«Արդշինինվեստբանկ»-ի «Գորիս» մասնաճիւղի 7 աշխատակիցներ<br /> մեղադրւում են յանցաւոր ճանապարհով ստացուած եկամուտներն<br /> օրինականացնելու մէջ<br />


«Արդշինինվեստբանկ»-ի «Գորիս» մասնաճիւղի 7 աշխատակիցներ
մեղադրւում են յանցաւոր ճանապարհով ստացուած եկամուտներն
օրինականացնելու մէջ

  • 07-04-2010 19:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան Քննչական վարչութիւնում աւարտուել է «Արդշինինվեստբանկ»-ի «Գորիս» մասնաճիւղի կառավարչի կողմից խաբէութեամբ առանձնապէս խոշոր չափերի գումար յափշտակելու եւ յանցաւոր ճանապարհով ստացուած եկամուտներն օրինականացնելու փաստի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը: Քրէական գործի նախաքննութեան օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացութիւնը: ՀՀ Գլխաւոր դատախազութեան պետական շահերի վարչութեան հարուցած քրէական գործի նախաքննությամբ, որի կատարումը յանձնարարուել էր ԱԱԾ-ի Քննչական վարչութեանը, պարզուել եւ հիմնավորվել է, որ «Արդշինինվեստբանկ»-ի «Գորիս» մասնաճիւղի կառավարիչ Հ.Բախշեանը 2006-2009թթ.-ին թւով 95 ֆիզիկական եւ 5 իրաւաբանական անձանց անուններով ձեւակերպել է կեղծ վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 918 մլն 789 հազար 604 դրամ: Վարկերը ձեւակերպուել, ելքագրվել եւ իւրացուել են նրա կողմից փաստացի ղեկավարւող ընկերութիւնների գործունէութեան եւ անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ ուղղուել է կեղծ վարկերը եւ դրանց տոկոսները մարելուն: Այդ գործողութիւններով Հ.Բախշեանը, նախաքննական մարմնի գնահատմամբ, թաքցրել եւ խեղաթիւրել է նախկինում հափշտակած առանձնապէս խոշոր չափերի հասնող ընդհանուր առմամբ 496 մլն 863,5 հազար դրամ գումարի իրական բնոյթը, ծագման աղբիւրները, տեղաշարժը եւ օրինականացրել յանցաւոր ճանապարհով ստացած եկամուտները: Արդիւնքում` «Արդշինինվեստբանկ»-ին պատճառուել է 693 մլն 808 հազար 812 դրամ գումարի գոյքային վնաս: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան, նախաքննությամբ ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ «Գորիս» մասնաճիւղի 7 աշխատակցի, նրանց թւում մասնաճիւղի կառավարչին, գլխաւոր հաշվապահին եւ գանձապահին, հաշուապահութեան եւ վարկային բաժնի աշխատակիցներին, առաջադրուել է մեղադրանք: Մասնաւորապէս, «Գորիս» մասնաճիւղի կառավարիչ Հ Բախշեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ Քրէական օրէնսգրքի 179-րդ յօդուածի 3-րդ մասի 1-ին կէտով եւ 190-րդ յօդուածի 3-րդ մասի 1-ին կէտով, իսկ մյուսներին` ՀՀ Քրէական օրէնսգրքի 38-179-րդ յօդուածի 3-րդ մասի 1-ին կէտով: Քրէական գործն ուղարկուել է Սիւնիքի մարզի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարան` ըստ էութեան քննելու:
  -   Հասարակութիւն