Եվրոդատարան ներկայացրած Հայաստանի քաղաքացիների դիմումների
մեծ մասը առնչւում է խաղաղ ցույցերի անցկացման իրաւունքին
25-12-2008 16:05:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի քաղաքացիների
կողմից Եվրոդատարան ներկայացուած դիմումների մեծամասնութիւնը
վերաբերում է խաղաղ ցույցերն ու այլ զանգվածային միջոցառումները
ապօրինի ցրելու եւ ցուցարարների իրաւունքները ոտնահարելու
դէպքերին: Այս մասին դեկտեմբերի 25-ի ասուլիսում յայտնեց
Եվրոդատարանում ՀՀ-ն ներկայացնող դատաւոր Ալվինա Գիւլումեանը:
Նրա խօսքերով, այդ դիմումները Եվրոդատարան են ուղարկուել
դեռեւս 2003-2004թթ.-ին` հետընտրական զարգացումների արդիւնքում:
Բաւարարուած դիմումներից մէկը «Աշուղյանն ընդդէմ ՀՀ-ի» հայցն է
եղել, որի քննարկման ժամանակ դատարանը գտել է, որ դրօշի ծայրով այլ
քաղաքացուն հրելը, ինչի մէջ մեղադրւում էր Աշուղեանը, բաւարար հիմք
չէ նրան վարչական կալանքի ենթարկելու համար: 2008թ.-ի ներքաղաքական
իրադարձութիւնների առնչութեամբ ստացուած դիմումների թիւն ու
կոնկրետ բովանդակութիւնը Ա.Գիւլումեանը դժուարացաւ յայտնել,
նշելով, որ դեռ վաղ է դրանց մասին խօսել:
Ա.Գիւլումեանը յաւելեց, որ «Ա1+» հեռուստաընկերութեան
դիմումը բաւարարելիս դատարանը գտել է, որ Հայաստանի պետական
մարմինները «Ա1+»-ի վերաբերեալ պատճառաբանուած որոշումներ չեն
կայացրել: Իսկ «Նոյեան տապան» հեռուստաընկերութեան դիմումի
կապակցութեամբ, ըստ դատաւորի, Եվրոդատարանը եկել է այն
եզրակացութեան, որ այդ ընկերութեան նկատմամբ խախտումը տեղի է
ունեցել նախքան Հայաստանի կողմից Եվրոխորհրդի առջեւ
պարտաւորութիւններ ստանձնելը:
Ա.Գիւլումեանը յայտնեց, որ մօտ 600 դիմում Եվրոդատարանը
ստացել է Ղարաբաղի ազատագրուած տարածքներից տարհանված
ադրբեջանցիներից, որոնք համարում են, որ հայերը ոտնահարել են իրենց
հիմնարար իրաւունքները: Դիմումներ կան նաեւ Արծվաշենից եւ Բաքուից
տարհանված հայերի կողմից, որոնց թիւը դատաւորը չնշեց: