Մայր Աթոռում տեղի ունեցաւ նորաստեղծ «Գաւիթ» հարթակի անդրանիկ քննարկումը


Մայր Աթոռում տեղի ունեցաւ նորաստեղծ «Գաւիթ» հարթակի անդրանիկ քննարկումը

  • 03-06-2023 10:31:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Յունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան»  Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի ունեցաւ նորաստեղծ «Գաւիթ» հարթակի անդրանիկ քննարկումը: 
 
Քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ եւ տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ:
 
Տէրունական աղօթքից յետոյ ներկաներին ողջունեց հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը: Սրբազան Հայրը, ներկայացնելով հարթակի ձեւաւորման նախընթաց պատմութիւնը, նպատակը եւ ձեւաչափը, մասնաւորաբար տեղեկացրեց, որ Նորին Սրբութեան նախաձեռնութեամբ տեւական ժամանակ քննարկումներ են ծաւալուել հարթակի ձեւաւորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերեալ, որի արդիւնքում հաստատուել է հարթակի աշխատանքների կազմակերպման յանձնախումբ եւ տրուել քննարկումների մեկնարկը: 
 
Այնուհետեւ համակարգող Սրբազանը հրաւիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առիթով իր պատգամը փոխանցելու մասնակիցներին: 
 
Հայրապետական իր օրհնութիւնն ու գնահատանքը բերելով հարթակի կազմակերպիչ յանձնախմբին եւ քննարկման մասնակիցներին` Նորին Սրբութիւնը նշեց, որ որպէս քննարկման առաջին նիւթ ընտրուել է  «Հայաստանը եւ Արցախը շրջադարձային խաչմէրուկում. մարտահրաւէրներ եւ յաղթահարման ուղիներ» թեման` նկատի առնելով հայրենական կեանքը փոթորկող գործընթացները, առկայ անվտանգային հիմնախնդիրներն ու Արցախի ժողովրդի դէմ սաստկացող գոյաբանական սպառնալիքները: «Լիայոյս ենք, որ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած բազմաբնոյթ մարտահրաւէրների շուրջ միասնական  խորհրդածութեամբ կը կարողանանք ձեւակերպել կառուցողական առաջարկներ, որոնք կարեւորութեամբ նկատի կ'առնուեն ինչպէս իշխանութիւնների, այնպէս եւ քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից եւ առիթ կը հանդիսանան` մեր ողջ ներուժով համախմբուելու ու դուրս բերելու երկիրը առկայ բարդ իրավիճակից: Ամէնքս գիտակցում ենք` միայն համազգային միաբանութեամբ կարող պիտի լինենք յաղթահարել ազգի առջեւ ծառացած ծանր ու դժուարին փորձութիւնը», - ասաց Վեհափառ Հայրապետը:  
 
Իր խօսքում Հայոց Հովուապետը նաեւ ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, որ դարէր շարունակ փայփայողն է եղել մեր ժողովրդի` անկախ պետականութեան վերահաստատման տեսլականի, այսօր էլ պիտի շարունակի իր ողջ կարողութիւնները, հայրենիքի ու սփիւռքի իր ողջ ներուժը ծառայեցնել յանուն հայոց պետականութեան զօրացման, Արցախի ժողովրդի արդար իրաւունքների պաշտպանութեան, ազգի անվտանգ կեանքի եւ լուսաւոր գալիքի կերտման: 
 
Թեմայի շրջանակներում «Թուրքական մարտահրաւէրներ եւ յաղթահարման ուղիներ» զեկոյցով հանդէս եկաւ արեւելագէտ, բ. գ. թ., պ. գ. դ., պրոֆէսոր Ռուբեն Մելքոնեանը: Զեկուցողը անդրադարձաւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին եւ այն նախապայմաններին, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռեւս 1990-ական թուականներին` նշելով, որ տարիների ընթացքում դրանք էլ աւելի սպառնալից են դարձել. «Այժմ թուրքական նախապայմանները հաւասարազօր են մարտահրաւէրների: Եւ այդ մարտահրաւէրներից իւրաքանչիւրը վերաբերում է մեր պետութեան, մեր ինքնութեան անկիւնաքարային խնդիրներին: Հետեւաբար հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ճանապարհին Թուրքիայի կողմից ներկայացուած նախապայմանների բաւարարումն էական հարուած կը հասցնի հայկական ինքնութեանը եւ պետականութեանը», - նշեց պրն. Մելքոնեանը` կարեւորելով Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումն առանց նախապայմանների: 
 
«Մարտահրաւէրներ արցախեան հարցի շուրջ եւ յաղթահարման ուղիներ»  թեմայով զեկոյց ներկայացրեց կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարեանը: Իր զեկոյցում պրն. Քոչարեանը, անդրադառնալով հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ դրանց յաղթահարմանը, ընդգծեց, որ պէտք է  ձերբազատուել «փրկիչներիէ փնտրտուքից. «Չկան փրկիչներ ո՛չ երկրի ներսում (անհատներ, կ'ուսակցութիւննէր, մարդկանց խմբեր), ո՛չ երկրից դուրս (ոչ մի պետութիւն մեր փոխարէն չի պայքարելու): Փրկիչը իւրաքանչիւրիս մէջ է, իսկ փրկութիւնը կը լինի ժողովրդի հաւաքական կամքի դրսեւորման արդիւնքում»,-նշեց պրն. Քոչարեանը:  
 
Զեկոյցների աւարտից յետոյ ծաւալուեցին քննարկումներ, եղան ելոյթներ Հայաստանում, Արցախում եւ տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ:
 
Առկայ մարտահրաւէրների յաղթահարման եւ հիմնախնդիրներին լուծումներ գտնելու պատրաստակամութեամբ յոյս յայտնուեց, որ հարթակի քննարկումները կը լինեն շարունակական:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն