Տօնախմբուեց Սուրբ Գայանեանց կոյսերի յիշատակը

Տօնախմբուեց Սուրբ Գայանեանց կոյսերի յիշատակը

  • 14-06-2022 15:12:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Յունիսի 14-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց Սուրբ Գայանեանց կոյսերի յիշատակը: 
 
Բերկառատ տոնի առիթով առաւօտեան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսաւոր թափօրը Էջմիածնի Հայորդեաց տան սաների թմբուկների զարկերի ներքոյ առաջնորդուեց Սուրբ Գայանէ վանք: Թափօրը մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կամար գլխաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մարտիրոս սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանին: 
 
Սուրբ Գայանէ վանքի առջեւ թափօրը դիմաւորեցին Մայր Աթոռի Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը, վանքի հոգեւոր սպասաւորներն ու բազմաթիւ հաւատաւոր հայորդիներ:  
 
Սուրբ Գայանէ վանքում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Գայանէ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթէոս վարդապետ Պողոսեանը:
 
Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանեանց կոյսերի կեանքին եւ նահատակութեան պատմութեանը, ընդգծեց, որ  նրանք իրենց անբասիր մաքրութեամբ, անսասան հաւատքով, առաքինի վարքով, քաջութեամբ ու համարձակութեամբ, առ Աստուած տոգորուած սիրով դարձան Տիրոջ երկնաւոր արքայութեան ընտրեալները:  
 
«Հռիփսիմեանց ու Գայանեանց նահատակութեամբ եւ Միածնի էջքով հայոց երկիրն ու ժողովուրդը  դարձան  Աստծոյ ընտրեալը», - ասաց Հայր Մատթէոսը` յորդորելով հաւատացեալ ժողովրդին մշտապէս հայցել Սուրբ Գայանեանց  եւ  Հռիփսիմեանց բարեխօսութիւնն առ Աստուած, որպէսզի Տէրը միշտ պահապան լինի մեր երկրին ու ժողովրդին եւ Քրիստոսի բարեբեր խաղաղութիւնն իջնի աշխարհի վրայ:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն