Նաիրա Փիրումեան. Ցաւի գոյնը
Էս կսկիծով եմ ասում,բայց չկայ Հայաստան պարոնայք:
Կան միայն հայեր, որ ապրում էն երկրի վրայ: ԵՒ Ամերիկա էլ չկա, Ֆրանսիայ էլ չկա, Իտալիայ էլ չկայ: Միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք:
Վիլեամ Սարօյեան
Ֆրեզնոյի հարուստ, կանաչների մէջ կորած հայաշատ թաղամասերից մէկում` Եդեմում, արդէն կէս դար, իր երկյարկանի ու գեղեցիկ տանն էր ապրում Արաքս Բաբայեանը:
Կինն ապրել ու ապրում էր միայնակ
Այդ առաւօտ, հազիւ բացելով անքնութիւնից ծանրացած կոպերը. լուսադէմին էր միայն կարողացել աչք փակել, բերանի մէջ չորութիւն զգալով` ձեռքը մեկնեց եւ վերցրեց մահճակալի մօտ, փոքրիկ սեղանին դրուած բաժակը: Բաժակը դատարկ էր:
-Լիւսի~,- կանչեց կինը:
-Դուք արթնացե՞լ էք, տիկին Արաքս,- սենեակ մտնելով եւ մօտենալով պառկած կնոջը, հարցրեց Լիւսին:
-Ծարաւ եմ, ջուր բեր, աղջիկս:
-Հիմա:
-Գիշերը լաւ չքնեցի, հիմա էլ ինձ վատ եմ զգում: Երէկ դրսում երկար մնացի, մրսեցի հաւանաբար: Երբեմն մոռանում եմ, որ արդէն ծեր եմ, էլ առաջուանը չեմ. մի թեթեւ քամի ու անկողնում եմ,- ջուրը խմելով եւ բաժակը մեկնելով աղջկան, ասաց կինն ու աւելացրեց,- ապրես: Իսկ հիմա տրորիր խնդրում եմ ձեռքերս, մատներս այնքան էն թմրել, որ չեմ զգում նրանց:
Աղջիկը մի կողմ դնելով ձեռքի բաժակը, իր ափի մէջ առաւ ծերացած ձեռքն ու սկսեց մերսել նախ մէկը, յետոյ` միւսը: Երբեմն- երբեմն հայեացքը գցելով կնոջ դէմքին` նա շարունակում էր մերսել արդէն չորացած, ոսկրոտ ձեռքերը` մատների ծայրերից մինչեւ դաստակներն ու մտովի խօսում. «Որքայ~ն մաշուած ու ծերացած էն նրանք: Տեսնէս ինչե՞ր ունէն իրենց մէջ պահած այս ափերը»:
Իսկ երբ աւարտեց գործը, կնոջ ձեռքերը զգուշութեամբ դրեց վերմակի տակ եւ մեղմօրէն հարցրեց.
-Հիմա լաւ՞ էք զգում ձեզ:
-Համեմատաբար` այո: Ապրես: Ին՞չ կանէի առանց քեզ, իմ հեզ ու բարի աղջիկ,- հարցրեց ծեր կինը:
-Մէկ ուրիշին կը գտնէիք,- ծիծաղելով պատասխանեց աղջիկը:
-Մէկ ուրիշի՞ն, չէ~: Քո նմանին չէի գտնի: Եթէ ջահէլ լինէի, հեշտ կը լինէր, բայց առաջացած տարիքս, տեսածս ու ապրածս ինձ շատ էն փոխել...
-Էս գոհ եմ, որ հէնց ձեզ մօտ եմ աշխատում, ձեզ նման կնոջն օգնում:
Ին՞չ է տեսել ու ապրել, մտածեց աղջիկը, բայց ոչինչ չհարցրեց: Իսկ Արաքսն ի պատասխան նրա բարձրաձայն խօսքի, միայն ժպտաց, այլեւս ոչինչ չասաց: Որքայ~ն կեանք կայ այս աղջկայ մէջ, որքան ուրախութիւն ինքն այս տարիքում տխուր յիշողութիւններով ու դառնութեամբ էր լցուած դէպ աշխարհը
Արաքսն ութսունին մօտ էր ու թէպէտ տարիները սրբել ու տարել էին նրա դէմքից երիտասարդութիւնը, միեւնոյնն է, նայելով նրան, կ'ասէիր` անցեալում գեղեցիկ կին է եղել: Դիմագծերի համաչափութիւնը, աչքերի մէջ դեռեւս պահպանուած փայլը, խօսում էր երիտասարդ տարիների նրա հմայքի ու գեղեցկութեան մասին: Բայց այդ գեղեցկութեան տակ մի անտեսանելի թախիծ էր քօղարկում: Դա էր պատճառը, որ նա իր շրջապատին արտաքուստ թւում էր սառն ու անտարբեր: Հաւանաբար դա նրա միայնակ մնալու պատճառներից մէկն էր...
-Այսօր ինձ չէ՞ն զանգել,- մի փոքր անց, հարցրեց Արաքսը:
-Զանգել էն:
-Իսկ Սուրէնը՞:
-Նա առաւօտ վաղ զանգեց: Ասացի` դեռ քնած էք: Նա էլ թէ` երբ քոյրս արթնանայ կ'ասէք, որ երեկոյեան կողմ կը հանդիպեմ:
-Սուրէնը, սիրելի եղբայրս -ինքն իրէն մրմնջաց Արաքսն ու փակեց աչքերը:
-Տիկին Արաքս, դուք ուտել չէ՞ք ուզում,- քիչ անց, հարցրեց աղջիկը:
-Սուրճ բեր միայն:
-Միգուցէ՞ ուտէք, յետոյ` սուրճ:
-Ուտել դեռ չեմ ուզում, աւելի լաւ է սուրճս բեր,- ձայնը մի փոքր բարձրացնելով, ասաց կինը:
-Լաւ,-պատասխանեց աղջիկն ու հեռացաւ:
Երբ եղբայրը եկաւ, քոյրը համեմատաբար լաւ էր զգում իրէն: Նա անկողնուց վեր էր կացել, հագնուել, յարդարուել. սպասում էր եղբօրը:
-Քոյրս, ի՞նչ է եղել քեզ: Գոյնդ փոխուած եմ տեսնում, - համբուրելով քրոջ այտը, հարցրեց Սուրէնը:
-Բան չկայ, պարզապէս մի փոքր տկար էի ինձ առաւօտից զգում:
- Չգիտեմ - չգիտեմ, քեզ լաւ նայիր: Մեր տարիքի մարդիկ շատ շուտ էն հիւանդանում, իսկ դա արդէն վտանգաւոր է,- ասաց եղբայրն ու նստեց քրոջ մօտ` բազմոցին: Սկսեցին խօսել առօրեայ անցուդարձից, եղանակից.
-Հաճելի եղանակներ էն դրսում: Դու պէտք է շատ լինէս մաքուր օդում: Քայլիր այգում` ծառայող աղջկադ հետ: Տանն աշխատիր քիչ լինել,- խորհուրդ տուեց եղբայրը: Յետոյ էլ թէ` իսկ գո՞հ էս այդ աղջկանից:
-Այո: Հասկացող աղջիկ է: Մի քանի օր է, որ աշխատում է, բայց նոյն բանը երկրորդ անգամ դեռ չեմ կրկնել: Զարմանալի է, որ ամէն ինչ այդքան արագ է ըմբռնում: Որտեղի՞ց գտար նրան,- ժպտալով հարցրեց քոյրը:
-Ընկերոջս գրասենեակում գրանցուած, ծառայութիւն փնտրող աղջիկների ցանկում եմ նրա անունը գտել: Ասեմ նաեւ, որ աղջիկը սովորում է, ապագայ փաստաբան է: Ընկերս ինքն էլ խորհուրդ տուեց նրան վերցնել: Ասաց, որ հարցազրոյցի ժամանակ հասկացող ու բարի անձ է թուացել: Իսկ աղջիկը քեզ ասել է՞, որ մօրական կողմից նրա մեծ մայրը հայուհի է,- յօնքերը բարձրացնելով, հարցրեց Սուրէնը:
-Ոչ, չի ասել: Մի օր անպայման կ'ասի,-ժպտաց Արաքսն ու կանչեց,- Լիւսի~, մեզ սուրճ ու աղանդներ բեր:
Եղբայրը քրոջից մեծ էր երկու տարով, բայց ամուր կազմուածքը, բարձր հասակը եւ շարժումների սահունութիւնը, ցոյց չէին տալիս պատկառելի տարիքը: Հայեացքը թանձր էր, խիստ: Կզակը ամուր, ոսկրոտ: Դա խօսում էր նրա բնաւորութեան հաստատկամութեան ու խստութեան մասին:
Առաջին հայեացքից քոյր ու եղբայր նման չէին միմեանց: Բայց ուշադիր նայելով, կը տեսնէիր մի իւրայատուկ գիծ, որ յատուկ է միայն Բաբայեանների ընտանիքին: Ձախ յօնքից վերեւ, ասես յատուկ գծուած մի գիծ էր բարձրանում դէպի ճակատը եւ կորչում մազերի արմատների մէջ: Որտեղ էլ նրանց սերունդները լինէն, ապրեն, գիծն անփոփոխ է: Այդ գիծը Բաբայաններինն է:
-Իսկ դու ինչպէ՞ս էս,- հարցրեց քոյրը:
-Վատ չեմ: Դեռ պինդ եմ,- ծիծաղելով պատասխանեց Սուրէնը:
-Լաւ է, ուրախ եմ քեզ համար, գոնէ դու ամուր եղիր,- ասաց քոյրը:
-Դէ հասկանում էս, այժմ, երբ Վաղարշակն է գործի գլուխ անցել, էս հանգիստ եմ: Պատկերացնու՞մ էս, այգեգործութեամբ եմ սկսել զբաղուել:
-Գովելի է շատ,- բռնելով եղբօր ամուր ու մեծ ձեռքը, ժպիտով ասաց քոյրը:
-Գիտե՞ս, մեր եղբայր Ֆուադ -գրիգորը մէկ ամիս առաջ Բիթլիսի կողմերն էր մեկնել իր առեւտրային գործերով: Խնդրել էի, երբ գնաս` ինձ խաղողի տնկիներ բեր: Բերեց: Հիմա էլ ամբողջ օրը դրանցով եմ զբաղուած: Դու չէս կարող պատկերացնել, թէ ի~նչ իւրայատուկ էն էդ տնկիներն ու որքան էն տարբեր տեղի տեսակներից. աւելի հաստ էն ու ճկուն,- ոգեւորուած ասաց Սուրէնը:
-Այո՞: Չգիտէի, ոչինչ չէս ասել տնկիներիդ մասին եւ ոչ էլ Գրիգորն է ինձ ասել, որ Բիթլիս է մեկնելու: Հիմա ինձ ոչ ոք ոչինչ չի ասում: Է~հ, ծերացել եմ, դա է պատճառը:
-Այդպէս մի ասա: Հիմա արդէն իմացար, չէ՞ քոյրս,- այդ դիմելաձեւը` քոյրս, գալիս է փոքրուց, Սուրէնն այն երբեք չփոխեց:
-Բիթլիսի անունը լսելով, յուզւում եմ: Որքան փոքր էի, երբ հեռացանք, բայց մէկ է, կ'ուզէի, գոնէ մե'կ անգամ մահից առաջ գնալ հայրենի քաղաքը, մեր ծնողների ու մեծ հայրիկ -մայրիկի ապրած տունը տեսնել: Հալէպն աւելի լաւ եմ յիշում, բայց արի տէս, Բիթլիսն եմ կարօտում,- ասաց Արաքսն ու աչքերը լցրեց: Մտքով` յուշի թեւով, թռաւ հեռու, շատ հեռու, դէպի մանկութիւն
-Ին՞չ տուն, ինչե՞ր էս խօսում -նախատող տօնով հարցրեց եղբայրը: Չէր ուզում քոյրը նեղսրտի: Յուզուե՞լ այնտեղ թողած ու թաղած մանկութեան համար: Չէ~, թոյլ չի տա
-Գրիգորն ինձ կը տանէր, եթէ առողջութիւնս ներէր: Թէպէտ հիմա նեղսրտեցի, որ գնացել-եկել է ու ինձ ոչինչ չի ասել,- ասաց Արաքսը:
Ամէն անգամ քոյր ու եղբայր իրար տեսնելով, խօսում էին հայրենիքի, հայրական տան մասին: Ու այդպէս` քանի~ տարի
-Հասկացիր, տուն չկա': Քրդեր էն վաղուց այնտեղ ապրում: Հայկական ոչինչ չի մնացել այնտեղ: Հայերէն միայն հինաւուրց քարերն էն իրար հետ խօսում: Օտարի շունչն է այնտեղ: Աւերուած է երկիրը: Մեր եղբօր ասելով Բիթլիսն այժմ արեւելեան մի մեծ շուկայ է` անշուք ու կեղտոտ տեսքով: Իսկ բերդը սկսել է փլուել: Բաղնիքներից էլ, ինչպէս ինքն է ասում, միայն կամարաձեւ սիւններն էն մնացել,- ծանր հոգոց հանելով, տխուր դէմքով, բացատրում էր Սուրէնը: Գրիգորը շատ էր լսել Բաղէշի գեղեցկութեան ու ճարտարապետութեան մասին:
-Միեւնոյնն է, կ'ուզէի գնալ ու վերջին անգամ տեսնել: Այն մե'ր հայրենիքն է:
Տիրեց ճնշող լռութիւն: Այն խախտում էր միայն սուրճի բաժակի ձայնը, երբ ամէն ումպից յետոյ դրւում էր ափսէի մէջ:
-Հալէպից հեռանալն էլ դժուար էր,-կամաց ասաց Սուրէնը:- Երբ Ֆրեզնոյ էինք գալիս, ինձ թւում էր որոշ ժամանակ անց, նորից կը վերադառնանք Հալէպ, մայրիկի մօտ: Այդ էր պատճառը, որ Հալէպը միշտ ինձ համար մնաց մայրիկի ծոցի նման տաք ու թարմ:
-Մօտ օրերս ուզում եմ մեր մեծ հայրիկի ու մայրիկի գերեզման այցի գնալ: Երեւի կիրակի էլ պատարագի լինեմ Սուրբ Երրորդութիւն եկեղեցում: Կ'ուղեկցե՞ս ինձ, - շեղուելով ցաւոտ թեմայից, հարցրեց քոյրը:
-Հետաքրքիր է, այժմեան եկեղեցին շա՞տ է տարբեր նախկինից,-անսպասելի հարցրեց Սուրէնը:
-Դա ինչու՞ էս հարցնում,-խիստ զարմացած հարցրեց քոյրը:
-Պարզապէս ուզում եմ իմանալ,-ժպիտով պատասխանեց եղբայրը:-ասում էն, մինչ այրուելը, հին Սուրբ Երրորդութիւնն աւելի գեղեցիկ է եղել:
-Միգուցէ՞... Հիմա ոչ ոք չի յիշի հինը, որքան գիտեմ տասնչորս թուին է այրուել:
Քոյր ու եղբայր յաճախ էին այցի գնում մօրական կողմից մեծ հայրիկի ու մայրիկի գերեզմանը: Այդ մարդիկ թաղուած էին «Արարատ» գերեզմանատանը: Այնտեղ գնալով յարգում էին նաեւ օւկանոսի այն կողմում անգերեզման մնացած հօր` Վաղարշակի եւ Հալէպում թաղուած մօր` Սաթենիկի ու մէկ այլ հարազատ մարդու` ազգութեամբ արաբ, Մուստաֆայի սուրբ յիշատակը:
-Ի հարկէ, դու միայն օր առաջ ինձ տեղեակ պահիր, էս կը գամ քեզ հետ,-համաձայնուեց Սուրէնը: Դեռ փոքր տարիքից իրէն աւագ զգալով, մի առանձնայատուկ հոգատարութիւն էր տածում դէպի Արաքսը: Տարիները չփոխեցին ոչինչ նրա եւ քրոջ մէջ` սէր ու յարգանք միայն: Նախանձելի հարազատներ էին, միւս բաեկամներին, շրջապատին գեղեցիկ օրինակ:
Մօրական կողմից նրանք ունէին երեք եղբայր եւ երկու քոյր: Ու չնայած հօրից տարբեր էին, բայց շատ սիրով էին ու անշուշտ` կապուած:
- Մի մեծ ու գեղեցիկ ընտանիք ենք,- ասում էին Սաթենիկ Բաբայեանի բոլոր եօթ րեխաները, երբ հաւաքւում էին իրենց ընտանիքներով Արաքսի տանը` այս կամ այն տօնի առիթով: Այս երեխաներից միայն Արաքսը չամուսնացաւ, իր օջախը չունեցաւ, բայց նրա տունը միւսների համար դարձաւ հայրական տուն, հարազատ բոյն: Միգուցէ՞ դա էր պատճառը, որ բոլորի յարգանքն ու սէրն առանձնայատուկ էր իրենց քրոջ հանդէպ:
-Մեր քոյրն ու մայրն է մեր Արաքսը -ասում էին նրանք:
-Արաքս, անուշիկ քոյրս, պէտք է գնամ: Մի քանի օրից նորից քեզ մօտ կը լինեմ,- ասաց եղբայրն ու խոնարհուելով դէպի քոյրը, հրաժեշտի համբոյր թողեց ճակատին: Ու հէնց այդ պահին, սենեակի անկիւնում, փոքրիկ սեղանին դրուած մի հին ու մաշուած տիկնիկ նկատեց:
-Սա ի՞նչ տիկնիկ է,- անչափ հետաքրքրուած, հարցրեց եղբայրը: Քոյրը միայն տխուր ժպտաց.
-Չէ՞ս յիշում
-Միթէ՞ սա այն տիկնիկն է - ու այդ պահին ինչոր բան հեռուից, ասես յուշի թեւով եկաւ ու նստեց Սուրէնի գլխում:
-Այո: Հայրիկի նուիրած տիկնիկն է: Մի շաբաթ առաջ եմ գտել, հին իրերի մէջ: Իսկ ինձ թւում էր, կորցրել եմ: Երբ նաւով գալիս էինք տիկնիկն իմ գրկին էր: Յիշեցի՞ր
-Տեսայ ու յիշեցի: Յիշեցի, ինչպէս տիկնիկը ձեռքին հայրիկը ժպիտով տուն մտաւ: Յիշեցի քո ուրախութիւնը, ճիչը այս անշունչ տիկնիկը մէջս միանգամից մեր հեռու օրերի, մեր ընտանիքի ուրախ պատկերները կենդանացրեց: Բիթլիսը եկաւ աչքիս առաջ, մեր տունը, հայրիկն ու մայրիկը, - տխուր, շփոթուած, ասաց Սուրէնը:
-Այո: Իսկ էս որքան եմ ափսոսում, որ այդ բոլորը շատ ու շատ աղօտ եմ յիշում - ասաց կինը: Նրա ծերացած այտերով սկսեցին հոսել արցունքի փոքրիկ առուակներ: Յետոյ սրբելով աչքերը, Արաքսը մօտեցաւ ու վերցրեց տիկնիկը, սեղմեց չորացած կրծքին: Այն իրօք շատ էր մաշուած, նախկինում ունեցած նոր ու գեղեցիկ ժանեկազարդ հագուստները պատռուած ու գունաթափուած էին այժմ: Տիկնիկի գեղեցիկ, մարմարէ դէմքն ու վերջոյթները մաշուել էին ժամանակների մէջ: Բայց միեւնոյնն է, այն սիրելի էր ծեր կնոջը, քանի որ հիմա իր ու Սուրէնի մանկութեան միակ վկան էր իրենց կորցրած Բիթլիսից: Ու այն էլ` ինչպիսի~ մանկութեան անչափ փոքրիկ:
-Յիշիր, բայց մի տխրիր այդքան էս գնում եմ: Իսկ կիրակի առաւօտ ինձ սպասիր ու քեզ էլ լաւ նայիր,- արագ-արագ ասաց Սուրէնն ու դուրս եկաւ սենեակից:
Թուաց, ինչ որ մէկը բռնել էր կոկորդից ու խեղդում էր, շունչը կտրւում էր: Նոյն սենեակում, յուշերի հետ չէր կարող այլեւս մնալ նրան օդ էր պէտք:
Բայց արդէն ուշ էր, յուշերը թռել` եկել էին
Նա Ֆրեզնոյ էր եկել տաս տարեկանում, իր ութամեայ քրոջ հետ: Այստեղ մեծ հայրիկի ու մայրիկի սիրոյ ու գուրգուրանքի մէջ մեծացան իրենք: Անցաւ մանկութիւնը, պատանեկութիւնը: Բայց վաղ մանկութեան տեսածն ու ապրածն իրենց սիրելի Բիթլիսում` մնաց երեխաների հոգիներում, չջնջուեց, այլ տարիների հետ աւելի ու աւելի խտացաւ ու տխուր կերպար ստացաւ:
Այժմ էլ յաճախ, առանց դուռը զարկելու, յուշերը նէր էին խուժում Սուրէնի մաշուած ու ծերացած հոգին ու տակնուվրայ անում ամէն ինչ: Ին՞չ էն ուզում: Ին՞չ էն փնտրում նրանք իր մէջ: Եր՞բ էն հանգիստ թողնելու: Գոնէ մահից առաջ, այս ծեր տարիքում` կարո՞ղ է մի փոքր ազատ ապրել. յուշերից հեռոյ~ւ, կը տրուայ~ծ
-Սրտիս մէջ այնքան չթափուած արցունք կայ,- յիշելով մեծերից մէկի խօսքերը, կամաց կրկնեց Սուրէնը, յետոյ շարունակեց ի'ր միտքը,- յետոյ էլ այդ նոյն արցունքը կարծրացաւ, քար դարձաւ: Իսկ քարը՞, քարը ճնշում է հոգիս ու դեռ որքայ~ն կճնշի
Արտաքուստ կենսուրախ, պինդ, կոճղի նման ամուր տղամարդը կուչ էր եկել փողոցում: Նայեց քրոջ տան կողմը: Միայն թէ քոյրը չնկատէր իր տեսքը. մեղք է Արաքսը: Յետոյ անհանգստութիւնից այնքան հարցեր կը տայ: Ո՞ր մէկի պատասխանը ճիշտ ասէր ինքը: Ասէր, որ յուշերն անդադար հետապնդում էն իրէն, որ անգամ գիշերը հանգիստ քուն չունի: Չէ~...
-Ա~խ, այդ տիկնիկը, հոգուս կեղեւուած, արիւնոտ վէրքը փորփրեց ու բացեց: Յուշերի մի հսկայական կտաւ բացեց` տարբեր գոյներով ու կերպարներով: Հայրիկս, իմ սիրելի հայրիկը... մտքով աւելի հեռուն թռչելով, մրմնջաց Սուրէնը: Միշտ ուզում էր հօրը յիշել ուրախ, կենսախինդ տեսքով, ինչպէս իրականում նա կար, բայց հոգում մեխուել է ընդմիշտ վերջին պահին տեսածը. թուրքերի ուղեկցութեամբ գնում էր հայրը, անորոշութեամբ ու տխրութեամբ լի հայեացքով` ուղղուած տան կողմը այդ նոյն ժամանակ իրենք պատուհանից թաքուն հետեւում էին հորը
Սուրէնը մտածեց տուն վերադառնալ, բայց տնեցիներին չէր ուզում երեւալ այս տեսքով: Թող իր ցաւը միայն ինքը քաշի: Յետոյ դիմելով իր ետեւից եկող վարորդին, ասաց.
-Մի փոքր քայլել եմ ուզում, իսկ դու պարզապէս քշիր իմ ետեւից:
-Ա~խ այդ տիկնիկը... -նորից մրմնջաց նա: Տիկնիկի հետ մէկ այլ յուշ եկաւ ու թառեց իր հոգում վերհիշեց մեծ հօրն ու նրա պատմութիւնից պատառիկներ, այն պատմութիւնից, որից ինքն արդէն վաղուց գիշեր թէ ցերեկ լսում էր:
-Ձագս, Բիթլիսն ուրիշ աշխարհ էր էս մեծ աշխարհի մէջ:Նրա հողի նման հող չկայ ոչ մի տեղ: Այնքան քաղցր, որ նրա մէջ աճած մրգի քաղցրութիւնից շուրթերդ կպչում էին իրար, թւում էր անուշ շաքար էս բերանդ առնում: Ֆրեզնոյի ջուրն ու միրգն էլ պակաս քաղցր չէ, բայց է'ն համն ու բոյրը, որ ունէր Էրգրինը` չե'ս գտնի աշխարհի ոչ մի տեղ:
Յիշիր պատմութիւնս, ձագս, մի մոռացիր եւ երբ մեծանաս` դու էլ քո ձագուկներին փոխանցիր:
Երբ մեծ հայրը` Յովսէփը, պատմում ու նկարագրում էր Բիթլիսը, իրենք արդէն Ֆրեզնոյում էին, մայրիկից հեռու: Բիթլիսում շատ բան տեսած եւ ապրած Յովսէփի պատմածը ժապաւէնի նման պտտւում էր փոքրիկ տղայի գլխում:
-Աւելի լաւ է, մի տեղ նստեմ. ոտքերիս յոգնութիւն եկաւ,- ինքն իրէն ասաց նա ու իր ետեւից եկող վարորդին ձեռքով ցոյց տալով, թէ ուր է գնում` մտաւ բացօթեայ մի սրճարան: Եղանակը հաճելի էր: Շուրջը խաղացող թեթեւ քամին տարուբերում էր նրա ալեխառն ու խիտ մազերը: Սրճարանում շատ մարդ չկար: Երիտասարդ մի զոյգ էր, որ քիթ-քթի տուած զրուցում էր ու մի կին, իր փոքրիկի հետ: Փոքրիկն ուտում էր, իսկ մայրը` սիրառատ հայեացքով նայում էր ու հարցեր տալիս: Երեխան առանց կտրուելու ուտելիքից, թշիկները լցնելով, գլխով պատասխանում էր մօրը:
Յիշեց իր մօրը` Սաթենիկին
Սուրէնը սառոյցով վիսկի պատուիրեց ու ձեռքի մէջ պտտելով բաժակը` նայեց փողոցով քայլող անցորդներին:
Նրանցից ամէն մէկն ի'ր պատմութիւնն ունի: Հետաքրքիր է, նրանց էլ է՞ իրենց անցեալն այսպէս պինդ բռնել, ինչպէս իրէն իր անցեալը: Նրանցը հաւանաբար գունաւոր է, որ հեռանալով աւելի է հիւթեղ դառնում: Իսկ իրենը սեւ է: Ինչու՞ չեմ կարող ետ բերել անցեալում ունեցածս ու սեւի հետ գոնէ մի փոքր վառ գոյներ խառնել: Լաւ, իրենը փոխեց, իսկ միւսներինը՞, այն հազարաւոր երեխաներինը, որոնք ընդհանրապէս մանկութիւն չտեսան:
Իրենք մեծ հայրիկ ու մայրիկ ունէին հեռաւոր Ֆրեզնոյում, կարողացան գալ ու ապրել: Լաւ կրթութիւն ստանալ: Դրամ աշխատել եւ մեծերի ստեղծածը կրկնապատկել ու եռապատկել:
-Բիթլիսի վիլայեթը ,-շարունակում էր յիշել մեծ հօր պատմութիւնը Սուրէնը,- գտնւում է Վանայ լճից հարաւ արեւմուտք: Տաւրոսեան լեռնաշղթան վիլայեթը բաժանում էր երկու մասի: Նրա հարաւային մասով հոսում էր Տիգրիս գետի մի ճիւղը, իսկ հիւսիսայինով` Եփրատի մի ճիւղը: Աշխարհագրական կազմութեամբ այն մի հետաքրքիր պատկեր էր իր հսկայ լեռնաշղթաներով, խոր ձորերով եւ միմեանց յաջորդող դաշտավայրերով: Ինքը` քաղաքը, գտնւում էր մի գեղեցիկ ձորի մէջ ու նրա լանջերին: Գարնանն ու աշնանը տեղացած առատ անձրեւներից ու ամռան տաք արեւից, բերի հողում գցած ամենափոքրիկ հատիկն անգամ չէր կորչում, ծլում ու բազմանում էր: Ցորենի արտերն ու մրգառատ այգիները քաղաքի զարդն էին:
-Ձագս, ուզում եմ այս բոլորը լաւ յիշես: Թող պատմութիւնս զուր չանցնի - շարունակում էր պատմութիւնը մեծ հայրիկը:- Որքայ~ն շատ էին մեր քաղաքում եկեղեցիները, գիտե՞ս: Շուկայից մի նեղ ճանապարհ էր բարձրանում դէպի ձախ: Այդ ճանապարհը գնալով լայնանում էր: Դա Եախսըզ փողոցն էր, մեր փողոցը, բաւականին երկար մի փողոց: Իսկ թաղը կոչւում էր Էրկիզան` թաղուած հարուստ բուսականութեան մէջ, զարդարուած պտղատու ծառերով: Հէնց փողոցի վերջում էր գտնւում Կարմրակ Սուրբ Նշան եկեղեցին: Էս ու մեծ մայրիկդ աւելի յաճախ այնտեղ էինք գնում, աղօթում` հոգեկան մխիթարութիւն ու հանգստութիւն գտնում: Այդ եկեղեցում ենք ախր մենք պսակուել: Քեզ ու քրոջդ` Արաքսին էլ էն ծնողներդ այնտեղ կնքել չէս յիշի, փոքր էս եղել:
-Ոչ, յիշում եմ: Յիշում եմ, ինչպէս լողացրեց տէր Վահանը մեզ,- ինքն իրէն խօսեց Սուրէնը:
- Իսկ գիտե՞ս, թէ ինչպէս է մնացել եկեղեցու անունը` Կարմրակ Սուրբ Նշան,-շարունակում էր մեծ հայրը:- Դարեր առաջ է եղել դա: Նոր-նոր պէտք է եկեղեցու քարերը դրուէին: Մի առաւօտ վարպետները գործի ժամանակ նկատում էն եկեղեցու հիմքում մի փոքրիկ, անօգնական, ամբողջութեամբ սպիտակ, բայց ճակատին սեւ նշանով գառնուկ: Այդ անմեղ արարածին տեսնելով, վարպետներից մէկը գոռում է.
-Նշանը, նշանը
Ու այդպէս էլ մնում է եկեղեցու անունը` Նշան: Իսկ Կարմրակ անունը ստացել է կարմիր սրբատաշ քարերի համար:
Բաղէշը հին է իր գոյութեամբ ու պատմութեամբ: Նրա շուրջը կարելի էր տեսնել անցեալի բեկորներ` վկաներ, միջնադարեան ճարտարապետութեան կոթողներ: Մի ինքնակամ փոքրիկ աշխարհ էր, բազում ճանապարհների խաչմէրուկ: Ահա այսպիսինն էր մեր Բաղէշը, ձագս
Ինչ-որ մէկն ընդհատեց Սուրէնի միտքը: Մատուցողն էր.
-Պարոն, ձեզ էլի վիսկի բերեմ:
-Ոչ,- կտրուկ ասաց Սուրէնը: Նեղսրտեց, որ իրէն կտրեցին իր թէկուզ տխուր, բայց հարազատ ու հեռաւոր մտքերից: Յետոյ նայեց ժամացոյցին ու ասաց,- տուն գնալուս ժամն է, կ'անհանգստանան, ուշացայ:
-Հայրիկ, ինչու՞ ուշացար,- դռների մէջ հօրը տեսնելով, անհանգստացած հարցրեց Վաղարշակը,- զանգեցի, հօրաքոյրն ասաց, որ վաղուց էս դուրս եկել իր տնից: Հաւանաբար անհանգիստ է հիմա:
Տղան նման էր հօրը, բայց աւելի գեղեցիկ ու առնական: Սեւ աչքունք, կարճ ու խնամքով կտրած մազեր եւ անշուշտ` ճակատին Բաբայեաններին յատուկ գիծը: Այժմ նա է կանգնած «Բաբայեան գորգ» ընկերութեան գլուխ:
-Զանգիր հօրաքրոջդ եւ ասա, որ արդէն տանն եմ, թող չմտահոգուի ուշանալուս համար,- սաց Սուրէնն ու գնաց դէպի իր աշխատասենեակ, որը հիմա աւելի շատ տղային է ծառայում, քան իրէն: Դուռը ծածկեց ու նստեց բազկաթոռին: Սենեակը մութ էր:
Երբ փոքր էր, վախենում էր ջրից ու մթութիւնից, բայց հայրիկը սովորեցրեց նրան թէ մէկին, թէ միւսին: Հայրը հրաշալի լողորդ էր:
-Մթութեան մէջ, ոչինչ չկայ: Այ, լոյսը վառեմ ինքդ կհամոզուէս: Տէս, նոյն իրերն էն, նոյն պատերն ու առաստաղը եւ վերջապէս մենք` էս ու դու,- ծիծաղելով ասում էր հայրն ու գրկում տղային, յետոյ վառում լոյսը, անջատում եւ այդպէս մի քանի անգամ, մինչեւ տղան կարողացաւ իր միջից հանել այդ զգացումը:
- Իսկ ջուրը փոքրիկս, պէտք է սիրել
Յետագայում Հալէպում վախը նորից զգացնել էր տալիս, արթնանում էր սարսափած` ամենափոքրիկ շարժից ու աղմուկից: Գիշերները քնում էր մօրն ամուր փարուած:
-Հայրիկ, ի՞նչ որ բան է եղել,- սենեակի դուռը բացելով եւ հօրը մթութեան մէջ անշարժ նստած տեսնելով, հարցրեց որդին:
Սուրէնի յուշերը նորից ընդհատուեցին
-Չէ, անհանգստանալու բան չկայ: Պարզապէս մտքերս էն խառը: Մի փոքրիկ իր, պարզապէս մաշուած տիկնիկ այսօր տեսայ հօրաքրոջդ տանն ու մէջս ամէն ինչ տակնուվրայ եղաւ: Վէրքս նորից բացուեց - նայելով տղային, տխուր ասաց Սուրէնը:- Ի~նչ լաւ է, որդիս, որ դու եւ քոյրդ հեռու էք իմ ունեցած, հեռուներում թողած աշխարհից:
-Ա~խ հայրիկ, ինչո՞վ օգնեմ քեզ, ի՞նչ վէրքի մասին էս խօսում,- հօր տեսքից ինքն էլ տխրեց, յետոյ առանց լոյսը վառելու, նստեց գորգին, ուղիղ հօր ծնկների մօտ: Մթութեան մէջ հայր ու որդի աւելի մօտ էին:- Ուզում եմ խոսէս, պատմես: Դու այնքան քիչ բան էս մեզ պատմել քեզնից: Այնքան քիչ բան գիտենք մեր անցեալից: Պատմիր, պատմելով կը թեթեւանաս, իսկ էս կ'իմանամ այն, ինչ այդպէս տանջում է քեզ:
-Միշտ ցանկացել եմ ձեզ հեռու պահել այդ ամէնից: Բայց տեսնում եմ, սխալ բան եմ արել: Մարդը պէտք է իր պատմութիւնն իմանայ, իր ցեղը ճանաչի: Մեր ընտանիքի պատմութիւնը քեզ կանեմ, որդիս: Դա կը լինի նաեւ քո հայ ցեղի պատմութիւնն այն սարսափելի ժամանակներում, -ասաց Սուրէնը:
Նա լուռ շոյեց որդու մազերը, նայեց նրան ու սկսեց խօսել
***
Բաղէշում շատ յայտնի էր Սուրէն Բաբայեանի մեծ հօր` Յովսէփ Գրիգորեանի, փոքրիկ գորգագործարանը: Դա տասնիներորդ դարի վերջն էր: Յովսէփը շարունակում էր իր հօր գործը: Նրա գորգերը շատ լաւ վաճառւում էին Բաղէշից դուրս` Հալէպում ու Պարսկաստանում: Գաղտնիքը կարմիր տորոն ներկն էր, որով ներկում էր բրդեայ թելերը: Նրանք էին հէնց իւրայատուկ գունային խաղեր ստեղծում գործած պատկերների մէջ, էլ աւելի ընդգծում ու բարձրացնում գորգի արժէքը: Ինչպէս շատ ու շատ վայրերում ստեղծուած գորգեր, այստեղ հիւսուած ամէն մի գորգ եւս մի պատմութիւն էր մարդկանց կեանքի ու կենցաղի մասին:
Իսկ տորոնի ստեղծման գաղնիքը պահւում էր շատ խիստ ու փոխանցւում` թոռից- թոռ: Յովսէփին դեռ մեծ հայրն էր բացել գաղտնիքը` ասելով.
-Մանչս, իմացիր, որտեղ էլ լինէս, որ արեւի տակ էլ ապրես, քո մի կտոր հացն է սա: Այս գաղտնիքը եկել է իմ հօրից: Դու էլ քո թոռներին կը փոխանցես: Միայն մեր ճիւղին, յիշի'ր
Թոռը հաւատարիմ մնաց մեծ հայրիկի խորհրդին:
Ամուսնանալով հարեւանի գեղեցկատէս աղջկայ` Անթառամի հետ, շատերի նման Միացեալ Նահանգներ տեղափոխուեց նաեւ Յովսէփը: Այդ ժամանակ բազում հայեր էին սկսել գաղթել: Երկրե- երկիր անցնելով, Յովսէփն էլ շատերի նման եկաւ ու հանգրուանեց Բիթլիսին իր բնութեամբ նման Ֆրեզնոյում: Հայերն այստեղ աճեցնում էին ծիրանի ու նշի ծառեր, նաեւ նռնենի, ձիթենի ու ընկուզենի: Ջուրն էլ շատ նման էր հայրենիքի ջրին: Յովսէփը մեծ երազներով եկաւ այդ օտար երկիրը եւ չէր էլ պատկերացնում, որ իր գործն այստեղ` Ֆրեզնոյում, կարող է կանգ առնել: Զբաղուեց միայն թելեր ներկելով եւ վաճառելով, յոյսով, որ կը գայ ժամանակ եւ ինքն այստեղ եւս կը շարունակի իր գործը:
Երբ ծնուեց Յովսէփի եւ Անթառամի դուստրը` Սաթենիկը, նրանց ուրախութեանը չափ չկար: Յովսէփն ի հարկէ տղայ էր ուզում ունենալ, սակայն նորածին փոքրիկին առաջին անգամ տեսնելով սիրելի կնոջ գրկում` մեղա-մեղայ Աստուած` ասաց:
-Մանչ էի երազում, որ իմ ծուխը ծխա, որ իմ գործը յիշուի, որ իմ անունը մնա բայց Աստուած այսպէս կամեցաւ,- աւելացրեց Յովսէփն ու լռեց:
Դա հազար ութ հարիւր իննսունչորս թիւն էր:
Սաթենիկին, որն իր գեղեցկութեամբ մօրն էր նման, տասնհինգ տարեկանում ամուսնացրին Ֆրեզնոյում ապրող երիտասարդ բաղեշցի Վաղարշատ Բաբայեանի հետ, որին փոքր տարիքում Ֆրեզնոյ էր բերել մօրեղբայրը: Տղան սիրահարուեց սեւաչեայ, բարակիրան աղջկան: Աղջիկն էլ սիրեց տղային եւ իր նորաստեղծ ընտանիք բերեց մօրից ժառանգած ու սովորած գեղեցիկ շնորհները: Լաւ ու համեղ ձեռք ունէր Սաթենիկը, ինչը միշտ գովում էր համեղ ուտեստների սիրահար ամուսինը.
-Սիրում եմ քո եփած, համն ու հոտը միշտ տեղը ճաշերը:
Ֆրեզնոյում բաղեշցի հայերն իրենց փոքրիկ Բաղէշն ունէին: Նրանք այստեղ բերեցին իրենց սովորոյթները, վարք ու բարքը, կենցաղը, մի խօսքով հայրենիքի ոգին: Բաղէշի խոհանոցը շատ հարուստ էր: Հիմնականում ձաւարով ու ոչխարի մսով բազմատեսակ ճաշերն էին: Սիրում էին նաեւ թանի մէջ եփած բրինձը, որը մատուցում էին նախօրօք կարմիր բիբարով կարմրեցրած յուղով:
Կանայք թխում էին Բաղէշի յայտնի փախլաւան, որն անպայման պէտք է ունենար 30-40 շերտ: Այն այնքան աշխատատար գործ էր, որ միանգամից մի քանի կանայք էին զբաղւում` բացում ու փռում խմորի` թղթի նման նուրբ, բարակ շերտերը, իսկ արանքներում ծեծած ընկոյզն ու դարչինն էր: Թխելուց յետոյ վրան լցնում էն տաք մեղր: Ու ի~նչ համ, ի~նչ բոյր էր ունենում բերանի մէջ հալուող խմորեղէնը: Փախլաւայ թխելը դառնում էր տօն բոլորի համար:
Ամէն տան խոհանոցում իշխում էին էրգրի ճաշերը:
Քանի որ կլիման ու հողը շատ բարենպաստ էին մրգատու ծառերի համար, ապա հայերը գցեցին այգիներ: Հասնում էր տանձն ու թուզը, խաղողն ու նուռը:
Հայրենակիցները յաճախ էին հաւաքւում մի գաւաթ սուրճի շուրջ իրենցից որեւէ մէկի տանն ու բացում զրոյցի մեծ կծիկը: Իսկ նրան վերջ չկար, այն գլորւում էր ու գլորւում շատ հարցերում միատեղ էին մարդիկ. յուշերի մէջ հայրենիքն էր, Բիթլիսն ու իրենց տունը, խեղդող կարօտը
Երիտասարդ Վաղարշակը, որն ամէն ինչ ունէր այդ երկրում լաւ ու գեղեցիկ կեանքի համար, եկաւ մի պահ, որ այլեւս չցանկացաւ ապրել Ֆրեզնոյում: Սկսել էր յաճախ յիշել հայրենի տունը, կորցրած ծնողներին: Նա Բաղէշում ոչ ոք չունէր: Թերեւս միայն հեռաւոր բարեկամներ, որոնք երեւի չէին էլ յիշում իրէն: Ու չնայած դրան, Վաղարշակը երազում էր տուն վերադառնալ:
-Դժուար կը լինի այնտեղ նոր կեանք սկսելը, բայց միեւնոյն է չեմ ուզում այլեւս մնալ այստեղ: Սա իմը չէ, օտար է, ուրեմն նաեւ մեր երեխաներինը լինել չի կարող: Հայրենիքի հողի վրայ քայլենք, նրա հացն ուտենք ու ջուրը խմենք: Այդ դէպքում միայն մեր իսկական ուժը կ'առնենք,- կրկնում էր նա յաճախ կնոջը` Սաթենիկին: Կինը համամիտ էր ամուսնուն` որտեղ քո ցանկութիւնը, այնտեղ էլ` իմը:
Սակայն կնոջ ծնողները կտրականապէս դէմ էին նրանց որոշմանը.
-Ինչու՞ էք ուզում թողնել ու գնալ: Դու այնտեղ ոչ ոք չունէս. մենակ էք լինելու: Մի մոռացիր, որ օտարացած է լինելու քեզ միջավայրը, քաղաքը: Իսկ աղջկաս համար` առաւել եւս, -ասում էր Յովսէփը:
-Այո, մօտ հարազատներ չունեմ: Նրանց մի մասը զոհուեց Սուլթան Համիդի կոտորածների ժամանակ, միւս մասը` գաղթեց: Շատ քչերը կան հիմա այնտեղ: Բայց դեռեւս կլինէն ծանօթներ, ընկերներ, տասերկու տարեկան էի, երբ հեռացանք Բաղէշից: Մէկ է, ուզում եմ գնալ, հողն էլ հոյ օտար չէ՞,- համոզուած ասում էր փեսան, յետոյ աւելացնում,- այժմ Թուրքիան Սահմանադրական երկիր է: Հին կարգերը փոխւում էն կամաց-կամաց: Բոլոր ժողովուրդներն էլ հաւասար էն, անկախ կրօնից ու ազգից: Էս ուզում եմ երեխաներս այնտեղ մեծանան: Այս ամէնը, որ շրջապատում է մեզ այստեղ, միշտ էլ օտար է եղել ինձ եւ էս չեմ ուզում այս օտար ափերում մեծանան իմ փոքրիկները:
Այդ ժամանակ նա արդէն երջանիկ հայր էր. հազար ինը հարիւր տաս թուին ծնուեց նրա եւ Սաթենիկի անդրանիկ որդին` Սուրէնը: Իսկ երկու տարի անց` Արաքսը:
Յովսէփը, որն ամբողջ կեանքում տղայ էր երազել, փոքրիկ Սուրէնի ծնուելն Աստծոյ պարգեւ համարեց:Նա աշխարհի ամենաերջանիկ մեծ հայրիկն էր.
-Ինձ` էլ մեռնել չկայ:
Նա շարունակում էր իր գործը` թելեր ներկելը, գաղտնիքը պահելով ու ոչ մէկին չբացելով: Բայց տեսնելով, որ աղջկայ ու փեսայի հայրենիք մեկնելն անխուսափելի է եւ ոչինչ չի կարող արգելք լինել նրանց, նա փոխանցեց Վաղարշակին այն` ինչ պահում էր միայն թոռան համար, ասելով հետեւեալը.
-Որդիս, Վաղարշակ, ինչպէս տեսնում եմ, չեմ կարող համոզել, որ ետ կանգնէս քո որոշումից: Մնում է համաձայնուել քեզ հետ, բարին մաղթել ու բացել այն գաղտնիքը, որը մեր ընտանիքում թոռից-թոռ է անցնում: Սուրէնս փոքր է, նրան իմ ասածները հասու չէն կարող լինել: Ուրեմն ասելիքս քոնն է հիմա: Էս որդի չունեցայ, դու դարձար ինձ եւ որդի, եւ փեսայ: Սակայն խոստացիր, որ երբ գա ժամանակը, դու այն կսովորցնէս որդուդ` իմ փոքրիկ Սուրէնին: Իսկ այժմ քո առաջ կը բացեմ տորոնի` կարմիր ներկի գաղտնիքը: Դու ինքդ էս տեսնում, թէ ինչպէս է բարձրանում գորգի գինն այդ գոյների շնորհիւ: Յոյսով եմ, այդ գործը միշտ շահութաբեր կը լինի քեզ: Այսուհետ գաղտնիքը քոնն է:
-Շնորհակալ եմ հայրիկ, որ ինձ էք վստահում ձեր ընտանիքի պահածն ու շահածը: Էս կանեմ այնպէս, ինչպէս դուք էք ցանկանում,- զգացուած աներոջ խօսքերից, ասում է Վաղարշակը:
-Ափսոսում եմ մի բանի համար, որ ինքս չեմ կարող ձագուկիս սովորեցնել: Ինքս կը բացէի այդ հետաքրքիր աշխարհի բազում դռները նրա համար: Աւա~ղ, շատ փոքր է
Յովսէփը մտածում էր, որ ինքն արդէն մեծ է, որ էլ երբեք չի տեսնի թոռներին, աղջկան ու փեսային: Ու նրա գլխում անընդհատ, իրար հերթ չտալով, բազում տխուր ու խառը մտքէր էին պտտւում ու խաչաձեււում...
-Ախր ինչու՞ էն այս հանգիստ կեանքը թողնում ու գնում,- ասում էր նա կնոջը` Անթառամին:
-Ա~խ, ի՞նչ իմանամ: Առանց նրանց ո՞նց ենք ապրելու,-ամուսնու խօսքին աւելանում էր կնոջ արտասուաթոր խօսքն ու անհանգստութունը:
***
Փոքրիկ Սուրէնի ու Արաքսիի հետ Վաղարշակն ու Սաթենիկը հազար ինը հարիւր տասերեքին եկան Բաղէշ: Շատ տպաւորիչ էր նրանց մուտքը Հայրենիք: Վաղարշակը յուզուեց, չոքեց ու համբուրեց հողը, քսեց աչքերին: Սաթենիկը, որ ծնուել էր օտար ափերում, հետեւելով ամուսնուն` կրկնեց այն, ինչ արեց Վաղարշակը:
-Սա է մեր հողն ու տունը, այստեղ ենք ապրելու: Մենք էլ երբեք ոչ մի տեղ չենք մեկնի,- նայելով կնոջը, քնքուշ ժպիտով ասաց նա:
Ֆրեզնոյում իր ապրած, աշխատած տարիների գումարը բերելով Բաղէշ, Վաղարշակը մի փոքրիկ գորգագործարան հիմնեց ու սկսեց աշխատել: Սկիզբը դժուար էր, բայց օգտագործելով տորոնի գաղտնիքը, շատ կարճ ժամանակում գործը բաւականին թափ ստացաւ: Գորգերը քիչ էին արտադրւում, բայց լաւ էին վաճառւում:
Վաղարշակը բոլոր առումներով երջանիկ մարդ էր իրէն համարում. լաւ ընտանիք, հայրենիքում յաջողուած գործ: Էլ ի՞նչ է պէտք իրէն:
Երիտասարդ ամուսինները հիւր էին գնում իրենց հեռաւոր բարեկամներին, հիւր ընդունում: Խնջոյքների ժամանակ իրենց երգով, պարով ու հումօրով հիացնում էին բոլորին: Նրանց մասին սկսեցին խօսել եղան նաեւ մարդիկ, որոնք Վաղարշակին ու նրա գեղեցիկ, օտար ափերում ծնուած, մեծացած կնոջն անտարբեր ընդունեցին:
-Դու՞ նրա հագած շորերը տեսար:
-Բա՞ խօսելը:
-Բայց արի տէս` ասում էն լաւ ճաշեր է եփում, հիւրասէր է:
-Չեմ հաւատում, գոռոզի մէկն է,-այս եւ նմանատիպ շատ ասեկոսներ սկսեցին պտտուել Սաթենիկի շուրջը:
-Ինչու՞ էն մեր հանդէպ այսքան սառը,- հարցնում էր Սաթենիկն ամուսնուն:
-Մենք շատ հեռու ենք եղել նրանցից: Նրանք մեզ չէն ճանաչում,- պատճառաբանում էր Վաղարշակը,- մի նեղուի, այդ ամէնը ժամանակաւոր է:
«Այո, ժամանակաւոր է այդ սառնութիւնը: Կարեւորը, որ հայրենիքում ենք». -ինքն իրէն կրկնում էր Վաղարշակը:
Եթէ Վաղարշակը հայկական կենցաղից շատ բանէր դեռ յիշում էր, ապա Սաթենիկի համար շատ դժուար էր հին, աւանդութիւններ ունեցող երկրում ամէն ինչ զրոյից սկսելը: Ամուսինը չէր վհատւում: Նա ամէն կերպ սատար էր լինում կնոջը, բացատրում, յուշում շատ ու շատ հարցեր:
-Նեղուել երբեք պէտք չէ: Շուտով ամէն ինչ սովորական կը դառնայ նաեւ քեզ համար,- սիրալիր ասում էր նա: Սաթենիկին այդ խօսքերը հաւատ էին ներշնչում:
-Յուսով եմ, որ իրօք այդպէս էլ կը լինի,-սիրտը լցուած դէպի իր դրկից հարեւան-բարեկամները, ասում էր նա:
Եւ կամաց-կամաց սկսեց դառնալ: Չէ որ վերջիվերջոյ այն երկրում էն, որը նաեւ իրենցն է:
Վաղարշակը ժամանակի հետ տեսնում էր իր գործի յաջողութիւնը, ուրախանում դրանով: Այդ ուրախութեանը գումարուեց մանկութեան ընկերոջ` Մամիկոնի հետ փողոցում պատահական հանդիպումը:
-Էս քեզ յաճախ էի յիշում, սակայն թւում էր, մենք էլ երբեք չենք հանդիպի,- ջերմ գրկախառնուելուց յետոյ, ընկերոջը ոտից գլուխ չափելով, ասաց Մամիկոնը` բարձրահասակ, գանգուր մազերով, բեղ մօրուքով մարդը:
-Իսկ էս վստահ եմ եղել, որ վաղ, թէ ուշ մենք մի օր կը հանդիպենք: Հոգուս մի անկիւնում նստած էր այդ հաւատը,- անչափ ուրախացած, աւելացրեց Վաղարշակը:
-Դէ ուրեմն կեցցէ~ քո հաւատը,- գոչեց Մամիկոնը: Հին ընկերները նորից գրկախառնուեցին: Նրանք սկսեցին խօսել, պատմել իրենց մասին: Մամիկոնը մի շաբաթ առաջ էր եկել Պոլսից: Նա եւս որոշել էր մնալ հայրենի քաղաքում: Մամիկոնը բժիշկ էր:
Բաղէշում կային կանանց եւ տղամարդկանց բաղնիքներ: Քաղաքի խօսք ու զրոյցը, ի հարկէ նաեւ ասեկոսը` այստեղ էր: Կանանց համար բաղնիքները միակ ազատ վայրն էր տղամարդու աչքից հեռու, տղամարդուց անկախ:
Իսկ տղամարդկանց համար բաղնիքները սրճարանների շարունակութիւնը լինէին ասես, նաեւ ընկեր -բարեկամների հաւաքատեղի: Զրուցում էին կեանքից, քննարկում ընկերական, գործնական, ընտանեկան բազում հարցեր:
Այստեղ էին սիրում լինել նաեւ Վաղարշակ Բաբայեանն ու իր ընկեր Մամիկոնը: Այստեղ էլ Մամիկոնն ընկերոջը ծանօթացրեց Օսմանեան բանակի սպայ` ծնունդով հալեպցի, բժիշկ Մուստաֆայի հետ: Մամիկոնը Մուստաֆային գիտէր դեռ Պոլսում ուսանելու տարիներից: Նրանք ուսանողական ընկերներ էին:
-Վաղարշակ, ուզում եմ քեզ ծանօթացնել իմ լաւ ըներոջ հետ: Իսկ քեզ Մուստաֆա, հաւաստիացնում եմ, որ իմ ընկեր Վաղարշակը հրաշալի բարեկամ կը լինի քեզ, երբ դուք մտերմանաք: Վաղարշակ, Մուստաֆան նաեւ հրաշալի բժիշկ է, ի տարբերութիւն ինձ, նա շարունակեց ուսումը Լիոնում եւ խորացաւ ականբուժութեան մէջ,- դիմելով ընկերներին, միմեանց ներկայացրեց Մամիկոնը: Կարճ ժամանակում փոխադարձ յարգանք ու վստահութիւն ստեղծուեց այդ երկու տղամարդկանց միջեւ. շուտով լաւ ընկերներ դարձան:
Մուստաֆան յաճախ էր հիւր լինում Բաբայեանների օջախում:
***
Եկաւ հազար ինը հարիւր տասնչորս թուի վերջը
Ամէն ինչ կարծես հանգիստ էր կարծես:
Վաղարշակը շարունակում էր գործը, բայց արդեօ՞ք գործը կար: Վերջին ամիսներին առեւտուր չկար, գորգերը չէին վաճառւում: Ոչ մէկին կենցաղը գեղեցկացնելու հարցը չէր յուզում. երկրում տիրում էր համընդհանուր լարուածութիւն: Դրսում պատերազմ էր: Սկսուել էր զօրահաւաքը:
Իսկ երկրի ներսում շատ տխուր, երբեմն էլ հակասական լուրեր էին պտտւում` անգամ այն, որ տեղահան էն անում հայերին օրէցօր լուրերն աւելի սարսափելի էին դառնում:
Մի օր փողոցում Վաղարշակն ու Մուստաֆան հանդիպեցին ու զրուցելով սկսեցին քայլել դէպի շուկայ: Շրջապատի եռուզեռն ու աշխուժութիւնը կոտրուած էր: Շատ խանութներ, արհեստանոցնէր փակ էին: Ասես թանձր մառախուղ էր կախուել շրջապատի վրայ:
- Մեր գլխավերեւում սեւ ամպեր էն կուտակւում ի՞նչ է կատարւում երկրում, չեմ հասկանում: Պարզւում է, որ Երիտթուրքերը մեզ պարզապէս մոլորեցրին իրենց սին խոստումներով` եղբայրութեան եւ հաւասարութեան կոչերով: Թուրք մամուլում կարդացի Օսմանեան կառավարութեան իբր «բարեացակամ» վերաբերմունքի եւ հայերի «անշնորհակալութեան» մասին,- խիստ մտահոգուած անհաւատալի, սարսափելի լուրերից, ասաց Վաղարշակը Մուստաֆային:
Վաղուց էր նրանց մէջ հասունացել այս զրոյցը, բայց խուսափում էին, ասես դրանով փորձում պահպանել իրար: Չէին շօշափում, գիտէին` ծակող ու սաստիկ ցաւ պատճառող էր զրոյցը միմեանց համար լինելու: Սակայն միեւնոյնն է, դա անխուսափելի էր ազգութեամբ տարբեր, բայց հաւատարիմ ընկերների միջեւ:
Մուստաֆան այդ ժամանակ Բաղէշի զինուորական հիւանդանոցի գլխաւոր բժիշկն էր եւ ամէն ինչ շատ աւելի լաւ էր տեսնում ու հասկանում: Հիւանդանոց էին ներսուդուրս անում բարձրաստիճան թուրքական զինուորականներ եւ նա զգում էր, որ շատ լուրջ է վիճակը: Իր մտերիմ սպաներից մէկին աւելի հարցուփորձ անելով, իմացաւ, որ այլ քաղաքներից ու գիւղերից տեղահան էն արել բազում հայերի, իբր զուտ տեղափոխութեան համար, բայց կէս ճանապարհին կոտորել էն նրանց:
-Ինքս եմ տեսել, ինչպէս շեղեցին ճանապարհից, շարեցին մի կիսաքանդ տան պատի տակ ծեր ու մանուկ եւ կրակահերթ բացեցին նրանց վրայ,- յայտնել էր սպան:
-Բայց ինչու՞, ի՞նչ իրաւունքով,- զարմացած հարցրել էր բժիշկը:
-Ինձ մի հարցրու -խուսափելով պատասխանից, ասել էր սպան: Ու այժմ Մուստաֆան չգիտէր ի՞նչ ասէր ընկերոջը: Պատմէ՞ր նրան լսածը, թէ խնայէր իր բարեկամին` լարուած ջղերն էլ աւելի չլարելու համար: Մուստաֆան լռեց, ընկերը` շարունակեց.
-Ուրեմն սու՞տ էր ամէն ինչ: Իսկ մենք հաւատացինք աղէտալի ճշմարտութիւն է այն, որ թուրքերի հետ յարաբերութիւններն աւելի էն վատթարանալու: Թուրք մամուլը ի՞նչ է գրել, տեսե՞լ էս: Նրանք օրէցօր աւելի յարձակողական դիրք էն գրաւում մեր` հայերիս դէմ: Իբր ռուսներին ենք միացել, իրենց թիկունքից խփել ենք ուզում: Սրանք բոլորը պատճառներ էն մեր դէմ ելնելու, իրենց ուզածն անելու համար: Միայն Աստուած գիտէ, թէ ինչեր ունէն իրենց մէջ պահած, ինչ ծրագրեր` վաղօրօք մշակած:
-Սպասիր, քեզ այդպէս մի տանջիր,- չիմանալով ինչ ասել ընկերոջը, փորձեց հանգստացնել Մուստաֆան: Նա երբեք չէր տեսել Վաղարշակին այդպէս բորբոքուած: Կենսուրախ ու լաւատէս հայը, կարճ ժամանակում փոխուել էր, դարձել նյարդային, դարձել բոց:- Միգուցէ՞ նրանք` հայերն ու թուրքերը, դեռ կը գան ճշմարիտ երկխօսութեան: Չէ՞ որ զգացւում է, թէ որքան լարուած է պահը,- ասաց ու ինքն էլ չհաւատաց իր խօսքերին:
-Է~հ Մուստաֆա, ի՞նչ երկխօսութիւն, էն էլ ճշմարիտ գաւառների՞ց նոր ջարդերի հոտ է գալիս Էս համոզուած եմ, որ ա