Խորհրդարանական կապերը կարող էն էապէս նպաստել Հայաստանի եւ Սլովենիայի քաղաքական երկխօսութեան ակտիւացմանը


Խորհրդարանական կապերը կարող էն էապէս նպաստել Հայաստանի եւ Սլովենիայի քաղաքական երկխօսութեան ակտիւացմանը

  • 13-04-2011 21:26:22   |   |  Քաղաքական
Պաշտօնական այցով Սլովենիայի Հանրապետութիւնում գտնուող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Պաւել Գանտարի հետ: Սերժ Սարգսեան գոհունակութեամբ փաստել է, որ Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ ձեւաւորուել է բովանդակալից քաղաքական երկխօսութիւն, եւ միջպետական յարաբերութիւններում արձանագրուել է զարգացման դրական տեղաշարժ: Սերժ Սարգսեանը նշել է, որ հայ-սլովենական փոխյարաբերութիւնների միջակայքն աստիճանաբար ընդլայնւում է` ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցութեան տարրեր: Բարձր գնահատելով առկայ ձեռքբերումները, ՀՀ նախագահն ընդգծել է, որ դեռեւս շատ անելիք կայ միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղութեամբ: Խորհրդարանական կապերը, լինելով միջպետական յարաբերութիւնների անփոխարինելի բաղադրիչը, ըստ Ս.Սարգսեանի, կարող էն էապէս նպաստել երկու երկրների քաղաքական երկխօսութեան ակտիւացմանը: Սերժ Սարգսեանը կարեւորել է Հայաստանի եւ Սլովենիայի խորհրդարաններում պատգամաւորական բարեկամութեան խմբերի ստեղծումը եւ պարբերական փոխայցերի կազմակերպումը: Միջխորհրդարանական համագործակցութեան համատեքստում նա առանձնակի կարեւորել է միջազգային կառոյցների խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատուիրակութիւնների փոխշահաւէտ եւ արդիւնաւէտ գործակցութիւնը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել նաեւ վարչապետ Բորուտ Պախորի հետ: Զրուցակիցներն անդրադարձել էն երկու երկրներում իրականացուող տնտեսական բարեփոխումների ընթացքին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի յաղթահարման ուղղութեամբ իրականացուած քայլերին` կարեւորելով փորձի փոխանակումը: ՀՀ նախագահի պաշտօնական այցի առաջին օրն աւարտուել է Լիւբլեանայի քաղաքապետ Զօրան Եանկովիչի հետ հանդիպմամբ: Ս.Սարգսեանը հանդիպումից յետոյ քաղաքապետի ուղեկցութեամբ շրջել է Լիւբլեանայում, ծանօթացել Սլովենիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերին:
  -   Քաղաքական