Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

  • 02-06-2023 11:10:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Յունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմոյ Անդրադայի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ Հայաստան-արգենտինայ բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելեանի:
 
Հանդիպմանը ներկայ էին նաեւ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Մարիանոյ Վերգարան եւ Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Յովհաննէս Վիրաբեանը:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով երկու երկների յարաբերութիւններին, ընդգծեց, որ դրանք յատկանշուած են սերտ բարեկամութեամբ եւ Արգենտինան դժուարին իրավիճակներում, յատկապէս արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում մշտապէս զօրակից է եղել հայ ժողովրդին: Այս առնչութեամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ Արգենտինայի Սենատի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող եւ դադարեցնելու կոչ անող յայտարարութեանը:
 
Հանդիպմանը Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց տարածաշրջանում առկայ մարտահրաւէրներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգութիւններին, Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամին, մինչեւ օրս գերության մէջ պահուող հայորդիներին, ինչպէս նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր, մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրներին:  
 
Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց բարեկամ երկրների, խորհրդարանական եւ պետական գործիչների ու անհատների ջանքերն ուղղուած միջազգային ատեաններում արցախահայութեան ազատ եւ անկախ ապրելու արդար իրաւունքի պաշտպանութեանը` վստահութիւն յայտնելով, որ հայ ժողովուրդը քրիստոնէական հաւատքի եւ լաւատեսական ոգու շնորհիւ կը կարողանայ յաղթահարել առկայ դժուարութիւններն ու մարտահրաւէրները: 
 
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմոյ Անդրադան Նորին Սրբութեանը տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է նաեւ անմիջականօրէն ծանօթանալու Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակին` հաւաստիացնելով, որ իրենց լիազօրութիւնների շրջանակներում կը նպաստեն տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործընթացներին:
 
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Քոյր Եկեղեցիների եւ միջեկեղեցական կազմակերպութիւնների ներդրած ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման եւ առկայ մարտահրաւէրների յաղթահարման գործում:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն