Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը, նախագահութեամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրուայ վերաբերեալ հանդէս է եկել յայտարարութեամբ


Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը, նախագահութեամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրուայ վերաբերեալ հանդէս է եկել յայտարարութեամբ

  • 21-03-2023 13:32:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Խորը ցաւով ենք արձանագրում, որ արդէն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանութիւնները, հայատեաց քաղաքականութեան սաստկացող դրսեւորումներով, արգելափակուած են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը: 
 
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան հայ բնակչութեան նկատմամբ պարբերաբար իրականացուող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնութիւններն ու ահաբեկչական գործողութիւնները առաւել խորացնում են հումանիտար աղէտալի իրավիճակը: Հակառակ Արցախում տեղակայուած խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի` ադրբեջանական իշխանութիւնների յանցաւոր գործողութիւնների հետեւանքով ոտնահարւում են մարդկանց` երեխաների, կանանց եւ ծերերի կեանքի, բուժում ստանալու, տեղաշարժի եւ  հիմնարար միւս իրաւունքները:
 
Բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Միջազգային արդարադատութեան դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակումը վերացնելու  վերաբերեալ: Ողջունում ենք Եւրոխորհրդարանի վեհաժողովի կոչը, որով Ադրբեջանի իշխանութիւններին յորդորւում է կեանքի կոչել Մակ-ի Միջազգային արդարադատութեան դատարանի որոշումը:
 
Տարակուսանք ենք արտայայտում, որ հակառակ միջազգային հանրութեան, վերջինիս իրաւասու եւ ազդեցիկ կառոյցների կողմից ճանապարհը բացելու վերաբերեալ կտրական պահանջներին` առ այսօր արգելափակումը շարունակւում է:
 
Յորդորում ենք Մակ-ի, Եւրոխորհրդարանի եւ Եւրոմիութեան պատկան կառոյցներին,  պետութիւնների ղեկավարներին ու կրօնական առաջնորդներին հետեւողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը, ցեղասպանական գործողութիւնների դատապարտմանը եւ Արցախի բնակչութեան անվտանգ ու բնականոն կեանքի ապահովմանը:
 
Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդէպ բացայայտ անյարգալից նման մօտեցման հանդուրժումը սաստկացնելու է  հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի աւելի քան 120.000 բնակչութեան կեանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատեանների վճիռները կոպտօրէն շրջանցելու աններելի նախադէպ, միաժամանակ խորը յուսախաբութիւն առաջացնելով միջազգային արդարադատութեան նկատմամբ:
 
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առաջնահերթութիւն ունենալով մարդկային կեանքերի փրկութիւնն ու անվտանգութիւնը, հետեւողականօրէն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրագործումը` անկախութիւն յանուն փրկութեան ու անվտանգութեան սկզբունքով:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն