Երեւանում աշխատանքը սկսեց Հայաստան-չինաստան գործարար համաժողովը


Երեւանում աշխատանքը սկսեց Հայաստան-չինաստան գործարար համաժողովը

  • 12-04-2011 14:20:42   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ողջունելով Երեւանում ապրիլի 12-ին բացուած Հայաստան-չինաստան գործարար համաժողովի մասնակիցներին, Հայաստանի վարչապետը համաժողովը գնահատեց որպէս «նշանակալի իրադարձութիւն», երկկողմ յարաբերութիւնների վերելքի ակնյայտ վկայութիւն։ Նա ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրուած է Չինաստանի հետ համագործակցութեամբ բոլոր ոլորտներում։ Վարչապետը գոհունակութիւն յայտնեց երկու երկրների միջեւ լեռնահանքային, ինչպէս նաեւ քիմիական արդիւնաբերութեան ոլորտում համագործակցութեան կապակցութեամբ։ Նա կարեւորեց նաեւ համագործակցութիւնը զբօսաշրջութեան, ենթակառուցուածքների, գիւղատնտեսութեան, բարձր տեխնոլոգիաների, գիտութեան եւ կրթութեան ոլորտներում։ Տ.Սարգսեանը յոյս յայտնեց, որ երեւանեան համաժողովը նոր ազդակ կը հաղորդի երկկողմ համագործակցութեանը յարաբերութիւնների ողջ սպեկտրում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանն իր հերթին նշեց, որ հայ-չինական յարաբերութիւնները բաւականաչափ դինամիկ էն զարգանում, եւ Չինաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներից մէկն է։ Քաղաքական յարաբերութիւնների մակարդակը բաւականաչափ բարձր է, ուստի երկու երկրների խնդիրն է տնտեսական համագործակցութեան մակարդակը նոյնպէս հասցնել քաղաքական համագործակցութեան մակարդակին։ Նա ընդգծեց, որ երկկողմ համագործակցութեան համար առկայ է միջազգային չափանիշներին ներդաշնակ իրաւապայմանագրային եւ օրէնսդրական դաշտ։ Չինաստանի կոմունիստական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի քաղբիւրոյի մշտական անդամ Լի Չանչունը նշեց, որ երկու երկրներն էլ յաղթահարում էն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները։ Մասնաւորապէս, Հայաստանում մշտապէս բարելաւուում է տնտեսական աճի ցուցանիշը, ներդրումային մթնոլորտը։ Նա ընդգծեց, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցութիւնը շահաւէտ է երկուստէք։ 2010թ. Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը աճել է 44,4 տոկոսով եւ կազմել 436,7 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանից Չինաստան արտահանումը անցած տարի կազմել է 30,9 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 405,8 մլն դոլար։
  -   Տնտեսութիւն