Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչութեան անդամներին
01-08-2022 10:54:59 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Յուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն) կենտրոնական վարչութեան անդամներին` գլխաւորութեամբ վարչութեան ատենապետ Վաչէ Նաջարեանի:
Տիար Նաջարեանը, Նորին Սրբութեանը ներկայացնելով վարչութեան անդամներին, տեղեկութիւններ փոխանցեց Հայաստանում անցկացուած համա-հմըմ-ական 11-րդ մարզախաղերի ընթացքի մասին` ընդգծելով, որ Սփիւռքի շուրջ 645 հայ երիտասարդ մարզիկներ ժամանել էին հայրենիք մարզախաղերին իրենց մասնակցութիւնը բերելու համար:
Ողջունելով հիւրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբութիւնն իր գնահատանքը բերեց ՀՄԸՄ-ի -ի կենտրոնական վարչութեանը հայրենիքում նման նախաձեռնութեան իրականացման համար: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակութիւն յայտնեց այս տարի առաջին անգամ իրականացուած «Հրաշք» մարզախաղերի առնչութեամբ, որոնց մասնակցեցին մտաւոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող շուրջ 200 երեխայ ու պատանի:
Հայոց Հովուապետը կարեւոր նկատեց համահայկական մարզախաղերի անցկացումը, որով լաւագոյն հնարաւորութիւնն է ընձեռնւում հայորդիներին միմեանց ճանաչելու, խանդավառելու, լաւատեսութեան եւ հայրենասիրութեան ոգով լցուելու:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց նաեւ Սփիւռքի հանրային կեանքի աշխուժացմանն ու զօրացմանը միտուած իւրաքանչիւր նախաձեռնում: