Ըստ «Ժառանգութիւն» կուսակցութեան, կառավարութիւնը ոչ միայն արժանավայել կեանք, այլեւ արժանապատիւ թաղում չի կարողանում ապահովել


Ըստ «Ժառանգութիւն» կուսակցութեան, կառավարութիւնը ոչ միայն արժանավայել կեանք, այլեւ արժանապատիւ թաղում չի կարողանում ապահովել

  • 13-04-2011 14:18:07   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւորները շրջանառութեան մէջ էն դրել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովութեան մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքներում փոփոխութիւն կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որի նպատակն է վերստին օրէնքով սահմանել կենսաթոշակառու զինծառայողի մահուան դէպքում նրա յուղարկաւորութիւնը կատարած անձին վճարուող թաղման նպաստը: «Ժառանգութեան» հեղինակած փաթեթով առաջարկւում է այդ նպաստը սահմանել կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով, որը օրէնքներում կատարուած վերջին փոփոխութիւնների հետեւանքով առնուազն վեց անգամ նուազեցուել էր: Մինչ 2010 թուականի հոկտեմբերի 5-ը, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովութեան մասին» օրէնքի համաձայն, կենսաթոշակառուի մահուան դէպքում նրա ընտանիքին վճարւում էր թաղման նպաստ` կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով: Նշուած օրէնքում կատարուած փոփոխութիւնների արդիւնքում կառավարութեանը վերապահուեց կենսաթոշակառուի մահուան դէպքում վճարուող նպաստի չափի սահմանումը: Դրա հիման վրայ կառավարութեան 2010թ. հոկտեմբերի 10-ի թիւ 1392-ն որոշմամբ վերոնշեալ նպաստի չափ սահմանուեց 200 հազար դրամը: 2010 թուականի դեկտեմբերի 22-ին նշուած օրէնքում վերստին կատարուեցին փոփոխութիւններ եւ ուժը կորցրած ճանաչուեցին զինծառայողների թաղման նպաստների վերաբերեալ յատուկ նորմերը: Դրանք վերաամրագրուեցին նոյն օրն ընդունուած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրէնքի 44-րդ յօդուածում: Նոյն յօդուածի 7-րդ մասի համաձայն, «Թաղման նպաստի սահմանուող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից»: Այդպիսով, օրէնքը յստակօրէն ամրագրեց թաղման նպաստի չափի նուազեցման արգելքի սկզբունքը, որը գուցէեւ նախկին օրէնքում ամրագրուած չէր, սակայն ակնյայտ եւ ենթադրելի էր: Հաշուի չառնելով վերոնշեալ հանգամանքները, կառավարութիւնը 2010թ. հոկտեմբերի 21-ի թիւ 1392-ն որոշմամբ մի քանի անգամ նուազեցրեց նախկինում օրէնքով սահմանուած գումարի չափը, ինչը հակասում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրէնքի 44-րդ յօդուածի 7-րդ մասի պահանջներին: «Արդիւնքում ստացւում է, որ մեր պետականութեան կայացման հարցում մեծ աւանդ ունեցող զինծառայողների համար կառավարութիւնը ոչ միայն արժանավայել կեանք, այլեւ արժանապատիւ թաղում չի կարողանում ապահովել: Ուստի, «Ժառանգութիւն» կուսակցութեան պատգամաւորների օրէնսդրական նախաձեռնութեան նպատակը մեր երկրի պաշտպանների մահից յետոյ նրանց ընտանիքների նուազագոյն պաշտպանուածութեան երաշխաւորումն է իբրեւ պետութեան տարրական պարտքի դրսեւորում»,- ասուած է «Ժառանգութիւն» կուսակցութեան հաղորդագրութիւնում։
  -   Քաղաքական