Սուրբ Յովհաննէս Կարապետի մասունքը տարուել է Շողակաթի վանք


Սուրբ Յովհաննէս Կարապետի մասունքը տարուել է Շողակաթի վանք

  • 16-06-2022 15:07:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Յունիսի 16-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Յովհաննէս Կարապետի եւ Սուրբ Աթանագինէ եպիսկոպոսի տոնը, որը նաեւ Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:  
 
Սուրբ Յովհաննէս Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առաւօտեան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարուեց եկեղեցականների հանդիսաւոր թափօրով: Թափօրը մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կամար գլխաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծագոյն սրբի մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետեւ սրբազան մասունքը կրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը եւ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ․ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը:
 
Սուրբ Շողակաթ վանքի առջեւ թափօրը դիմաւորեցին բազմաթիւ ուխտաւորներ` Մայր Աթոռի Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի գլխաւորութեամբ:  
 
Տոնի կապակցութեամբ վանքում մատուցուեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Կ. Պոլսի հայոց պատրիարքութեան միաբան Հոգեշնորհ Տ. Յարութիւն վարդապետ Տամատեանը: 
 
Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին,  կոչ արեց հաւատացեալներին` իբրեւ փրկութեան լոյսի, փարուել Հայ Եկեղեցուն, Մայր Աթոռին,  Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի օրինակով լինել Աւետարանի քարոզիչներ, քրիստոնէութեան ջատագովներ, աւետարանական սրբութիւնները պահպանողներ եւ մշտապէս հայցել Սուրբ Յովհաննէս Կարապետի եւ Սուրբ Աթանագինէ եպիսկոպոսի բարեխօսութիւնը հայոց ազգի եւ հայրենիքի համար:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն