաջիկայ 95-րդ տարելիցի կապակցութեամբ<br />


Ռուսաստանի ջավախահայ համայնքի յայտարարութիւնը Հայոց
ցեղասպանութեան առաջիկայ 95-րդ տարելիցի կապակցութեամբ

  • 12-04-2010 19:09:00   |   |  Քաղաքական
ԱԽԱԼՔԱԼԱՔ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ինչպէս հաղորդում է analitika.at.ua-ն, խմբագրութիւնն ստացել է Ռուսաստանի ջավախահայ համայնքի յայտարարութիւնը, որը հրապարակւում է ամբողջութեամբ. «Ապրիլի 24-ին ողջ աշխարհում նշւում է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը: Այս տարեթիւը պայմանական է. այդ օրը 1915 թուականին Թուրքիան` սկսելով հայ մտաւորականութեան ոչնչացումից, Ցեղասպանութեան մի փուլից անցաւ միւսին, «մասնակի» Ցեղասպանությունից` հայերի գլխովին ոչնչացմանը իրենց պատմական հայրենիքում: 1894-1923 թթ. ժամանակամիջոցում Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի կառավարութիւնները իրականացրին հայերի, յոյների եւ ասորիների պլանաչափ զանգվածային ոչնչացում այդ ժողովուրդների բնակութեան պատմական տարածքում: Այդ ժամանակամիջոցում ըստ տարբեր գնահատումների սպանվեցին, կամ անտանելի պայմանների միջոցով նպատակաուղղուած ձեւով մահուան հասցուեցին, մօտ երկու միլիոն հայեր, հարիւր հազարաւոր հույներ եւ ասորիներ: Օսմանեան եւ թուրքական կառավարությունների յանցաւոր գործողութիւնները արտայայտութիւն գտան մի շարք պատմական փաստաթղթերում եւ ենթակայ են Ցեղասպանութեան կոնվենցիայի գործողութեանը: Դեռեւս 1915 թ. մայիսին Մեծ Բրիտանիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան ընդունեցին յայտարարութիւն, որով դատապարտում էին Հայոց ցեղասպանութիւնը` իբրեւ «հանցագործութիւն ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակրթության»: 1919 թ. թուրքական ռազմական տրիբունալը հեռակայ մահապատժի դատապարտեց երիտթուրքական կառավարութեան պարագլուխներին Թուրքիայի քրիստոնեայ բնակչութեան զանգվածային բնաջնջման համար: Չնայած դրան, ժամանակակից Թուրքիայի կառավարութիւնը ժխտում է իր տարածքում իրականացուած Հայոց ցեղասպանութեան փաստը: Դեռ աւելին, Թուրքիան միակողմանիօրէն իրականացնում է Հայաստանի Հանրապետութեան շրջափակում` հրաժարուելով նրա հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց, առաջադրում է անհեթեթ նախապայմաններ, խտրական քաղաքականութիւն է վարում Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ եւ նպատակամէտ աւերում հայ մշակոյթի յուշարձանները պատմական Արեւմտյան Հայաստանի տարածքում: Թուրքիան նաեւ Ադրբեջանի պանթիւրքական ղեկավարութեանն է հրահրում ցեղասպանական գործողութիւնների հայ ժողովրդի նկատմամբ: Այդ քաղաքականութեան արդիւնքը եղան Հայոց ցեղասպանութեան կրկնությունները արդէն Ադրբեջանի տարածքում, մասնաւորապէս հայերի ջարդերը Սումգայիթում (1988 թ.), Բաքւում, Կիրովաբադում, Մարաղայում (1990 թ.), ագրեսիան Լեռնային Ղարաբաղում հայ էթնոսի լիակատար ոչնչացման նպատակով եւ մշակոյթային ցեղասպանութիւնը հայ ճարտարապետական յուշարձանների նկատմամբ (վերջին դէպքերից մէկը Ջուղայի պատմական հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացումն էր Նախիջեւանում): Այս համատեքստում, առանձնակի մտահոգութիվւն է հարուցում համաշխարհային հանրութեան անբաւարար հակազդեցութիւնը Թուրքիայում եւ Ադրբեջանում տիրող ատելութեան մթնոլորտին հայերի հանդէպ, որ դարձել է այդ երկրների պաշտօնական գաղափարախօսութեան բաղկացուցիչ մաս: Ներկայումս ո'չ Թուրքիայում, ո'չ Ադրբեջանում չեն դատապարտում եւ նոյնիսկ սովորական ցավակցություն չեն արտայայտում կատարուված ոճրագործութիւնների առնչութեամբ: Ընդհակառակը, Թուրքիայում Հայոց ցեղասպանութիւնը արդարացնում են, հանցագործութեան կազմակերպիչներ Թալեաթին, Էնվերին եւ մյուսներին վերածում են ազգային հերոսների, դրանով իսկ հավաստելով իրենց հակահայկական քաղաքականութեան ժառանգականութիւնը: Ադրբեջանում պետական մակարդակով մշակւում է յետագայ տարածքային էքսպանսիայի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետութեան տարածքում, որ պաշտօնապէս յայտարարուած է «Արեւմտյան Ադրբեջան», հայոց ցեղասպանութեան գաղափարախօսական հիմք: Այսօր, ինչպէս եւ անցեալում, Թուրքիան վարում է ակտիւ հակահայկական քաղաքականութիւն` Ադրբեջանին ցուցաբերելով ռազմական, քաղաքական եւ դիւանագիտական աջակցութիւն հայկական Ղարաբաղի դէմ իր գաղութարարական պատերազմում: Իրեն Անվտանգութեան խորհրդի գործառոյթներ վերագրելով, Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանին յայտարարել է շրջափակում: Այդ քաղաքականութեան շարունակումը աւելի եւ աւելի մեծ չափով է հակասում նրանց երկարաժամկէտ շահերին, լուրջ վնաս հասցնում նրանց դիրքին համաշխարհային հանրութեան մէջ: Այդուամենայնիւ, քաղաքական, իրաւական եւ բարոյական հրամայականներ կան, որոնց հետ Թուրքիան չի կարող հաշուի չնստել: Նա չի կարող հաւերժ ապրել «ժողովուրդների դահճի» խարանով, կատարած հանցագործությունների համար հատուցման սինդրոմով: Ադրբեջանը, ինչպէս եւ Հայաստանը, չեն կարող անտեսել այն անվիճելի հանգամանքը, որ ոչ միայն տնտեսական զարգացումը, այլեւ իրենց քաղաքական գոյութիւնն իսկ իբրեւ անկախ պետութիւններ կախուած է խաղաղութիւնից եւ իրենց բարիդրացիությունից: Իրաւունքի եւ արդարութեան հիման վրայ այդ ողբերգութեան մասնակիցների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման կարեւոր պայման է այն տերությունների քաղաքական կամքի առկայութիւնը, որոնք որոշում են ժամանակակից միջազգային յարաբերութիւնների զարգացման ընթացքը, կրկնակի ստանդարտներից հրաժարուելու, Ցեղասպանութեան այս եւ այն զոհի միջեւ տարբերութիւն չդնելու, իրաւունքի եւ բարոյականութեան անանց արժէքների գործողութիւնը նեղշահադիտական նպատակներին չենթարկելու նրանց պատրաստակամութիւնը: Արեւմուտքին, որ հանդէս է գալիս 21-րդ դարի աշխարհակարգի նոր հայեցակարգով` հիմնուած միջազգային իրաւունքի վրայ, եւ ՆԱՏՕ-ին, որ հաւակնում է այդ աշխարհակարգը հաստատող եւ ապահովող ուժի դերակատարության, հարկ է նախ իրենց վրայից մաքրել գործակցի, իսկ որոշ եւրոպական տերությունների համար` հայ ժողովրդի ցեղասպանութեան յանցակցի համբաւի ամօթալի բիծը: Նրա համար ժամանակն է դադարեցնել այն բանի «չճանաչման» անպարկեշտ խաղը, որը հենց ինքն էլ միանշանակ եւ պաշտօնապէս ճանաչել է իբրեւ «հանցագործութիւն ընդդէմ մարդկութեան»: Նման նշանային հարցում անսկզբունքային ազդեցութիւնից Արեւմուտքին անհրաժեշտ է անցնել իրաւունքի, արդարութեան եւ բարոյականութեան պաշտպանութեան քաղաքականութեան: Վերոշարադրեալի առնչութեամբ Ռուսաստանի ջավախահայ համայնքը յայտարարում է. - Թուրքիան պարտաւոր է սեփական նախաձեռնութեամբ հանդէս գալ Ցեղասպանութեան զոհերին կամ հայ ժողովրդին ամբողջութեամբ նիւթական եւ բարոյական վնասի հատուցման առաջարկութեամբ, - Թուրքիան պարտաւոր է իբրեւ վստահութեան առհաւատչեայ բարի կամքի խորհրդանշական ժեստ անել` հայերի համար շոշափելի եւ նրա համար քաղաքականապես անվտանգ, աւելի ստոյգ` ԵՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքոյ ընդունել ծրագիր` ուղղուած իր տարածքում ցրված հայ ճարտարապետութեան պատմական յուշարձանների յետագայ աւերման դէմ, - Թուրքիան պարտաւոր է իբրեւ բարիդրացիական յարաբերութիւնների հաւաստիք Հայաստանին յանձնել անմիջականօրէն սահմանակից Հայաստանի միջնադարեան Անի մայրաքաղաքի աւերակների հողատարածքը, - Թուրքիան պարտաւոր է վերանայել իր վերաբերմունքը հայ ազգային օջախի գաղափարի նկատմամբ: Գործելով մարդու իրաւունքների մասին միջազգային դաշնագրերի պահանջների ոգով, նա պարտաւոր է չեղեալ յայտարարել իր այն օրէնքները, որ հայերին զրկում են իրենց նախնիների դարերով ապրած հողերը վերադառնալու իրաւունքից, - Թուրքիան պարտաւոր է քաղաքակրթական գիծ քաշել անցեալի վրայ, վերացնել Հայոց ցեղասպանութեան հետեւանքները եւ անհնարին դարձնել դրա կրկնութիւնը: Նոր յարաբերութիւնները չեն կարող կառուցուել արիւնոտ անցեալի սրբագործման, կողոպուտների, բռնութիւնների, ցեղասպանութեան օրինականացման վրայ: Առանցքային հարցը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի նոր յարաբերութիւնների կառուցման մէջ ղարաբաղեան հարցի արդարացի եւ շտապ կարգաւորումն է: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրայ կախուած ցեղասպանութեան կանխարգելման խնդիրը որոշիչ գործօն է Ադրբեջանի հետ խաղաղ կարգաւորման ժամանակ հայկական այդ տարածքի կարգավիճակի խնդրի լուծման համար: Ցեղասպանութիւն ապրած ժողովրդի հետ ցեղասպան պետութեան յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է լիովին բացառի կոտորածի, ջարդերի կամ բռնագաղթի ցանկացած ձեւով հանցագործութեան կրկնության հնարաւորութիւնը: Անվտանգութեան, ցեղասպանութեան քաղաքականութեան զոհ դարձած ժողովրդի բուն գոյութեան իրաւունքի ապահովումը հնարաւոր է միայն անջատ գոյութեան ճանապարհով: Թուրքիան պէտք է այդ հարցում գրաւէր կշռադատուած դիրքորոշում` հաշուի առնելով հայերի եւ թուրք-ադրբեջանցիների յարաբերութիւնների ողջ համալիրը: Եթէ ուզում են, որ հայերը ճանաչեն էթնիկական իրողութիւնները, որ ստեղծուել են Ցեղասպանութեան հետեւանքով Արեւմտյան Հայաստանում եւ 1921 թ. նրանից խլուած Կարսի մարզի տարածքում, այդ նոյն ժամանակ Ադրբեջանին յանձնուած Նախիջեւանի եւ Շարուրի տարածքում, ապա հարկ է, որ իրենք յարգեն թեկուզեւ Լեռնային Ղարաբաղի հազարամեայ էթնիկ պատկանելութիւնը հայերին: Հայոց ցեղասպանութեան հերթական տարելիցի կապակցութեամբ Ռուսաստանի ջավախահայ համայնքը յայտարարում է պատմական ճշմարտութեան ճանաչման համար պայքարը շարունակելու եւ հայ եւ ցեղասպանութեան ակտերից տուժած միւս ժողովուրդների նկատմամբ արդարութեան հասնելու իր վճռականութեան մասին: Ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ հնարաւոր բոլոր հանցագործություններից ծանրագույնն է, որ խախտում է մարդու իրաւունքների ողջ համալիրը եւ մարտահրաւեր նետում համաշխարհային ողջ հանրութեանը եւ իւրաքանչիւր մարդու առանձին վերցրած: Հայոց ցեղասպանութեան փաստը լռութեան մատնելը եւ անտեսելը անմաքրաբարո քաղաքական գործիչների եւ վարձու կառոյցների կողմից փաստորեն նշանակում է վերջիններիս մեղսակցութիւնն այդ յանցագործութեանը: Պատմութիւնը հայերին սահմանել է կողք կողքի ապրել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ: Հայաստանը մասնատել են, հայերին ցրել աշխարհով մէկ, սակայն չի յաջողուել բնաջնջել եւ դուրս մղել ողջ ազգը: Հայ ժողովուրդը կարողանում է ներել եւ պատրաստ է յարաբերութիւններ կառուցել բոլոր հարեւանների հետ: Սակայն հայ ժողովուրդը չի հանդուրժի սակարկություն Հայոց ցեղասպանութեան փաստի ճանաչման հարցում: Տարելիցի նախաշեմին մենք կոչ ենք անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց միացնել իրենց ձայնը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու պահանջին եւ հասնել արդարութեան այդ հանցագործութեան զոհերի նկատմամբ,- յայտարարել է Ռուսաստանի ջավախահայ համայնքը:
  -   Քաղաքական